HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մանկական մահերի ամենաբարձր ցուցանիշը Սյունիքում է. 5 տարում երեխաների մահերը 1,3 անգամ նվազել են

Վերջին 5 տարիներին մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը 1,3 անգամ նվազել են։

2021թ. վերջին տվյալներով՝ մանկական մահերի ամենաբարձր գործակիցը Սյունիքում է, ապա՝ Լոռիում և Արարատում, ամենացածրը՝ Երևանում. մահացողների 60%-ը տղա երեխաներ են։ Մահերի ամենատարածված պատճառները 3-ն են՝ ծնվելուց անմիջապես հետո առաջացած բարդությունները, բնածին արատներն ու շնչառական հիվանդությունները։

Բնական աճի դրական դինամիկան ամենաբարձրը Գեղարքունիքում է, Արմավիրում և Արարատում. Երևանը բնական աճի ցուցանիշով 4-րդն է։

2022թ. դեկտեմբերին Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մանկական մահերի նվազումը «անվճար իրականացվող նորածնային սքրինինգային ծրագրերի արդյունքն է»։

Մանկական մահացության ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել վերջին տարիներին, քա՞նի անվճար ծրագիր է իրականացնում պետությունը և ի՞նչ նոր ծրագիր է նախատեսում իրականացնել այս տարի։

 

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն` 2021թ.-ին Հայաստանում բնակչության բնական աճի, այսինքն՝ ծնունդների և մահերի հարաբերակցությամբ դրական դինամիկա՝ ծնունդների առավելություն կա Գեղարքունիքի մարզում ( 2.3` 1000 բնակչի հաշվով), որին հաջորդում է Արմավիրը (1.8), Արարատը (1.7), ապա նոր Երևանն է (1.6)։

Բնական աճը նվազել է Լոռու (-3,1), Տավուշի (-2.7) և Շիրակի (-1.2) մարզերում։

2005-2021թթ. մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը գրեթե 2 անգամ կրճատվել են՝ 460-ից հասնելով 253-ի։

2005թ.-ին մահերի ընդհանուր թվերի մեջ նորածինների մահացությունը կազմել է մոտ 2%, հետագա տարիներին այդ թիվը գնալով նվազել է. 2018-2021թթ. մինչև 1 տարեկան երեխաների մահերը ընդհանուր մահացածերի մեջ կազմել են 0,7-1%։

 2020թ․ Հայաստանում ծնվել է գրեթե այնքան մարդ, որքան մահացել է։

2021թ.-ին 0-4 տարեկան երեխաների մահերի մեջ գերակշռում են տղա երեխաների մահվան դեպքերը։ Մասնավորապես, 2021թ․ արձանագրվել է 296 մահվան դեպք, որից 68,5%-ը՝ տղա, 31,5%-ը՝ աղջիկ։

Մանկական մահերի 85%-ը մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերն են. 0-1 տարեկան երեխաների դեպքում նույնպես մահերի 60%-ը բաժին է հասնում տղաներին։

Թեև մարզերում մինչև 1 տարեկան երեխաներ ամենաշատը մահացել են Արարատի մարզում՝ 28 երեխա, որից 17-ը՝ աղջիկ, 11-ը՝ տղա, Կոտայքում (25 դեպք) և Լոռիում (24 դեպք), սակայն մինչև 1 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածների հաշվով) ամենաբարձրը Սյունիքում է՝ 14.3, Սյունիքին հաջորդում է Լոռին (9,3), ապա՝ Արարատը (9)։ Կենդանի ծնվածների հաշվով՝ երեխաների մահացության ամենաքիչ դեպքերը Երևանում են (4.7). 2021թ.-ին Երևանում գրանցվել է 67 նորածնի մահվան դեպք, որի 64%-ը (կամ 43-ը)՝ տղա։

10-ը մարզից 6-ում նույնպես գերակշռում են տղա երեխաների մահվան դեպքերը։ Միայն Արարատի, Արմավիրի, Շիրակի և Վայոց Ձորի մարզում է, որ ավելի շատ մահանում են աղջիկ երեխաները։ 

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

Մանկական մահացություն. 2022
Infogram

Թե’ աղջիկ, թե’ տղա երեխաների շրջանում մահվան ամենատարածված պատճառները 3-ն են. դրանց բաժին է հասնում մինչև 4 տարեկան երեխաների մահերի մոտ 90%-ը․

  • պերինատալ (նոր ծնված) շրջանում առաջացող առանձին վիճակներ,
  • բնածին շեղումներ (զարգացման արատներ), դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարում,
  • շնչառական օրգանների հիվանդություններ

«0-1 տարեկան երեխաների համար վտանգի նշաններն են՝ եթե երեխան երկու հաջորդական կերակրումից հրաժարվում է, եթե արտասովոր քնկոտ է, ճիշտ է, թեև նորածինները շատ են քնում, բայց ուտելու համար պետք է արթնանան, օրվա ընթացքում ունենան որոշակի ակտիվ ժամեր։

Եթե երեխան արտասովոր քնկոտ է, ծնողը նկատում է թուլություն, դա նույնպես վտանգի նշան է. պետք է դիմել մանկաբույժի։ Եվ մյուս խնդիրը, երբ երեխայի մոտ կա 37,4-ից բարձր ջերմություն։ Սովորաբար ծնողը, երբ չափում է ջերմությունն ու տեսնում 37,2, իրեն թվում է, թե երեխան հիվանդ է, ու անհապաղ դիմում է բժշկին (խոսքը նորածինների մասին է, հեղ.)։ Այդ ժամանակ պետք է երեխային բացել, հագուստը թեթևացնել, եթե ջերմությունը թևատակից են չափում, թևատակը չորացնել, նորից փորձել չափել, կամ չափել ջերմությունը հանգիստ ժամանակ, որովհետև ցանկացած ֆիզիկական ակտիվության դեպքում, լինի՝ կուրծք ուտելը կամ լացը, նորածինների ջերմաստիճանը սովորականից ավելի բարձր է լինում։

Եվ եթե օրվա ընթացքում լինի այնպիսի ժամ, որ իր ջերմությունը ցածր է, անգամ եթե ցածր էլ չլինի, ապա մինչև 37,4 ջերմությունը նորածնի պարագայում ջերմություն չի համարվում, հատկապես, եթե երեխան ակտիվ է, աշխույժ է և չի հրաժարվում ուտելուց»։

Մանկաբույժ Գոհար Քյարունց

6+1 սքրինինգային ծրագիր ժառանգական, բնածին հիվանդությունների ախտորոշման համար

2005-2019թթ.-ից Հայաստանում իրականացվում է նորածնային սքրինինգային հետազոտության 6 ծրագիր՝ բնածին, ժառանգական հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կամ ախտաբանական վիճակը շտկելու համար։

Դրանք են՝ 

  • 2005թ․ բնածին հիպոթիրեոզի սքրինինգ
  • 2007թ․ ֆենիլկետոնուրիայի սքրինինգ
  • 2007թ․ լսողության սքրինինգ
  • 2010թ․ անհասության ռետինոպաթիայի սքրինինգ
  • 2016թ․ սրտի կրիտիկական բնածին արատների սքրինինգ
  • 2019թ․ կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարվանից՝ «2023թ․ ներդրվելու է նաև ադրենոգենտիալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիր»։

«Այս հիվանդությունները ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելը կարող է հանգեցնել երեխայի հաշմանդամության, երբեմն նաև՝ մահվան»,- նշում է Առողջապահության նախարարությունը։ 


Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter