HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կրծքի կաթը չի կարող «չհերիքել» կամ «չկշտացնել», բարուրելը վնաս է, վիդեո նայելով ուտելն ազդում է ուղեղի վրա. հարցեր մանկաբույժին

Նորածնի սխալ սնուցումից են սկսվում առողջական մնացած խնդիրները։ Կրծքի կաթը չի կարող «չհերիքել», լինել ջրիկ կամ չկշտացնել, իսկ դրա վաղ ընդհատումը կարող է բերել հոգեբանական խնդիրների։ Մինչև եր՞բ երեխային կերակրել կրծքի կաթով, և ինչպե՞ս է այն ազդում երեխայի իմունիտետի վրա։

«Սամիթաջուրը» չի կանխում կոլիկաների զարգացումը, բարուրելը բերում է կոնքազդրային հոդի վնասման։ Ինչու՞ է քայլակների (ходунок) վաճառքն արգելված մի շարք զարգացած երկրներում։ Ո՞ր տարիքում ու ե՞րբ է կարելի երեխային ծծակ տալ։

Ինչո՞վ է վնաս կովի կաթը և ի՞նչ կապ ունի այն երկաթդեֆիցիտային անեմիայի առաջացման հետ։

Ճի՞շտ է արդյոք մոտենալ լացող երեխային, ո՞ր դեպքում և ինչպե՞ս ճիշտ օրորել ներգանգային ճնշում չառաջացնելու համար։

Եր՞բ տալ ջերմիջեցնողներ, որո՞նք ընտրել ու ինչպե՞ս դոզավորել։ Ո՞ր դեպքում է կարելի սպասել մինչև 40 աստիճան։ Ինչու՞ է կարևոր ջերմող երեխային շատ հեղուկ տալն, ու ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել ջրի պակասը։

Թոքաբորբի, ճիճու ունենալու նախանշանները։ Ինչո՞ւ չի կարելի երեխային սպիրտով շփումներ անել, քացախով գուլպաներ հագցնել, դեղեր փշրել, ամպուլաներ խմացնել։ Ո՞ր անտիսեպտիկներն են կիրառելի երեխաների դեպքում։

Մանկապարտեզ և նոր հիվանդություններ. կա՞ արդյոք պրոֆիլակտիկ վիտամինների, իմունիտետը բարձրացնող դեղերի կարիք։ Ինչու՞ էին նախկինում երեխաները քիչ հիվանդանում։

Ընտանի կենդանիներ. պահե՞լ, թե՞ ոչ, կարո՞ղ են կենդանիները ալերգիա առաջացնել, ո՞ր կենդանիներին նախապատվություն տալ։

Գաջեթների կիրառման ճիշտ ժամանակը՝ ըստ տարիքի, ազդու՞մ են դրանք տեսողության վրա, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութեր նայելով հաց ուտելը։

Մաքուր օդի օրական չափաբաժինն ու արևապաշտպան քսուքները։ Ճի՞շտ է արդյոք երեխային տաք հագցնելը։ Ինչպե՞ս ընտրել անվտանգ խաղալիք։

Ո՞նց հասկանալ, որ երեխան ունի հոգեբանի կարիք։ Հիպերակտիվ լինելը առանձնահատկությու՞ն է, թե՞ խնդիր։ Ինչպե՞ս ընտրել լավ մանկաբույժ։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին  #Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք Դավիդյանց պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

 

 

Մի քանի պարզ հարց մանկաբույժին

  • Ե՞րբ դիմել մանկաբույժի
  • Պրոֆիլակտիկ ստուգումների կարիք կա՞ և ի՞նչ հաճախականությամբ
  • Ոլորտի միֆերն ու կարծրատիպերը
  • Ի՞նչ խնդիրներով են ամենաշատը դիմում

Ե՞րբ դիմել մանկաբույժի

Երբ երեխան ծննդատնից վերադառնում է տուն, առաջին 3 օրվա ընթացքում մանկաբույժը պարտադիր պետք է զննի երեխային՝ տեսնելու՝ երեխան ունի՞ պաթոլոգիա, թե՞ ոչ, կամ, սովորական խորհրդատվության համար, որպեսզի կատարվի առաջին բուժզննումը, տրվեն համապատասխան խորհուրդներ խնամքի վերաբերյալ։

Դրանից հետո, կան մանկաբույժին դիմելու հիմնական պլանային հետազոտություններ՝ ամսական այցեր՝ երեխայի քաշը, հասակը, այսինքն՝ աճը, ֆիզիկական զարգացումը, նյարդային համակարգի զարգացումը, ռեֆլեքսները գնահատելու նպատակով։

Կան նաև պրոֆիլակտիկ այցեր` պատվաստումների հետ կապված. երեխան այցելում է մանկաբույժին՝ ստանալու ազգային օրացույցի իր պատվաստումները։

Մյուս կարևոր հարցն արդեն, երբ դիմում են մանկաբույժի, հիվանդություններն են։ Ե՞րբ անհանգստանա ծնողն ու երբ դիմի մանկաբույժին՝ եթե 0-1 տարեկան երեխա է, այդ դեպքում ռիսկերն ավելի բաձր են, և ավելի շատ են բարդությունների զարգացման հավանականությունները։

0-1 տարեկան երեխաների համար վտանգի նշաններն են՝ եթե երեխան երկու հաջորդական կերակրումից հրաժարվում է, եթե արտասովոր քնկոտ է, ճիշտ է, թեև նորածինները շատ են քնում, բայց ուտելու համար պետք է արթնանան, օրվա ընթացքում ունենան որոշակի ակտիվ ժամեր։ Եթե երեխան արտասովոր քնկոտ է, ծնողը նկատում է թույլություն, դա նույնպես վտանգի նշան է. պետք է դիմել մանկաբույժի։ Եվ մյուս խնդիրը, երբ երեխայի մոտ կա 37,4-ից բարձր ջերմություն։

Սովորաբար ծնողը, երբ չափում է ջերմությունն ու տեսնում 37,2, իրեն թվում է, թե երեխան հիվանդ է, ու անհապաղ դիմում է բժշկին (խոսքը նորածինների մասին է, հեղ.)։ Այդ ժամանակ պետք է երեխային բացել, հագուստը թեթևացնել, եթե ջերմությունը թևատակից են չափում, թևատակը չորացնել, նորից փորձել չափել, կամ չափել ջերմությունը հանգիստ ժամանակ, որովհետև ցանկացած ֆիզիկական ակտիվության դեպքում, լինի՝ կուրծք ուտելը կամ լացը, նորածինների ջերմաստիճանը սովորականից ավելի բարձր է լինում։ Եվ եթե օրվա ընթացքում լինի այնպիսի ժամ, որ իր ջերմությունը ցածր է, անգամ եթե ցածր էլ չլինի, ապա մինչև 37,4 ջերմությունը նորածնի պարագայում ջերմություն չի համարվում, հատկապես, եթե երեխան ակտիվ է, աշխույժ է և չի հրաժարվում ուտելուց։

Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում, պետք է դիմել մանկաբույժի, եթե երեխայի մոտ 3 օրից ավելի ջերմություն և որոշակի անհանգստացնող խնդիր կա։

Այսինքն՝ պրոֆիլակտիկ ստուգումների կարիք երեխաների դեպքում կա՞։ Ի՞նչ հաճախականությամբ

Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել, և որպեսզի ժամանակին տրվեն ճիշտ խորհուրդներ, ծնողը տեղյակ լինի՝ որ պարագայում անհանգստանա, երբ դիմի բժշկին, ինչով սկսի երեխայի բուժումը։ Դրա համար են կարևոր պրոֆիլակտիկ այցերը։

Առաջին տարվա համար պրոֆիլակտիկ այցերն ավելի հաճախ են՝ մեկ ամսականում, 45 օրականում, 3 ամսականում, 4,5, 6 ամսականում, 9 ամսականում և 1 տարեկանում։ Դրանից հետո՝ կյանքի 2-րդ տարում, երեխան ունի այցեր 1 տարեկան 3 ամսականում, 1,5 տարեկանում, հաջորդը՝ 2 տարեկանում։

2 տարեկանից սկսած՝ երեխան ունի տարեկան մեկ պրոֆիլակտիկ այց բուժհաստատություն։ Պրոֆիլակտիկ այցերի ժամանակ, սովորաբար, մենք նույնպես գնահատում ենք երեխայի պսիխոէմոցիոնալ զարգացումը։ Այսինքն՝ գոյություն ունի հատուկ քարտ, որտեղ տարբեր ոլորտների վերաբերյալ զարգացման հարցեր կան, օրինակ՝ մեծ շարժողական, նուրբ, փոքր շարժողական, սոցիալական, լեզվական ոլորտի, և մենք, այդ հարցաշարերը լրացնելով, դիմելով ծնողին, համապատասխան հարցերը տալով, կարողանում ենք գնահատել երեխայի գլոբալ զարգացումը, և եթե տեսնում ենք, որ որևէ ոլորտում կա թերացում, արդեն համապատասխան նեղ մասնագետի մոտ ենք ուղղորդում։

Օրինակ՝ մեկ ամսական երեխան երբ գալիս է, մենք հարցնում ենք՝ արդյոք նկատում եք տեսողական շփումը, արդյոք երեխան շարժում է ձեռքերն ու ոտքերը, կան որոշակի հարցեր, որոնց միջոցով մենք գնահատում ենք երեխայի զարգացումն ու տարբեր ոլորտներն ենք գնահատում։

Կան որոշակի պարտադիր սկրինինգային հետազոտություններ, որոնց մի մասն արվում է ծննդատանը։ Օրինակ, ծնողները գիտեն, որ կրունկից անալիզ են վերցնում, արվում է ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի թեստը, ինչպես նաև՝ արվում է կոնքազդրային հոդի սկրինինգ, թթվածնի քանակն են որոշում և այլն։

9 ամսականում պոլիկլինիկայում պարտադիր ստուգում են հեմոգլոբինը՝ վաղ անեմիաները հայտնաբերելու նպատակով։ Դրանից հետո մենք ունենք սկրինինգային հետազոտություններ, օրինակ՝ աղջիկ երեխաների համար 15 տարեկանում (± 2տարի), կատարում ենք փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն՝ հաշվի առնելով, որ չբերության տոկոսը հիմա շատ բարձր է, կարևոր է՝ ժամանակին խնդիրները հայտնաբերել և կանխարգելել։

Դպրոցահասակ երեխաները նույնպես անցնում են ամենամյա ստուգումներ ֆիզկուլտուրայի խումբը որոշելու համար՝ հասկանալու՝ երեխան որ տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից պետք է օգտվի։ 

Ոլորտի տարածված միֆերն ու կարծրատիպերը որո՞նք են։

Հիմնական միֆերը կապված են կրծքով կերակրման հետ։ Միֆերից մեկն այն է, որ կրծքի կաթը, օրինակ, ջրիկ է ու երեխային չի կշտացնում։ Սա նաև ամենավնասակար միֆն է, քանի որ հենց սխալ սնուցումից է սկսվում առողջական մնացած խնդիրները։

Երկրորդ միֆը, որ մեկ տարեկանից հետո անիմաստ է երեխային կրծքով կերակրելը, և շատ ծնողներ դա հիմք ընդունելով՝ երեխայի կյանքի լավագույն սնունդն ընդհատում են երկրորդ տարում։ Կրծքով կերակրումը վաղ դադարելը նաև կարող է բերել հոգեբանական խնդիրների։

Կան բազմաթիվ միֆեր լողացնելու հետ կապված, երբ լոգանքի ժամանակ ասում են՝ երեխային պարտադիր պետք է անել «երկարավզիկ», «երկարաոտիկ» (քաշում են ոտքերից և վզից) լավ կազմվածք ունենալու համար։

Մյուս միֆն այն է, որ բարուրելու արդյունքում երեխան ունենում է ուղիղ ոտքեր։ Բարուրելը, ցավոք սրտի, հիմա նույնպես ակտուալ է, հատկապես մարզերում, Երևանում տենդենցը մի փոքր նվազել է, բայց դեռևս կան։

Բարուրելու դեպքում մենք վնասում ենք կոնքազդրային հոդը. կոնքազդրային հոդի գլխիկը պետք է հանգիստ շարժվի փոսիկի մեջ, իսկ մենք ձգում ենք, կապանը թուլացնում ենք, հետո էլ զարմանում ենք՝ ինչու է մեծահասակ մարդկանց մի մասը բադիկի նման երերալով քայլում. դա բարուրելու հետևանքներն են։

Ի՞նչ հարցերով են Ձեզ ամենաշատը դիմում

Ամենաշատը սուր շնչառական վարակներն են. հազ սիմպտոմով են ամենաշատը դիմում, ինչպես նաև՝ դիարեաները՝ լուծերը։ Հիմա նաև շատ դիմում են քաշի խնդիրներով՝ թերքաշության կամ ավելցուկային քաշ։ Շատացել են նաև ալերգիկ հիվանդություններն ու մաշկային հիվանդություններից ատոպիկ դերմատիտը։

Երբ ասում են՝ «կինը կաթ չունի» կամ «կաթը չի հերիքում» սա նույնպե՞ս միֆ է։

Շատ եզակի դեպքեր են լինում, օրինակ, երբ մայրն ունենում է որևէ հիվանդություն, հատկապես՝ էնդոկրին համակարգի հիվանդություն, երբ իր հորմոնները նորմալ քանակով չեն արտադրվում, օրինակ՝ պրոլակտին հորմոնը, և երբ մայրը չունի բավարար կաթնարտադրություն։

Եթե ժխտված են մնացած բոլոր խնդիրները, օրինակ, սխալ դիրքով կերակրելը, կամ երեխան երբեմն լեզվի կարճ սանձիկ է ունենում, որի պատճառով չի կարողանում լեզուն նորմալ պտտեցնել, որպեսզի կարողանա նորմալ դատարկել կուրծքը։ Ինչքան քիչ է դատարկվում կուրծքը, այնքան քիչ կաթ է լցվում՝ դատարկված և լցված կաթն ուղիղ համեմատական են։ Լինում է, որ երեխան թույլ կամ անհաս է, այդ դեպքում մայրն ինքը պետք է դատարկի կուրծքը, կթի տարբեր միջոցներով և երեխային դրանով կերակրի, մինչև նա բավարար քաշ հավաքի և «ուժեղանա», որ կարողանա ինքը կուրծքը դատարկել։

Մնացած մոտ 90-95% դեպքերում յուրաքանչյուր մայր ի վիճակի է իր երեխային բավարարել նորմալ քանակի կրծքի կաթով։

Իսկ որ ասում են՝ «կաթդ ջրիկ է, մեջը սնունդ չկա»։

Սա էլ է միֆ, որովհետև կաթի գույնը որևէ ձևով չի պայմանավորում իր բաղադրությունը։ Կարող է նույն թափանցիկ, կապտավուն երանգն ունեցող, ինչպես ծնողներն են նշում՝ լողակաջրի նման կաթը, ունենալ նույն բաղադրությունը, ինչ որ լավ, յուղոտ, դեղնավուն երանգով թանձր կաթը։

Մինչև 6 ամսականը շատ կարևոր է, որ երեխան կրծքով կերակրվի, քանի որ այնպիսի միկրոէլեմենտներ է ստանում մայրական կաթից, որոնք հետագայում ազդելու են իմունիտետի ձևավորման վրա, և դրանք որևէ այլ կերպ չի կարելի լրացնել։ Սակայն կան մայրիկներ, որ այդ ընթացքում կաթնախառնուրդներ են տալիս։ Ինչքանո՞վ է դա վնաս։

Կաթնախառնուրդներն ապահովում են երեխայի սննդի նորմալ բաղադրիչները՝ վիտամինները, ճարպերն ու ածխաջրերը, բայց ոչ մի կաթնախառնուրդ չի պարունակում հակամարմիններ, այսինքն՝ պաշտպանիր էլեմենտներ հիվանդությունների դեմ։ Եվ եթե երեխան սնվում է կաթնախառնուրդով, ինքը կլինի կուշտ, բայց ոչ պաշտպանված։

Իսկ կրծքի կաթով սնված երեխան լինում է և’ կուշտ, և’ բազմաթիվ վիրուսային, բակտերիալ հիվանդությունների դեմ արդեն ունի հակամարմիններ, քանի որ մայրն իրեն կրծքի կաթի միջոցով փոխանցում է այդ հակամարմինների համապատասխան, անհրաժեշտ պաշարները։

Մինչև ո՞ր տարիքն է թույլատրվում երեխային կրծքով կերակրել, որովհետև կան նաև ծնողներ, որոնք մինչև 2,5 կամ 3 տարեկան տալիս են՝ պատճառաբանելով, որ երեխան է ուզում, չեն կարողանում «կաթից կտրել»։

Սա թեև վնասակար հետևանքներ չունի, բայց խորհուրդ է տրվում կրծքով կերակրումը շարունակել մինչև 2 տարեկանը։ Դրանից հետո կրծքով կերակրումն արդեն իմաստը կորցնում է։ Իհարկե, եթե հոգեբանական կապը շատ ամուր է, և երեխան դրանից իրենց ավելի ապահով ու ավելի հանգիստ է զգում, կարելի է շարունակել մինչև 3 տարեկան։

Շատ ծնողներ, հատկապես, առաջին երեխայի դեպքում վախեր և անհանգստություններ են ունենում, և ամեն մի աննշան բանից դիմում են բժշկի։ Երեխայի զարգացման սկզբնական շրջանում ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, որ նաև թուլացնեն սեփական, երբեմն՝ անտեղի լարվածությունը։

Ամենակարևորը երեխայի կուրծք բռնելու և ծծելու ունակությունն է։ Եթե դրանք կան, կարծում եմ, երեխան որևէ գլոբալ պրոբլեմ չունի։ Պետք է ուշադրություն դարձնեն լացին։ Եթե երեխայի լացը անընդմեջ է, քանի գնում՝ բարձրանում է, ու հնարավոր չի լինում որևէ ձևով նրան շեղել, հանգստացնել, և երեխան ունի այսպես ասած՝ «անմխիթար», «ճչացող» լաց, այդ դեպքում պետք է անհանգստանալ, քանի որ երեխան ունի որևէ ցավացող տեղ կամ ինչ-որ այլ խնդիր։

Պետք է ուշադրություն դարձնել երեխայի տակդիրի լցվածությանը։ Պարբերաբար տակդիրները փոխելով՝ մենք տեսնում ենք, որ եթե այն որոշակի չափով լցված է, նշանակում է, որ որևէ խնդիր չունենք, իսկ եթե տակդիրը չոր է, այս դեպքում նույնպես, ծնողը պետք է անհանգստանա։

«Սամիթաջուրը» կամ անիսոնի սերմի ջուրը, որ կյանքի առաջին ամիսներին տալիս են երեխային, սա բժշկական տեսանկյունից հաստատվա՞ծ մոտեցում է։

Ապացուցողական բժշկության մեջ չկա որևէ դեղորայք կամ որևէ թուրմ և միջոց, որն օգնում է նորածնային կոլիկաներին։ Վերջին հետազոտություններով պարզվել է, որ կոլիկաներն ունեն կենտրոնական բնույթ, այսինքն՝ այդ ազդակն ուղեղից է գալիս աղիքներին, և առաջանում են այդ կծկումները։

Նորածինները սնվում են բացառապես կաթով, որը ճեղքելու համար պետք է լակտազա ֆերմենտը, բայց քանի որ նորածինների մոտ կա տրանզիտոր անբավարարություն, և ֆերմենտը բավարար քանակով չի արտադրվում, այդ դեպքում մենք ունենում ենք որոշակի չափով անմարս կաթ, որը խմորման է ենթարկվում, և առաջացնում են շատ գազիկներ։ Եվ քանի որ երեխայի պրեսը շատ զարգացած չէ, ինքը չի կարողանում նորմալ հանի այդ գազիկները, այդ դեպքում մենք ունենում ենք մի փոքր գազիկների ավելցուկ։

Այդ գազամուղ դեղերի ֆունկցիան ընդամենը այդ գազային պղպջակները պայթեցնելն է, բայց դրանք միևնույն է, չեն կանխում կոլիկաների զարգացումը։ Երեխան ինքն ի վիճակի է գազի պղպջակներն իր օրգանիզմից դուրս հանել։ Ուղղակի ծնողը, մտածելով, որ այդ ձևով օգնում է երեխային, պարբերաբար սկսում է տարբեր միջոցներ օգտագործել, և արդեն 3 ամսականում, երբ բնական ճանապարհով արդեն գազիկների խնդիրն անցնում է, ծնողներին թվում է, որ հենց դրանք օգնեցին։ Եվ արդեն դա սկսում է տարածվել որպես լավ ազդող միջոց։

Ո՞ր տարիքից արդեն երեխային կարելի է տալ ջուր և հավելյալ սնունդ։

Հավելյալ սնունդը, ըստ ԱՀԿ-ի ցուցման, սկսում ենք 6 ամսականից, ջուրը սկսում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն երեխային առաջարկում ենք հավելյալ սնունդ, այսինքն՝ եթե անգամ երեխան ծնված օրից ուտում է կաթնախառնուրդ և մայրական կաթ չի ստանում, այդ երեխային նույնպես հավելյալ ջուր տալու կարիք չկա, էլ չեմ խոսում՝ կրծքի կաթ ուտող երեխայի մասին։

Երեխան ընդհանրապես հավելյալ ջրի կարիք չունի։ Շատ հաճախ ծնողները կասեն՝ հա, լավ, ի՞նչ պետք է անի երեխային մեկ-երկու թեյի գդալ ջուրը, ըստ էության՝ ոչինչ չի անի, բայց օգուտ էլ չի տա։ Իզուր ինչի՞ երեխային առաջարկել մի բան, որը նրա օրգանիզմին անհրաժեշտ չէ։ Հատկապես, երբ ջուրը տալուց դուք չգիտեք, թե ինչ ջուր եք տալիս, եթե եռացրած-սառացրած ջուր է, այն, կարելի է ասել, որևէ օգտակար բան չի պարունակում։ Եթե ծորակի ջուր է, այնտեղ կա հավանականություն, որ երեխան կարող է ինչ-որ ինֆեկցիայով վարակվել։ Մի խոսքով՝ ավելի լավ է զերծ մնալ։

Հատկապես ավելի մեծ սերունդը, օրինակ, մեր տատիկները, կովի կաթ էին փորձում տալ երեխաներին, ինչը նույնպես վնաս է։ 

Այո’, շատ վնասակար է կովի կաթը։ Բացի նրանից, որ վնասում է աղիքի լորձաթաղանթի նուրբ թաղիքները, նաև կարող է ալերգիզացիայի պատճառ դառնալ, ինչպես նաև՝ կովի կաթն օրգանիզմից հանում է երկաթն ու կարող է երեխայի մոտ երկաթդեֆիցիտային անեմիա զարգացնել։

Իսկ ո՞ր տարիքից է թույլատրվում արդեն երեխային տալ կովի կաթ։

Քիչ քանակությամբ՝ 1 տարեկանից հետո արդեն կարող ենք մտցնել, բայց օրվա առավելագույն բաժինը պետք է լինի 200-300 մլ, ոչ ավելի, և կաթը պարտադիր պետք է լինի պաստերիզացված։

Քայլակները` «ходунок», ասում են, նույնպես չի կարելի օգտագործել, քանի որ վատ է ազդելու քայլվածքի վրա։

Այո’, քայլակներն արգելված են, հիմա նույնիսկ որոշ զարգացած երկրներում դրանց վաճառքն է արգելված, քանի որ բացի նրանից, որ քայլելը կարող է ավելի ուշանալ, որովհետև երեխան կորցնում է ճիշտ քայլելու զգացողությունն ու ունակությունը, կարող է նաև վնասել երեխայի հենաշարժողական համակարգը, այդ թվում՝ ողնաշարը, կոնքազդրային հոդերը և ոտքերը։

Իսկ ծծակ (соска) օգտագործելը նու՞յնպես վնաս է։

Երկու կարծիք կա ծծակի վերաբերյալ. որոշ հոգեբաններ, օրինակ, խորհուրդ են տալիս օգտագործել ծծակ, երբ երեխայի մոտ շատ է զարգացած լինում ծծելու ռեֆլեքսը, և այն պետք է բավարարվի և եթե չի բավարարվում, այն հետագայում կարող է այլափոխվել, օրինակ, երեխան կարող է մատը, շորի անկյունը կամ մազերը դնել բերանը, ծծել։ Ուղղակի, եթե ծծակն առաջարկվում է երեխային, գոնե մեկ ամսականից հետո առաջարկել, որպեսզի այդ ընթացքում երեխան ունենա կուրծքը ծծելու բավարար ունակություններ։

Եվ երբ որ արդեն երեխան կարողանում է հմուտ ծծել կուրծքը, բավարար քանակությամբ քաշ է ավելացնում, այդ ժամանակ արդեն կարելի է երեխային ծծակ տալ։

Սակայն երկարատև օգտագործումը չի խրախուսվում. 6 ամսականից հետո ցանկալի է չտալ, քանի որ դրանից հետո, երբ մենք սկսում ենք հավելյալ սնունդ առաջարկել երեխային, այստեղ շատ կարևոր է, որ երեխայի մոտ զարգանան կծելու, ծամելու և կուլ տալու ունակությունները, այսինքն՝ ծծելու ռեֆլեքսն աստիճանաբար պետք է փոխարինվի նոր ունակություններով։

Նորածիններին ճոճելը. կա կարծիք, որ պետք է թողնել երեխան լացի, չմոտենան, մյուսները հակառակը, մի թեթև լացից հետո գնում են երեխայի մոտ ու սկսում են անդադար ճոճել։

Ցանկացած լացի պետք է արձագանքել, պարտադիր պետք է մոտենալ երեխային, եթե անգամ չճոճել, գոնե պետք է մոտենալ երեխային և գրկել։ Իսկ նուրբ, մեղմ ճոճը, բնականաբար, կարելի է, չի կարելի կոպտորեն ճոճել, օրինակ, օդեալի մեջ են պառկացնում երեխային և ամբողջ ուժով, ամբողջ ամպլիտուդայով երեխային աջ ու ձախ են գցում, սա չի կարելի, քանի որ երեխայի ուղեղի մեջ կա հեղուկ և այդ տատանումներից անընդհատ կարող ենք ներգանգային ճնշման տատանումներ առաջացնել, երեխան դրանից հետո կարող է լինել ավելի գրգռված, ավելի անհանգիստ, իսկ մեղմ ճոճի ժամանակ որևէ խնդիր չի առաջանա։

Ջերմիջեցնողներից խոսենք. երբ երեխայի ջերմությունը բարձրանում է, խորհուրդ է տրվում 38,5-ից ցածրի ժամանակ որևէ դեղ չտալ երեխային։

Ամեն ինչ շատ անհատական է։ Իհարկե, 38-ից 38,5 ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմն ակտիվ ինտերֆերոն է արտադրում, որն ունի պաշտպանիչ հատկություններ զանազան վարակներից պաշտպանելու համար, սակայն եթե երեխայի մոտ 38,2 աստիճան է, բայց երեխան իրեն շատ թույլ է զգում, անընդհատ տնքում է, հրաժարվում է հեղուկներ ընդունել, հրաժարվում է ուտել, այդ դեպքում կարելի է մի փոքր շուտ իջեցնել։

Եվ հակառակը, եթե 39 աստիճան ջերմություն ունեցող երեխան ակտիվ վազվզում է, թռչկոտում է, խոսում է, խաղում է, այսինքն՝ չունի արտահայտված թուլության նշաններ, կարելի է համբերել, արդեն երբ մոտենա նիշը 40-ին, նոր իջեցնել ջերմությունը։

Երեխաների դեպքում նաև ասում են, որ ջերմիջեցնողներին զուգահեռ պետք է շատ ջուր տալ, քանի որ շուտ են ջրազրկվում։

Այո’, սա շատ ճիշտ մոտեցում է. հաշվի առնելով, որ ջերմող երեխան ունենում է առատ քրտնարտադրություն, նա կորցնում է հեղուկներ, և քրտինքի միջոցով նաև կորցնում է մեծ քանակությամբ աղեր, իսկ աղային բալանսը կորցնելու դեպքում երեխան ջրազրկվում է, առաջանում է ընդհանուր թուլություն, և մենք պետք է ապահովենք հեղուկների ադեկվատ քանակ։

Բացի դրանից, այդ ընթացքում արյունը խտանում է, թանձրանում է, արյան շրջանառությունն է դանդաղում, և եթե մենք տվել ենք ջերմիջեցնող դեղ, արյան դանդաղ հոսքի հետ այդ դեղը շատ ուշ է հասնում գլխուղեղի համապատասխան կենտրոնին, և մենք շատ հաճախ ունենում ենք ոչ սպասված արդյունք ջերմիջեցնող դեղից, այսինքն՝ տալիս ենք դեղը, սպասում ենք 1-2 ժամ, այն միևնույն է, չի ազդում, դրա համար անհրաժեշտ է, որ հատկապես ջերմող երեխան ընդունի մեծ քանակությամբ հեղուկներ։

Երեխաների դեպքում ո՞ր ջերմիջեցնողներին է պետք նախապատվություն տալ։

Մանկական պրակտիկայում ամենաշատ օգտագործվող ջերմիջեցնողները «պարացետամոլ» և «իբուպրոֆեն» պարոնակող դեղերն են։ Նախապատվությունը տալիս ենք «պարացետամոլին», այնուհետև հերթափոխում ենք իբուպրոֆենային դեղամիջոցներով՝ պարտադիր պահելով 4-6 ժամ ընդմիջումներ։

Ջերմիջեցնողը մենք պետք է դոզավորենք ոչ թե տուփի վրա գրվածով, այլ երեխայի քաշով. օրինակ, կան դեղաձևեր, որտեղ նշված է՝ 3 ամսականից մինչև 3 տարեկան երեխային 2,5մլ։ 3 ամսական երեխա կա, որ կշռում է ընդամենը 4,5-5 կգ, և կա 3 տարեկան երեխա, որը կշռում է, օրինակ, 16-17 կգ, այդ երկու երեխային տալ նույն դեղաչափը, դա առնվազն հիմարություն է։ Պետք է ջերմիջեցնողը դոզավորել՝ ըստ երեխայի քաշի։ Ե’վ պարացետամոլի, և’ իբուպրոֆենի պարագայում մենք հաշվարկն անում ենք 10-15մգ 1 կգ քաշին՝ կախված ջերմության բարձր լինելու աստիճանից։

Շատ տարածված ինքնաբուժության մեթոդ է բարձր ջերմություն ունենալու ժամանակ երեխային սպիրտով շփումներ անելը, ինչը սակայն, հակացուցված է, քանի որ երեխայի մաշկը սպիրտը կլանում է։ Ինքնաբուժության ի՞նչ այլ անընդունելի ձևերի եք հանդիպել։

Ամենատարածվածներից մեկն, օրինակ, քացախով նասկիներ հագցնելն է, կամ շփումը, քանի որ քացախը նույնպես տաքացած մաշկից ամբողջովին ներծծվում է, և պետք է հիշենք, որ այն նյութերը, որոնք մենք քսում ենք մարմնին, նրանք ներծծվում են արյան մեջ և մի քանի ժամ անց կարող են ինտոքսիկացիայի (թունավորման, հեղ.) նշաններ առաջացնել՝ քնկոտություն, թուլություն, փսխումներ։

Շատ ընդունված է նաև որևէ դեղորայք, որն ամպուլայով է, ջարդել և խմեցնել երեխային։ Օրինակ, նույն «անալգինը»։ Բժիշկների կողմից սա բազմիցս խստագույնս արգելվել է, քանի որ ամպուլայի հեղուկ դեղաձևերը նախատեսված են ներարկման համար, և երբ որ այն խմեցնում ենք երեխային, այն կարող է ստամոքսի լորձաթաղանթի այրվածքներ, էրոզիաներ առաջացնել։ Հնարավոր է այդ պահին իջեցնի ջերմությունը, բայց հետագա վնասակար հետևանքներից խուսափելն անհնար կլինի։

Ընդունված է նաև դեղը փշրել, խառնել ջրի հետ և շփումներ անել։ Օրինակ, նույն «անալգինը» կամ «ասպիրին» են երբեմն փշրում տատիկները, խառնում ջրին ու քսում երեխայի մարմնին։ Նշեմ, որ ինչքան էլ լավ մանրացնեն, միևնույն է, այդ հատիկներն ի վիճակի չեն մաշկից ներթափանցել արյան մեջ, իսկ եթե շատ լավ, ալյուրի նման չեն փշրել, այդ շփումների ընթացքում կարող են մաշկի վրա քերծվածքներ, այնուհետև՝ երկրորդային ինֆեկցիա առաջացնել։

Երեխաների վերքերը կամ ինչ-որ վնասվածքները կարելի՞ է յոդով կամ զելյոնկայով մշակել, քանի որ նույնպես սպիրտային մաս կա։

Եթե փոքր տարածք է, օրինակ, երեխան բակում խաղալուց ընկել է ու մի փոքր քերծվածք ունի, ցանկացած անտիսեպտիկ մենք կարող ենք օգտագործել, այդ թվում՝ նաև յոդ, սպիրտ, բայց եթե մակերեսը մեծ է, պետք է բժշկի կողմից նորմալ հակասեպտիկներով, հականեխիչներով մշակվի։

Թոքաբորբի նախանշանները որո՞նք են, նշեք մի քանիսը։

Հիմնական նախանշաններից մեկը հաճախացած շնչառությունն է՝ մակերեսային, հևոցով, նաև՝ բարձր ջերմությունը, սովորաբար, երեխաների մոտ թոքաբորբը հիմնականում ուղեկցվում է բարձր ջերմությամբ, շատ հազվադեպ է լինում, որ առանց ջերմության լինի. ես իմ աշխատանքային պրակտիկայի ժամանակ նման դեպք չեմ ունեցել, երբ ջերմություն չլինի։

Թոքաբորբի նախանշաններից են նաև շնչառության ժամանակ ռնգախաղը՝ քթանցքների տատանումները, ինչպես նաև՝ միջկողային մկանների ներքաշումները, երբ որ երեխան մերկ է, մայրը կարող է նկատել, որ շնչելու ժամանակ միջկողային մկանները, կարծես, ներս են քաշվում։

Երբեմն ծնողները երեխաներին պրոֆիլակտիկ դեղեր, վիտամիններ են տալիս, դրանց կարիքը կա՞, թե՞, այնուամենայնիվ, բժիշկը պետք է նշանակի։

Վիտամիններ ուղղակի՝ պրոֆիլակտիկ նպատակներով տալը կարող է ավելի շատ վնասել երեխային, քան օգնել։ Միակ վիտամինը, որի շարունակական օգտագործման կարիքն ունի երեխան, վիտամին D-ն է, որը տրվում է կյանքի առաջին երկու տարում, պարտադիր՝ ամեն օր։ Դրանից հետո՝ ձմեռվա ամիսներին՝ այսինքն՝ սակավ արև շրջանում, երբ արդեն երեխան հագնում է երկարաթև շոր, արևի տակ էլ չի լինոըմ, պետք է այդ շրջանում պրոֆիլակտիկ դեղաչափով՝ 400-500ՄՄ վիտամին D տալ։ Մնացած բոլոր վիտամինները պետք է լինեն բացառապես բժշկի ցուցումով։

Վիտամինային կոմպլեքս ցուցված է միայն այն երեխային, ով շատ քչակեր է, ունի անբավարար փարթամություն և կատեգորիկ հրաժարվում է մրգեր, բանջարեղեն ուտելուց. այդ դեպքում, որպես հավելում, մենք կարող ենք տալ այդ արհեստական վիտամինները։

Վիտամին D-ի դեպքում մասնագետների մոտեցումները հակասական են. օրինակ՝ էնդոկրինոլոգը նշում էր, որ այն գերագնահատված, մոդայիկ վիտամին է, կլինիկական ֆարմակոլոգը նշում էր, որ վիտամին D միշտ պետք է նշանակել՝ ըստ նախնական հետազոտության արդյունքների, քանի որ ավելցուկն էլ է բերելու վատ հետևանքների։ Երեխաների դեպքում նման խնդիր չկա՞։

0-2 տարեկանում ԱՀԿ-ի ցուցումն է, կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, կան նաև հետազոտության արդյունքներ, որ նույնիսկ օրը 10 000ՄՄ 5 ամիս շարունակ տալու դեպքում վիտամին D-ի գերդոզավորում չի առաջանում, այսինքն՝ կողմնակի ազդեցություններ չեն առաջանում։

Պրոֆիլակտիկ դոզաներին այս նշումները չեն վերաբերում, այսինքն՝ երեխաները հանգիստ կարող են ստանալ իրենց պրոֆիլակտիկ դոզաները, ինչը շատ անհրաժեշտ է, քանի որ D-ն համարվում է կալցիի տրանսպորտ, իսկ երեխան 0-2 տարեկանում ակտիվ աճում է, իր ծնված քաշը գրեթե եռապատկվում, քառապատկվում է, այդ թվում՝ ոսկրային մասսան, և պետք են բոլոր հանքանյութերն ու վիտամինները, որպեսզի երեխան նորմալ աճի։ Այս դեպքում երեխաները պարտադիր ունենում են այդ պահանջը, որը ուրիշ որևէ ձև հնարավոր չէ լրացնել. պետք է տանք վիտամին D-ն։ Դրանից հետո, եթե կասկած կա վիտամին D-ի դեֆիցիտի, և ծնողը մտածում է՝ պետք է ավելի բարձր դեղաչափեր տալ, քան պրոֆիլակտիկ դեղաչափն է, դա արվում է իրոք, միայն անալիզ անելուց հետո, երբ հայտնաբերվում է վիտամինի դեֆիցիտ, այդ դեպքում արդեն, որոշվում է համապատասխան դոզան և տրվում երեխային։

Երբ երեխան գնում է մանկապարտեզ կամ իր համար նոր միջավայր, և իմունիտետը նոր մանրէների հետ է շփվում, հաճախանում են հիվանդության դեպքերը։ Որոշ ծնողներ խուճապի են մատնվում, որոշները՝ իմունիտետը բարձրացնող կոմպլեքսներ տալիս։ Որքանո՞վ են արդյունավետ այդ դեղերը, հնարավո՞ր է առհասարակ իմունիտետը բարձրացնել, թե՞ դա մարկետինգային հնարք է։ 

Ցավոք սրտի, այո’, ոչ մի վիտամին ի զորու չէ երեխայի իմունիտետը բարձրացնել, ու դրանք նույնպես մարկետինգային քայլեր են. չկա նման վիտամին, որ ունենա իմուն համակարգի վրա ազդող հատկություն։

Դա բնական պրոցես է, երբ երեխայի մոտ սպառվել է պասիվ իմունիտետը, որն ինքը ստացել է իր մայրիկից, և երեխան զրոյական իմունիտետով հայտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ կան բազմաթիվ վարակներ, վիրուսներ, բակտերիաներ, հերթով հիվանդանալով՝ նա արդեն իր սեփական «զինվորիկներին» է պատրաստում հետագա գրոհների համար, և ունենում է իր սեփական հակամարմինները։

Այդ վիտամիններն ի վիճակի չեն որևէ հակամարմին առաջացնելու։

Այսինքն, նոր հիվանդություններից պետք չէ վախենալ, դա բնական պրոցես է։

Այո’, դա բնական պրոցես է, և երեխան պետք է հիվանդա և սեփական իմունիտետը ձևավորի. տարին մինչև 12 անգամ հիվանդանալը մանկապարտեզ հաճախող երեխայի պարագայում համարվում է նորմալ, 12 անգամից ավելը նոր արդեն գնահատվում է որպես հաճախ հիվանդացող երեխա, որը պետք չէ շփոթել իմունոդեֆիցիտ ունեցող երեխայի հետ։

Իսկ իմունոդեֆիցիտ ունենում են հազվագյուտ երեխաներ, դա արդեն ունենում է լաբորատոր հաստատում, և եթե երեխայի մոտ ախտորոշվել է իմունոդեֆիցիտ, երեխան ստանում է սպեցիֆիկ բուժում հիվանդանոցային պայմաններում, և տանը որևէ ձևով, ինչ-որ դեղորայքով դա կանխել հնարավոր չէ։

Միայն առողջ սնունդ, մաքուր օդ…

Այո’, նաև ճիշտ պայմաններ՝ հով սենյակ, մաքսիմում՝ մինչև 22 աստիճան, բավարար խոնավություն՝ 40-60%, ամենօրյա զբոսանք, խաղեր մաքուր օդում։ Հաճախ հնչում է այդ հարցը՝ ինչու օրինակ, նախկինում երեխաներն այդքան շատ չէին հիվանդանում, քան հիմա, որովհետև նախկինում երեխաները ցերեկային ժամերի 80%-ն անցկացնում էին բակում՝ մաքուր օդին, խաղալով, ուտում էին էկոլոգիապես մաքուր սնունդ, և նախկին վիրուսներն այսքան մուտացիայի ենթարկված չէին, դրա համար երեխաները պրակտիկորեն չէին հիվանդանում, կամ ոտքի վրա էին հաղթահարում ցանկացած վիրուսային հիվանդություն։

Իսկ հիմա մենք երեխաներին նստեցնում ենք փակ սենյակներում, միացնում ենք ջեռուցման համակարգերը մինչև 26-27 աստիճան, չոր օդի պայմաններում, երեխաներն ամբողջ օրը նստած են գաջեթների առաջ, ուտում են անորակ սնունդ, չարաշահում են քաղցրավենիքները, և ուզում ենք, որ մեր երեխաներն առողջ լինեն։

Նոր բակտերիաների հետ շփվելիս, հատկապես, երբ հնարավոր չի լինում վերահսկել, ծնողները բողոքում են, որ երեխան ճիճու ունի։ Որո՞նք են դրա նախանշաններն ու ինչի՞ն ուշադրություն դարձնել։

Ամենաշատ միֆերը նաև կապվում են ճիճուների հետ. շատ հազվադեպ է լինում, որ երեխան ճիճուների հետ կապված որևէ առողջական խնդիր ունենա։ Ծնողներին թվում է, որ եթե երեխան ատամները կռճտացնում է, միանշանակ ճիճու է, կամ վատ է ուտում՝ ճիճու է, լավ է ուտում՝ ճիճու է, եղունգները կրծում է՝ ճիճու է, մի խոսքով, ցանկացած՝ նորմայից տարբերվող սինդրոմ, երևույթ ծնողները հաճախ ասոցացնում են ճիճուների հետ։

Եթե երեխան իրոք ունի ճիճվակրություն, դրա նախանշաններից են հաճախակի սրտխառնոցները, երբեմն նաև՝ փսխումները, որովայնի շրջանի ցավեր, որը որ այլ հիմնավորում չի գտնում, հերթափոխվող կղանք՝ ջրիկ և պինդ, և նաև՝ գիշերային ժամերին՝ քոր հետանցքի շրջանում, անհանգիստ վիճակ, այդ քորն իրոք պայմանավորված է լինում հիմնականում ճիճվակրությամբ, քանի որ ճիճուները դուրս են գալիս ուղիղ աղիքից և ձվադրում են կատարում հետանցքի հատվածում։ Այս դեպքում պետք է միայն մտածել ճիճվակրության մասին և դիմել բժշկի։

Պրոֆիլակտիկ ճիճվաթափության դեղեր տալը չի խրախուսվում, քանի որ այդ դեղերն ունեն բավականին տոքսիկ ազդեցություն, և հատկապես եթե երեխան ճիճվակիր չէ, նա անիմաստ ստանում է այդ դեղը, որը բացասական է ազդելու երեխայի օրգանիզմի վրա։ 

Իսկ կղանքի մեջ արյունը նույնպե՞ս ճիճվի նախանշան է։

Կղանքի մեջ արյան դեպքում, պետք է նախ, աղիքային ինֆեկցիաները հետազոտել, և եթե դրանք չեն հայտնաբերվել, հաջորդ հավանական պատճառը լամբլիոզն է, և եթե լամբլիոզ նույնպես չի հայտնաբերվել, կարող է լինել, օրինակ, ալերգիա կովի կաթից։ Կամ աղեստամոքսային համակարգի այլ խնդիրներ կարող են լինել, և երեխան պետք է ամբողջովին հետազոտվի։

Ընտանի կենդանիներից խոսենք. շատ ծնողներ խուսափում են պահել կենդանիներ, կամ արդեն եղածներից են ազատվում, երբ տանը երեխա է հայտնվում, քանի որ վախենում են, որ նրա մոտ կարող է ալերգիա առաջանալ։ Նման վտանգ իսկապես կա՞, թե՞ երեխայի մոտ պետք է ալերգիայի նախատրամադրվածություն լինի։

Եթե երեխան ունի ալերգիկ ռինիտ, ասթմա, այդ դեպքում՝ անհրաժեշտ է որոշել հավանական ալերգենները, բարեբախտաբար, թեստերով կարելի է որոշել՝ արդյոք երեխան կատվի, կամ շան մազից ալերգիա ունի, և եթե այդ ալերգենը լաբորատոր ճանապարհով հաստատվի, պետք է ընտանի կենդանիների հետ կոնտակտից հնարավորինս խուսափել։

Սա, թերևս, միակ պատճառն է, որ պետք չէ ընտանի կենդանի պահել։ Մնացած բոլոր դեպքերում անգամ խրախուսվում է և երեխայի նորմալ հոգեբանական զարգացման համար շատ ցանկալի է, որ տանը լինեն ընտանի կենդանիներ, որոնց մասին երեխան կարող է հոգ տանել։

Իսկ ինչ վերաբերում է ճիճվակրությանը, այն ճիճուները, որոնցով հիվանդանում են կենդանիները, դրանք մարդու համար հիմնականում պաթոգեն չեն, և երեխաներն այդ ճիճուներով չեն վարակվում։ 

Իսկ կա՞ն կենդանիներ, որոնց պահելը չի խրախուսվում, օրինակ՝ թռչուններ, կրծողներ և այլն։

Հաճախ ասում են, որ նաև չի կարելի ակվարիումի ձուկ պահել. այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե ձկանը, այլ այն կերին, որով կերակրում են ձկանը, դրանք հիմնականում լինում են թրթուրներ, հատուկ կերեր, որոնց նկատմամբ երեխան կարող է ունենալ ալերգիկ ռեակցիա։ Եթե, օրինակ, թռչնի կերից է առաջանում ռեակցիա, ապա պետք չէ պահել։ Իսկ եթե նախատրամադրվածություններ, ալերգիկ հիվանդություններ չկան, հանգիստ կարելի է ցանկացած կենդանի պահել, բայց շատ կարևոր է, որ այդ կենդանիները հսկվեն անասնաբույժի կողմից, ժամանակին ստանան իրենց պատվաստումներն ու անցնեն պլանային ստուգումները։

Գաջեթները. ինչքանո՞վ են վնաս տեսողությանը, ինչքա՞ն ժամանակ երեխան կարող է օգտագործել։

Մեկ տարեկանից հետո, եթե երեխային տրվում է գաջեթ, մաքսիմում օրվա մեջ 20 րոպե, 2-6 տարեկանում՝ օրվա մեջ 1-2 ժամ, 6 տարեկանից բարձր երեխաներին՝ առավելագույնը 4 ժամ, բայց, որոշակի ընդմիջումներով, և եթե երեխան նստած է գաջեթի դիմաց, ծնողը պետք է պարբերաբար երեխային շեղի, օրինակ, ինչ-որ հարցեր տա և երեխային խնդրի թարթել աչքերը, որպեսզի աչքերի լորձաթաղանթը չչորանա, և մենք հետագայում չունենանք որևէ խնդիր աչքերի հետ կապված։

Բայց նաև միֆերի շարքից է, որ ասենք, երբ երեխան 1 ժամ նստի գաջեթի դեմ, նա կունենա վատ տեսողություն։ Սովորաբար, չի լինում այդպիսի խնդիր, եթե ճիշտ ռեժիմով են օգտագործվում գաջեթները։

Իսկ հոգեբանական ազդեցություն դրանք կարո՞ղ են ունենալ։

Հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ, եթե երեխան օգտվում է վատ ինֆորմացիայից, և չի հսկվում, թե նա ինչ է նայում։ Ծնողը պարտավոր է հսկել՝ ինչ է նայում երեխան։

Սրճարաններում երբեմն կարելի է նկատել, որ նույնիսկ շատ վաղ տարիքում ծնողները հեռախոսով ինչ-որ բան են միացնում, որ երեխան հաց ուտելուց նայի։ Սակայն մասնագետները նշում են, որ չի կարելի ուտելու ընթացքում ինչ-որ տեսանյութեր դնել երեխայի համար, քանի որ դա ազդում է համային ռեցեպտորների, հագեցման կենտրոնի վրա։

Սա, կարելի է ասել, դարի ամենամեծ խնդիրներից մեկն է. ոչ միայն ազդում է համը ճիշտ ընկալելու վրա, այլ նաև՝ երեխան մեխանիկորեն է կատարում այդ գործողությունը և կարող է ստանալ օրգանիզմի պահանջից ավելի մեծ ծավալի սնունդ, որն էլ կարող է հետագայում բերել ճարպակալման։

Օրվա մեջ մաքուր օդի գտնվելու նորմա կա՞։

Ամենօրյա զբոսանքն ու խաղերը դրսում խիստ ցանկալի են, գոնե՝ օրվա մեջ 2 ժամ, սա մինիմալն է, իսկ մաքսիմալի հետ կապված որևէ սահմանափակում չկա։

Երեխաները նույնպե՞ս արևապաշտպան քսուքների կարիք ունեն։

Ձմռան արևն այդքան ագրեսիվ չէ, պետք չէ արևապաշտպան քսուքներ օգտագործել, իսկ ամառվա ամիսներին, եթե ստիպված են քայլել դրսում՝ արևի տակ, ապա դրանց օգտագործումը խրախուսվում է։

Շատ տաք հագցնելը ճի՞շտ է, թե՞ պետք է հագցնել այնպես, ինչպես մեծերն են հագնվում։

Երեխաների ջերմափոխանակությունը շատ ակտիվ է, և իրենք ավելի շատ են շոգում, քան մեծահասակները։ Ավելին ասեմ, երեխան մեզանից մեկ շերտ բարակ պետք է հագնվի։

Խաղալիքները. ինչի՞ն ուշադրություն դարձնել անվտանգ խաղալիք ընտրելու համար, քանի որ շուկայում եղած խաղալիքների մեծ մասը չի վերահսկվում։

Անվտանգ խաղալիքների հարցը շատ կարևոր է։ Ես խորհուրդ կտամ, որ ծնողը երեխային 3 խաղալիք գնելու փոխարեն գնի 1-ը, բայց փորձված խանութից, և եթե կասկած ունի, պահանջի որակի համապատասխանության սերտիֆիկատ, և երբ համոզվի, որ համապատասխանում է անվտանգության նորմերին, նոր գնի։

Նաև մինչև 3 տարեկան երեխաների դեպքում պետք է ուշադրություն դարձնել խաղալիքի չափերին, քանի որ այդ տարիքում երեխաներն ամեն ինչ տանում են բերանը. դրանք չպետք է լինեն մանր, որ չհայտնվեն շնչուղիներում։ Աշխարհում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երեխաներն ինչ-որ իրեր են կուլ տվել և վիրաբուժական խնդիրներով հայտնվել հիվանդանոցում։

Կարևոր է նաև, թե ինչ ներկով են խաղալիքները ներկված. եթե դուք գնելուց խաղալիքը տրորում եք և ձեր ձեռքում թեկուզ աննշան երանգով գույն է մնում, այդ խաղալիքներից պետք է խուսափել, և անպայման ուղղակի հոտ քաշել խաղալիքից և չգնել խաղալիքներ, որոնք ունեն քիմիական միացությունների հոտեր։

Ո՞նց հասկանալ, որ երեխան ունի հոգեբանի կարիք։

Եթե երեխան ունի շփման դժվարություններ, եթե մատնացույց չի անում որևէ իր, որն ուզում է, խուսափում է այլ երեխաների հետ խաղալուց, ունի տարօրինակ վարքագիծ, ծնողը հասկանում է, որ իր երեխան նման չէ շրջապատի մյուս երեխաներին, կամ խոսքն է տուժած, երեխան չի հետևում պարզ հրահանգներին, այդ դեպքում երեխան պարտադիր պետք է անցնի հետազոտություն հոգեբանի կողմից։

Հիպերակտիվ լինելն առանձնահատկությու՞ն է, թե՞ նույնպես խնդիր է։

Հիպերակտիվությունը հոգեբանական խնդիր է, առանձնահատկություն չէ, և նման սինդրոմ ունեցող երեխաները, պետք է հսկվեն և ստանան որոշակի բուժումներ հոգեբանների և նյարդաբանների կողմից։

Ինչպե՞ս ընտրել լավ մանկաբույժ։

Եթե մանկաբույժը շարունակական ինքնակրթման ծրագրերի մեջ է, եթե անընդհատ նոր խոսք է մատուցում ծնողին, երբ հիմնավորում է իր ամեն մի արած քայլը՝ լինի նշանակում, թե հետազոտություն։ Եթե մանկաբույժն առողջ երեխային նշանակել է բազմաթիվ հետազոտություններ, որոնք որևէ հիմնավորում չունեն, այդ դեպքում, ցանկալի է այլ բժշկի փնտրել։

Շատ կարևոր է նաև երեխաներին լրացուցիչ դեղեր չառաջարկել, քանի որ կան պրոտոկոլային բուժման սխեմաներ, չափորոշիչներ, որոնցով մանկաբույժը պետք է առաջնորդվի։ Երբեմն ծնողին թվում է, որ եթե բժիշկը 10-15 դեղ է նշանակել երեխային, նա շատ լավ բժիշկ է և մանրամասն բուժումներ է անում, բայց այդպես չէ. ցանկացած հիվանդության դեպքում 1-2, մաքսիմում՝ 3 դեղաձև է պետք լինում երեխային նշանակել։

Եվ ինչքան քիչ անիմաստ դեղորայք օգտագործի երեխան, այնքան օգուտ է և’ երեխային, և’ մեզ բոլորիս, քանի որ մենք այդ ճանապարհով կմեծացնենք ավելի առողջ սերունդ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter