HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Սա խայտառակություն է քաղաքակիրթ աշխարհի համար». բողոքի ակցիա՝ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի առջև

Արցախցի կանայք այսօր՝ հունվարի 9-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի առջև։ Նրանք պահանջում էին, որ Կարմիր Խաչը գործադրի բոլոր հնարավորությունները ստեղծված իրավիճակը փոխելու համար։

«Կոչ ենք անում կազմակերպությանը գործի դնել բոլոր ջանքերը հումանիտար աղետը կանխելու համար։ Մենք ողջունում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մինչ այս կատարած բոլոր քայլերը, բայց սրանք բավարար չեն, քանի որ վիճակն օրեցօր վատանում է»,-կոմիտեի գրասենյակի առջև ասաց ցույցի մասնակիցներից Մարիամ Աբրահամյանը։

Ակցիայի մասնակիցները մայրեր էին եւ իրենց հետ բերել էին նաեւ երեխաներին։ Նրանք նշում էին, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի 120 000 բնակիչներին։ 

Տաթև Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ստեղծված իրավիճակն անթույլատրելի է։ «Սա խայտառակություն է քաղաքակիրթ աշխարհի համար, ընտանիքները կիսված են, արդեն մեկ ամիս է` շատ երեխաներ երազում են իրենց մայրերին, հայրերին ուղղակի գրկել, ուստի խնդրում ենք աշխահի բոլոր ծայրերում ապրող մայրերին, եթե աշխարհը լուռ է, գոնե մայրերն իրավունք չունեն լռելու, թակեք բոլոր դռները, կիսվեք բոլոր սոցիալական ցանցերում, դիմեք բոլոր լրատվամիջոցներին, խդրեք, որ բարձրաձայնեն այս հարցը, այո, մենք 120 000 ենք, բայց այսքան ենք մնացել, քանի որ մեզ անընդհատ փորձել են կոտորել ու բնաջնջել, եկեք թույլ չտանք, որ դա տեղի ունենա»,-նշեց Տաթև Խաչատրյանը, որը «Արցախի մայրիկների ակումբ» խմբի անդամ է։

Մարիամ Աբրահամյանը նշեց, որ հավաքի գաղափարը մի օրում չի ծագել։ Ըստ նրա՝ ամեն ինչ ավելի ծայրահեղ է, քան ներկայացվում է, ու եթե ճանապարհը օր առաջ չբացվի, շուտով նաև առաջին անհրաժեշտության սնունդ չի լինի։

«Բացի այդ, մենք մեծացնում ենք երեխաներ, որոնց համար պատասխանատու ենք, իրենք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները պետք է մեծանան խաղաղ երկնքի տակ, մենք պատասխանատու ենք, որպեզի նրանք լինեն առողջ թե ֆիզիկապես, թե հոգեպես, դա հնարավոր է ապահովել միայն խաղաղ ու ազատ երկրում ապրելով»,-մեզ հետ զրույցում նշեց Մարիամ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ  արդեն 29-րդ օրն է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 000 արցախցիներ շրջափակման մեջ են։

Լուսանկարները՝  Անուշ Շահրամանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter