HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ստեղծվել են ռեպրեսիվ գործիքներ»․ փորձագետները խնդրահարույց են համարում ռազմական դրության ժամանակ նախատեսվող սահմանափակումները

2022թ․ դեկտեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով և սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ, կայքերի հասանելիության արգելափակումներ և այլն։ Այս թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» նախաձեռնվել էր քննարկում, որի բանախոսները տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ու մեդիափորձագետ Արթուր Պապյանն էին։

Պապյանը կարծում է, որ այս նախագծերով փորձ է արվում լեգիտիմացնել 2020 և 2022 թվականների պատերազմական իրավիճակների ժամանակ արված սխալները և իրավական դաշտ ստեղծել, որպեսզի մարդիկ չշարունակեն հարցեր տալ, թե ինչ հիմքով արգելափակվեց այս կամ այն կայքը։

«Օրինակ՝ գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու են արգելափակվել կոնկրետ այդ կայքերը, այլ ոչ՝ մյուսները։ Օրինակ՝ ինչու արգելափակվեց «Տիկտոկը», այլ ոչ՝ «Տելեգրամը», որտեղով մի քանի անգամ ավելի շատ վնասակար տեղեկատվություն էր տարածվում։ Հաջորդ հարցը՝ ինչու էր արգելափակումը մասնակի կամ ինչ սկզբունքով էր դա արվում, որովհետև ինչ-որ օպերատորների մոտ դա արգելափակվում էր, մյուսների մոտ՝ ոչ։ Հանրային շահից է բխում, որպեսզի փորձագետները ունենան տեղեկատվություն, թե ինչպես է ԱԱԾ-ն դա քննարկել և որոշում կայացրել, որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակների դեպքում ավելի խելացի որոշումներ կայացվեն»,- նշեց Արթուր Պապյանը։

Պապյանը պատահական չի համարում, որ այս նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել դեկտեմբերի 22-ին և հանրային քննարկման վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 6-ը։ Այսինքն՝ ըստ Արթուր Պապյանի՝ նախագծերի հեղինակները ցանկացել են խուսափել լայն հանրային քննարկումից, և միտումնավոր ընտրել են տոնական օրերի ժամանակահատվածը։

Ռեպրեսիվ գործիքներ են ներդրվել, ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական արգելափակում

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի համար էլ հասկանալի չէ, թե որ գերատեսչությունն է այս նախագծի իրական նախաձեռնողը, քանի որ ըստ նրա՝ բովանդակային տեսանկյունից սա Արդարադատության նախարարության հարցը չէ։ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս նախագծով շատ ռեպրեսիվ գործիքներ են ներդրվել, ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական արգելափակում։

«Հայաստանում ոչ ոք չի փորձել դա անել, ու չգիտենք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Պատկերացրեք՝ այդ լիազորությունը տան ինչ-որ պաշտոնյայի կամ ինչ-որ հանձնաժողովի և նա որոշի, որ անջատելու է ինտերնետը։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային համակարգի հետ, քանի որ մենք լավ չենք պատկերացնում մեր երկրի ամբողջ ենթակառուցվածքները։ Մենք չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, այսինքն՝ չունենք ցանկ, թե որոնք են այդ ենթակառուցվածքները և ոնց դրանք պաշտպանել, բայց ստեղծում ենք հնարավորություն այդ ամեն ինչը միանգամից անջատելու։ Էլ չեմ ասում այն մասին, որ ստեղծվել է գործիք, որը հնարավորություն կտա լրատվամիջոցների ամբողջ տեխնիկական բազան մերկացնել՝ թողնելով միայն բլոկնոտներն ու գրիչները»,- ասաց Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես են կիրառվելու այդ արգելափակման մեխանիզմները, քանի որ չկա դրա համար սահմանված բովանդակային հիմքը, այսինքն՝ թե որ դեպքում են սահմանափակվելու, որ դեպքում չեն սահմանափակվելու և նմանատիպ այլ հարցեր։ Սամվել Մարտիրոսյանն այստեղ կամայական որոշումներ կայացնելու վտանգ է տեսնում։

Մյուս խնդիրը, որն առանձնացնում է Սամվել Մարտիրոսյանը, այն է, որ հանրությունը մեծ հաշվով դեմ չէ այս սահմանափակումներին, քանի որ պատերազմական իրավիճակում մարդիկ վատ փորձ են ունեցել՝ կապված վնասակար տեղեկատվության հրապարակման հետ, սակայն սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ և արվեն որոշակի ռազմավարության շրջանակում, որն այժմ չկա։ Տեղեկատվության անվտանգության մասնագետի խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ նախատեսվող սահմանափակումները կարող են կիրառվել միայն ի շահ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, այլ հակառակը՝ դա կարող է օգտագործվել տեղեկատվություն կոծկելու համար։ 

Սահմանափակումներն անհրաժեշտ են, սակայն մեխանիզմները հստակ չեն

Արթուր Պապյանը պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար անհրաժեշտ է համարում որոշակի սահմանափակումներ մտցնելու գործիքները, սակայն կոնկրետ այս նախագծով, ըստ Պապյանի՝ կարող են կայացվել հայեցողական որոշումներ։

«Չկա մեխանիզմ, թե ինչպես պետք է պաշտպանվի փաստաթղթավորումը, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի վերլուծել։ Կամ ենթադրենք՝ արգելափակվում է ինչ-որ լրատվամիջոց, որը դրա պատճառով սնանկանում է, հետո այդ լրատվամիջոցը հնարավորություն չի ունենալու դատի տալ կամ փորձել պահանջելու իր կորուստները։ Օրենքով նախատեսվում է, որ կարող են գալ իմ տանից իմ տպիչ սարքը տանել, հետո ես ինչպես եմ կարողանալու դրա հետքը գտնել։ Ստեղծվում է կամայականությունների մթնոլորտ, որն անթույլատրելի է, եթե մենք ցանկանում ենք իրավական պետություն ունենալ»,- նշեց Արթուր Պապյանը։

Մեդիափորձագետի կարծիքով՝ ապատեղեկատվությունը կանխելու հարցում պետք է համակարգված մոտեցում լինի։ Առաջինը՝ պետությունը պետք է գիտակցի ինչ տեղեկատվություն և ինչ միջոցներով է տարածում, և դա անի արագ, որպեսզի հանրությունը տեղեկատվության բացը լրացնելու համար հակառակորդի տելեգրամ-ալիքները չփորփրի։ Երկրորդը, ըստ Արթուր Պապյանի՝ պետությունը պետք է նպաստի հասարակության մեդիագրագիտության բարձրացմանը։ Եվ միայն երրորդը՝ կարող են լինել արգելափակումները, ֆիլտրացիան կամ հակառակորդի տարածած ինֆորմացիայի հակազդեցությունը փաստեր ստուգող կազմակերպությունների օգնությամբ։ Այդ նպատակով Պապյանն առաջարկում է, որ պետությունը հստակ աշխատի փաստեր ստուգողների հետ և փորձի հնարավորինս արագացված ընթացակարգով նրանց տեղեկատվություն տալ՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակներում տարածվող կեղծ ինֆորմացիայի քանակը։

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter