
Ի.Զառաֆյանը՝ հանքարդյունաբերության հետևանքների մասին. «Մենք կորցնում ենք մեր երեխաներին»
«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ նորաստեղծ կառավարությունից և խորհրդարանից պահանջելու են ուշադրության կենտրոնում պահել առողջապահական այն խնդիրները, որոնք առաջանում են հանքարդյունաբերության հետևանքով:
Նրա խոսքերով՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով: Իսկ պետպատվերները կատարվում են սահմանափակ թվով, և դրանց մեջ չեն մտնում այն հիվանդությունները, որոնք առկա են էկոլոգիական թեժ կետերում: Բացի դրանից՝ վատ պայմաններում են այդ շրջանների հիվանդանոցները, չկան համապատասխան մասնագետներ: Մարդիկ կամ չեն դիմում տեղի բժիշկներին, կամ արդեն ծանր վիճակում գալիս են մայրաքաղաք:
Ի. Զառաֆյանի խոսքերով՝ ի պատասխան մարդկանց բողոքների՝ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է: Այնինչ հանքավայրերի շրջաններում առաջացող հիվանդությունները չեն ուսումնասիրվել, և չկա իրավիճակի հստակ պատկերը: Երեխաների մազերի մեջ հայտնաբերվել են սնդիկ ու մկնդեղ, սակայն պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Բնապահպանը նշեց, որ Գեղանուշում երեխաների ատամները պարզապես սև են: Սակայն չպետք է հասնել այն վիճակին, որ սերունդը կործանվի, հետո նոր քայլեր ձեռնարկվեն: Մի քանի տարի անց արդեն ուշ կլինի:
Ի. Զառաֆյանի խոսքերով՝ իրենք երկու անգամ դիմել են առողջապահության նախարարություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի տեղի իրավիճակը: Սակայն նախարարությունը տեղեկացնում է, թե Կապանում ու Քաջարանում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Երևանում: Բնապահպանը նշեց, որ իրենք վերցրել և համեմատել են 0-14 տարեկան երեխաների խմբում 1998 և 2008 թթ. ցուցանիշները՝ հիվանդություններ, որոնք էկոլոգիական ազդեցության հետևանք են, և տրավմաներ: Պարզվել է, որ տրավմաների թիվը գրեթե չի փոխվել, իսկ հիվանդությունները 15-20%-ով աճել են:
«Դա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր երեխաներին: Պետք է ամբողջությամբ փոխել մեր քաղաքականությունը, որպեսզի չկորցնենք մեր երեխաներին ու մեր երկիրը»,- հայտարարեց բնապահպանը:
Վերջերս հանրությանը ներկայացվել էր լրագրող Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը, որը պատմում է հանքարդյունաբերության հետևանքով առաջացած առողջական խնդիրների և հիվանդությունների մասին: Այնուհետև նորաստեղծ «Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ-ն խիստ քննադատել էր ֆիլմը՝ համարելով այն հերյուրանք: Ի. Զառաֆյանը համարում է, որ «Թեղուտի հանքի պաշտպանները» արհեստականորեն ու պատվերով ստեղծված կազմակերպություն է: Եվ եթե այդ կազմակերպությունն ու դրա աջակիցներն իսկապես ակտիվ են, թող ցույց տան իրենց գործունեության արդյունքները:
Մեկնաբանել