HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

ՏԿԵՆ-ի թերացման պատճառով Մարտունու 11 բնակավայրեր սպասարկող երթուղին հունվարի 3-ից չի գործում

Տաթևիկ Մկրտչյանն աշխատում է Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջում, որը գտնվում է Մարտունիում։ Հունվարի 3-ից նա, ամեն օր 2000 դրամ վճարելով, տաքսիով Զոլաքար գյուղից հասնում է աշխատանքի և վերադառնում։ Սակայն Տաթևիկ Մկրտչյանը միակը չէ, մարզի գյուղերից Մարտունի քաղաք աշխատանքի հասնող բնակիչները, ստիպված են տաքսիներով երթևեկել, քանի որ հանրային տրանսպորտը չի գործում։

Մարտունու համայնքային տրանսպորտը սպասարկում է 11 բնակավայր, ներառյալ Մարտունի քաղաքը։ Այս տարվա  հունվարի 3-ից այն չի գործում։ Բնակիչներին պատշաճ ծանուցում չի իրականացվել, որ համայնքային տրանսպորտը չի գործելու։ 

 Միայն ես չեմ, ինձ պես շատ շատերը, որոնք աշխատում են բժշկական կենտրոնում, գազի գրասենյակում, դպրոցում, մանկապարտեզում, ստիպված ավել գումար են վճարում, բայց դա ո՞վ է փոխհատուցելու։ Թոշակառուն, որ պետք է իր թոշակը ստանա Մարտունուց՝ քարտային տարբերակով, ո՞նց կարող է իրեն թույլ տալ 2000 դրամ, կամ ավել վճարել, գնալ հասնել իր գումարը ստանալ»,- ասում է քոլեջի դասախոս Տաթևիկ Մկրտչյանը։

Մարտունու համայնքապետարանի աշխատակից Հայկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ խնդրի մասին համայնքապետարանը տեղակ է, բայց լուծումը իրենց իրավասությունների շրջանակից դուրս է, քանի-որ «Մարտունի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ն՝ ուղղությունը սպասրկող ընկերությունը, մասնավոր է։

Բացի այդ ըստ համայնքապետարանի աշխատակցի՝ ուղևորների մեծ մասն ուսանողներ են և ուղևորափոխադրումները կվերականգնվեն, երբ ուսանողների դասերը վերսկսվեն, հիմա ուղևորները քիչ են։ 

«Հետքը» դիմել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), որտեղից մեզ հայտնեցին, որ խնդիրը տեխնիկական է և հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է լուծվի։ Ամենայն հավանականությամբ վաղը՝ հունվարի 12-ին, երթուղու բնականոն աշխատանքը կվերականգնվի։

Խոսել ենք նաև «Մարտունի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տնօրեն Վահե Մախսուդյանի հետ։ Վերջինս նշեց, որ թերացումը ՏԿԵՆ-ինն է, նա ինչպես ամեն տարի, այս տարի էլ դեկտեմբերի վերջին դիմել է նախարարություն, բայց գերատեսչությունը չի երկարաձգել երթուղին շահագործելու պայմանագիրը։

Խորհրդային Միության փլուզումից հետո ուղղությունը սպասարկել է Վահե Մախսուդյանի ղեկավարած «Մարտունի ԲՈՒԱՏ» ԲԲ ընկերությունը։ Մինչև 2018 թվականը այն գտնվում էր մարզպետարանի վերահսկողության տակ։ 2018-ից անցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

«Երբ մեզ վերահսկող մարմինը մարզպետարանն էր, ամեն ինչ շատ ավելի հեշտ էր, ոչ մի ուշացում չէր լինում, 2018-ից անցավ տարածքայինին, հիմա 6 ամիսը մեկ՝ հունիսին և դեկտեմբերին, գալիս եմ նախարարություն, որ դիմում գրեմ, երկարացնեն պայմանագիրը։ Հո ապօրինի չե՞նք կարող սպասարկել։ Ես դեկտեմբերին եմ դիմում ներկայացրել, բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել»,- ասում է Վահե Մախսուդյանը։ 

Երթուղին սպասարկող ընկերության տնօրենը դիմել է նաև մարզպետարան՝ կարծելով, որ գործընթացը արագացնելու համար մարզպետարանի միջնորդությունը կօգնի։ Մախսուդյանի խոսքով՝ եթե ՏԿԵՆ-ը պատասխանի դիմումին ու շահագործման իրավունքը երկարաձգի, երթուղու սպասարկումը անիջապես կվերականգնվի։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից / Մարտունի քաղաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter