HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սննդամթերքը մեկ տարում 10%-ով թանկացել է. գնաճով «առաջատար» ապրանքները

Հայաստանում 2022թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 8.3% գնաճ է գրանցվել։ Իսկ հունվար-դեկտեմբերի հաշվարկներով, նախորդ տարվա համեմատ, երկրում 8.6% գնաճ է գրանցվել։

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), ամենաշատը թանկացել է սննդամթերքը։ 

Այսպես, 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սնունդն ու խմիչքը թանկացել են միջինը 10%-ով։ Երկնիշ տեմպով թանկանում են հացաբուլկեղենը, կաթնամթերքը, միսը, մրգերը և այլ ապրանքներ։

Վիճակագրական կոմիտեն առանձնացրել է սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի ապրանքախմբեր, որոնք էական ազդեցություն են թողնում գնաճի վրա։ Ապրանքներից և ոչ մեկի գծով գնանկում չկա։  

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների հայկական շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ: Նույն ընթացքում ծառայությունների սակագներն ավելացել են 7.2%-ով: 

Երկրում գրանցվող գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդամթերքի թանկացումը, քանի որ այն սպառողական զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում: Աղքատության մասին Վիճկոմիտեի պատրաստած զեկույցում կարդում ենք, որ  2021 թվականի տվյալներով՝ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքն իր ամսական ծախսերի 47.1%-ն ուղղում է սննդին: 

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նկատում է, որ գնաճն ակնհայտորեն բացասաբար է ազդել քաղաքացիների գրպանի վրա։ «Եթե 2022 թվականին տարվա կտրվածքով գնաճը կազմել է 8.6%, ապա մանրածախ առևտուրը, վերջին տվյալներով՝ 11 ամիսներին աճել է ընդամենը 2.4%-ով։ Դա նշանակում է, որ քաղաքացիները սկսել են ավելի քիչ ծախսել»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ դեռևս չկան հրապարակված բավարար տվյալներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է գնաճն ազդել աղքատության մակարդակի վրա։ 

Հրանտ Միքայելյանն ասում է, որ վերջին երկու տարիներին գրանցվող անդադար բարձր գնաճի պայմաններում քաղաքացիներն աստիճանաբար պատրաստվել են այդ գնաճին և սովորել են իրենց ծախսերը ճիշտ դասակարգել։ 

Նրանք, ում եկամուտներն աճել են, գուցե կարողացել են հաղթահարել գնաճը, իսկ նրանք, ում եկամուտների աճը գնաճից ցածր է եղել կամ, որ ավելի վատ է, նվազել են, կենսամակարդակի վատթարացում են ունեցել։ 

Կենտրոնական բանկին չի հաջողվում ճնշել գնաճը 

Գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի գործառույթն է: Կենտրոնական բանկի կայքում նշվում է, որ գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ՝ գների դանդաղ և կայուն աճ: Ավելին՝ ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: 

Սակայն, Հայաստանում արդեն երկու տարի է՝ գնաճը երկնիշ կամ երկնիշին մոտ տեմպ ունի: Առանձին ապրանքատեսակներ թանկանում են նույնիսկ, անգամներով: 

12-ամսյա գնաճի (տվյալ ամիսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ) 2022 թվականի ընթացքում ամենացածր մակարդակը գրանցվել է փետրվարին՝ 6.5%, իսկ ամենաբարձրը հունիսին՝ 10.3%: 

Թե ինչու Կենտրոնական բանկը չի կարողանում գնաճը վերադարձնել նպատակային թիրախին, տարբեր պատասխաններ են տրվում: 

«Արտաքին գնաճային գործոնները շարունակում են ներթափանցել Հայաստանի տնտեսություն։ Դրան էլ գումարվում է Հայաստանում հատկապես ծառայությունների ոլորտում առաջացած բարձր պահանջարկը, որը կրկին գնաճի տեմպերի ավելացման հիմք է հանդիսանում»,- այս մասին մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: 

Արտաքին գնաճային ճնշումներ ասելով՝ նկատի է առնվում համաշխարհային շուկայում գրանցվող գնաճը, որի հետևանքով ապրանքները Հայաստան են ներմուծվում արդեն թանկացած:

Իսկ ներքին գործոններից՝ ծառայությունների ոլորտում բարձր պահանջարկն ու գնաճային ազդեցությունները առաջացել են հիմնականում Հայաստան մեծ թվով ռուսաստանցիների գալուց հետո։ Օրինակ՝ բանկային համակարգն այս տարի ռեկորդային եկամուտներ ու շահույթ է գրանցում։

2022 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը վեց անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս է բանկերին։ Դրա բարձրացումը շղթայական ազդեցությամբ կարող է զսպել գնաճը. քաղաքացիները կարող են քիչ վարկ վերցնել, քիչ ծախսել ու չնպաստել գնաճի բարձրացմանը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այժմ 10.75% է, մինչդեռ 2022-ի սկզբին 7.75% է եղել: Սակայն, գնաճը, միևնույն է, մնացել է բարձր մակարդակում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter