HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Թող կրկնապատկվի ու եռապատկվի ամենայն գեղեցիկը». Սերգեյ Փարաջանով

«Ես կարծում եմ` ռեժիսոր ծնվում են, դա այն մանկական ավանտյուրան է, երբ փոքրուց  շրջապատիդ ղեկավարում ես և ստեղծում միստերիա, պլաստիկա, հուզում ես քո արտիստիզմով շրջապատին, վախեցնում ես գիշերով մայրիկին, տատիկին, կերպարանափոխվում դառնում ես մե՛կ Չառլիի մորաքույր, մե՛կ Անդերսոնի հեքիաթներից որևէ մեկը, հանում ես սունդուկից փետուրներ, դառնում աքլոր կամ հրեղեն թռչուն։Այդ ամենը ինձ ուղեկցում է մանկուց։ Ռեժիսուրա չես սովորի նույնիսկ այնպիսի հանճարեղ վայրում, ինչպիսին է ՎԳԻԿ-ը (Всероссийский государственный институт кинематографии)»․ Սերգեյ Փարաջանով

Փարաջանովի ժամանակակից լավագույն ռեժիսորները նրան կոչում էին «Մաեստրո», դա իր համար ամենաբարձր կոչումն էր․ պետական պարգևներ չէր սիրում, համարում էր «պարտքով նվերներ», որը պետք է մարել ողջ կյանքի ընթացքում։

1982 թ․-ին, երբ խորհրդային շրջանում մեծ հետք թողած ժամանակակից ռեժիսորների մասին գիրք էին պատրաստվում հրապարակել Իտալիայում, այդ ժամանակ այնտեղ գտնվող մեծանուն ռեժիսոր Անդրեյ Տարկովսկուց հարցնում են, թե ում կուզեր տեսնել գրքում։ Տարկովսկին պատասխանում է․ «Գրեք Փարաջանովի մասին և միայն իր մասին»։

Փարաջանովի և Տարկովսկու թե՛ խառնվածքի, թե՛ ստեղծագործական ոճերի մեծ տարբերության հետ մեկտեղ նրանք հարազատ էին արվեստի նկատմամբ ընդհանուր մոտեցումներում։ Փարաջանովը, չնայած տարիքային տարբերությանը (նա 8 տարով մեծ էր), Տարկովսկուն համարում էր իր ուսուցիչը և իր կիևյան տանը չէր ընդունում նրանց, ովքեր չէին դիտել Տարկովսկու «Իվանի մանկությունը» ֆիլմը։ Իր վերաբերմունքը Տարկովսկու նկատմամբ նա արտահայտել է նաև կոլաժներից մեկում՝ արված 1982թ․-ին Թիֆլիսի իր տանը, թեյի սեղանի շուրջ իրենց լուսանկարից (լուս.՝ Յուրի Մեչինովի)։ Կոլաժը Փարաջանովն արել է 1987թ․-ին՝ Տարկովսկու մահից մեկ տարի անց։

Երկու ռեժիսորներն էլ մահացել են թոքի քաղցկեղից, 4 տարի տարբերությամբ։ Երբ բուժման համար Փարաջանովին տարել էին Ֆրանսիա, այն նույն կլինիկան, որտեղ մահացել էր Տարկովսկին, նա ասել էր․ «Տարկովսկուն չփրկեցին, ինձ էլ չեն փրկի»։Սերգեյ Փարաջոնովը մահացավ 1990թ․ հուլիսի 21 -ին, 66 տարեկան հասակում։ Մաեստրոն կյանքի ընթացքում սիրում էր կրկնել իր հորինած աղոթքը․ «Թող կրկնապատկվի ու եռապատկվի ամենայն գեղեցիկը»։  

Այսօր՝ հունվարի 9-ին Փարաջանովի ծննդյան օրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter