HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Վալերիանկայի» օգուտն ապացուցված չէ, վիտամին C-ն և «Терафлю»-ն չեն պաշտպանում գրիպից. հարցեր կլինիկական ֆարմակոլոգին

Եթե «Վալերիանան» ազդում է զուտ որպես պլացեբո՝ ներշնչանք, հիվանդին բուժելու կարիք չկա, իմունոմոդուլյատորների համատարած նշանակումն էլ սխալ է։

Վիտամին D-ի պակաս Հայաստանում իսկապես կա՞, թե՞ այն թրենդային է դարձել։ Ինչու՞ է վիտամինների՝ չափից շատ կիրառումը վտանգավոր։ Ինչու՞ չի կարելի ընդհատել հակաբիոտիկների կուրսը, եթե արդեն լավ ես զգում, ու ինչու՞ ճիշտ չէ հակաբիոտիկների հետ հակասնկայիններ և պրոբիոտիկներ նշանակել։

Ո՞ր դեպքում ջերմությունը պետք չէ իջեցնել, որ օրգանիզմը պայքարի, ու ինչու՞ է պետք բոլոր դեղերը խմել ջրով։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին  #Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆբ․գ․դ․ Նարինե Միրզոյանի հետ։




Բժիշկների մի մասն ասում է, որ վիտամին D-ն թրենդային է, գերագնահատված է դրա դերը, մի մասը՝ պնդում հակառակը. այն կարևոր է և պետք է խմել։ Այսինքն՝ նույնիսկ բժիշկների շրջանում տարակարծություն կա վիտամին D-ի մասով։ Դուք նույնպես պնդում էիք, որ D-ի գերդոզավորումը վտանգավոր է, և հայաստանյան կլիմայի պայմաններում D-ի պաշարը կարելի է լրացնել բնական ճանապարհով՝ արևից։ Ինչպե՞ս ընդունել այդ վիտամինը։ Ի վերջո, ո՞ր տեսակետն է ճիշտ։

Կան հետազոտություններ տարբեր հիվանդությունների ժամանակ վիտամին D-ի կիրառման վերաբերյալ։ Բժշկական տեսակետից՝ վիտամինների հիմնական նշանակումը թերվիտամինոզն է, երբ որ մարդն այն ստանում է քիչ քանակով։

Ինչ վերաբերում է վիտամին D-ին, կա բնակչության մի զանգված, որի մոտ D-ի պակաս կա, հատկապես, եթե նրանք գտնվում են ծերանոցներում, կամ անկողնային հիվանդներ են, որոնք ընդհանրապես արև չեն տեսնում, արևի դուրս չեն գալիս։ Իհարկե, այստեղ մենք կարող ենք ենթադրել, որֆ կարող է զարգանալ վիտամին D-ի ավիտամինոզ, և սա բժշկական նշանակման համար ցուցում է։

Հայաստանում ես նկատում եմ, որ բավականին տարածված է տարբեր մասնագետների կողմից վիտամին D-ի նշանակումը։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ փորձեցին հասկանալ՝ արդյոք վիտամին D-ի նշանակումը թեթևացնում է ընթացքը։ Մենք տեսանք բավականին մեծ թվով կիրառում։ Սակայն վիտամին D-ի, ինչպես նաև այլ վիտամինների մեծ քանակները կարող են բերել լուրջ հետևանքների։ Անհսկելի, առանց որևէ ցուցման, մեծ դեղաչափերով կիրառումը չի կարող համարվել անվտանգ։

Օրական 15 րոպե արևի տակ լինելը բավարա՞ր է վիտամին D-ի օրական պաշարը լրացնելու համար։ Եթե այո, ինչու՞ է այն համատարած նշանակվում, հատկապես, որ թե’ լաբորատոր հետազոտությունը, թե’ վիտամին D-ի դեղերն ու հավելումները բավականին թանկ են։

15 րոպեից շատ։ Բոլոր դեպքերում, վիտամին D ընդունելուց առաջ մենք պետք է հիմնվենք բժշկի խորհրդատվության վրա։ Ինքս չունեմ վիճակագրական տվյալներ, որ անիմաստ են նշանակվում, որոշ տվյալներ ունեմ, բայց քանի որ վիճակագրական հետազոտություն չի արվել, չեմ կարող ասել` հենց բժիշկների կողմից նշանակման մասով։

Ինչ վերաբերում է ինքնաբուժմանը, ապա վիտամին D-ն պետք է նշանակվի, եթե բժիշկն ունի հիմքեր, և կարծում է, որ վիտամին D-ի նշանակումից օգուտ կլինի։

Այսինքն, առանց անալիզների չի կարելի նշանակել վիտամին D։

Անալիզներն, իհարկե, կարևոր են։ Սա մենք պետք է թողնենք բժշկի որոշմանը։ 

Վիտամին C-ն կանխու՞մ է որևէ հիվանդություն։

Երկար տարիներ փորձում ենք հասկանալ։ Օրինակ՝ տարածված էր տեսակետ, որ վիտամին C-ն կարող է կանխել տարբեր մրսածությունների, սեզոնային, վիրուսային հիվանդությունների զարգացումը, մինչ օրս, սակայն, մենք չունենք հստակ տվյալ, որ կանխում է։

Միևնույն ժամանակ, վիտամին C-ի շատ կիրառումն, օրինակ, կարող է ախտահարել երիկամները, ինչը կարող է բերել երիկամային քարերի զարգացման։ Պետք է հիշել, որ այն սնունդ չէ, թեպետ սնունդի չարաշահումն էլ անվտանգ չէ։

Այսինքն՝ առանց ստուգելու և առանց նշանակման վիտամիններ կիրառել պետք չէ։

Մենք չունենք հստակ ապացույցներ, որ դրանք պետք է կիրառել առօրյայում, և դրանք ունեն հաստատված արդյունավետություն ընդհանուր առողջության պահպանման տեսանկյունից (խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ կա բժշկի ցուցում

Նման կիրառմանը ես դեմ եմ, ինչու՞, որովհետև վիտամինները պետք է մտնեն մարդու օրգանիզմ բնական ճանապարհով` բույսերի, տարբեր սննդատեսակների միջոցով, որոնք իրոք օգուտ են, իսկ գործարաններում սինթեզված նման պոլիվիտամինների, պատրաստուկների օգտակարության մասին մենք որևէ տվյալ չունենք։

Ավելին ասեմ, «ավել լինի, պակաս չլինի» սկզբունքով վիտամինների կիրառումը, փաստորեն, կարող է հակառակ էֆեկտն ունենալ, և որոշ հիվանդությունների զարգացման վտանգը մեծացնել։ Եթե անձը լիարժեք սնվում է, ճիշտ է սնվում, սննդակարգի մեջ ներկայացված են բոլոր անհրաժեշտ վիտամինները, լրացուցիչ պատրաստուկների կիրառումը հիմնավորված չէ։

Վիտամինները, երբ խմում ենք, դրանք 100% չեն յուրացվում, յուրացվում է, օրինակ, հաբի 70-80%։ Հատկապես B խմբի վիտամինների դեպքում, օրինակ, առավել նախընտրելի է ներարկումը։ Կա՞ տարբերություն վիտամինների դեղաձևի կիրառման մեջ։

Կախված է՝ ինչ վիտամինների մասին է խոսքը։ Որովհետև որոշ հիվանդությունների ժամանակ, եթե կա թերվիտամինոզ, մենք սրսկում ենք։ Օրինակ, B12-ը խմելով՝ որոշ հիվանդությունների ժամանակ չի ներծծվում, պետք է ներարկել։

Վիտամինի ներմուծման ճանապարհը կախված է հիվանդի ախտաբանական վիճակից։

Վիտամինների խմբեր կան, որոնց համատեղ կիրառումը չի խրախուսվում, քանի որ իրար դուրս են մղում, կամ խոչընդոտում են յուրացմանը։ Օրինակ, B12-ը E-ի հետ խորհուրդ չի տրվում, երկաթը լավ է օգտագործել վիտամին C-ի, D-ն՝ կալցիումի հետ։

Այո’, բայց այստեղ էլ կարծում եմ, բժշկի կարիք է պետք, և չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։ Օրինակ՝ նույն կալցիումը նույնպես պետք է որոշել, որովհետև դա այնպիսի միկրոէլեմենտ չէ, որ հիվանդն իր ցանկությամբ պետք է օգտագործի: Կան որոշ վտանգներ։

Այս համատեքստում՝ մուլտիվիտամինների, պոլիվիտամինների հավելումների կիրառումն արդյունավե՞տ է, որքանո՞վ է ճիշտ հաշվարկած դրանց դոզան հիվանդի կարիքների համար։

Կամ հայտնի ընկերություններն արտադրում են մաշկի, եղունգների, մազերի որակի լավացման համար վիտամինների խումբ, արդյո՞ք դրանք արդյունավետ են։

Հավելումները մարդը կիրառում է որպես լրացուցիչ միջոց։ Այդ առումով, ինչպես ասացի, պետք է հասկանալ՝ ինչքանով է դա հիմնավորված։ Քանի որ եթե սննդակարգը լիարժեք է, դրա կարիքը չկա։

Թեև հավելումներում ավելի ցածր դեղաչափեր են, բայց ես դրանց կիրառման անհրաժեշտությունը չեմ տեսնում։

Իսկ եթե սննդով չի յուրացնում, ինչքանո՞վ է արդյունավետ տարբեր վիտամինների կիրառումը ցածր դոզաներով՝ հավելումների տեսքով։

Կախված է նրանից, թե մենք ինչն ենք շտկում։ Օրինակ՝ հղիության ժամանակ կա իրավիճակ, երբ կնոջ մոտ անընդհատ փսխում է, սնունդը չի ներծծվում, որ մենք արդեն ստիպված ենք վիտամիններ տալ՝ որպես դեղ։ Չկա որևէ տվյալ, որ լրացուցիչ, սննդի հետ հավելումների կիրառումը կարող է օգուտ բերի։

Ամփոփելով՝ ինչի՞ կարող է հանգեցնել ցանկացած վիտամինի գերդոզավորումը։

Ամեն վիտամին ունի իր բացասական կողմն ու վտանգները։ Օրինակ` վիտամին A-ն ու D-ն ունեն գերդոզավորման վտանգ, չպետք է կիրառվեն անհսկելի քանակներով, նաև՝ C-ն։ Այո’, կարճ ժամանակում դա կարող է որևէ վտանգի չբերել, բայց եթե կիրառումը երկար է, այստեղ՝ C-ի դեպքում, մենք արդեն ունենք երիկամաքարային հիվանդության վտանգ և այլն։ D-ի չարաշահման ժամանակ կալցիումական փոխանակման հետ խնդիրներ կարող են առաջանալ։

Բոլոր դեպքերում, պետք է հասկանանք՝ որևէ վիտամինից ինչքան է մեզ անհրաժեշտ։

Հակաբիոտիկներ. 2018 թվականի մարտի 1-ից հակաբիոտիկների վաճառքը պետք է լիներ միայն դեղատոմսերով, բժշկի նշանակմամբ, սակայն հիմա մենք տեսնում ենք, որ դրանք ազատ վաճառվում են։ Նաև կորոնավիրուսի ժամանակ հակաբիոտիկների համատարած կիրառումը բերեց նրան, որ այսօր տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է ձևավորվել, և դրանք դարձել են ոչ արդյունավետ այլ հիվանդություններ բուժելիս։

Սա մեր հանրապետության լրջագույն խնդիրներից է։ Եվ երևի ավելի կարևոր, քան վիտամինները, որովհետև վիտամիններից մենք այդ վատ հետևանքները դեռ չենք տեսնում։ Այստեղ մենք տեսնում ենք շատ լուրջ հետևանքներ։ Ամբողջ աշխարհում այս հարցը լուրջ դրված է՝ կայունություն է ձևավորվում հակամանրէային դեղորայքի հանդեպ։

Հակամանրէային դեղերը, միանշանակ, պետք է լինեն միայն բժշկի նշանակմամբ, որպեսզի չնպաստենք դրանց նկատմամբ այլ մանրէների կայունության զարգացմանը, էլ չեմ ասում՝ մնացած այլ վտանգավոր դրսևորումների մասին մարդու օրգանիզմի վրա։

Ինչո՞վ է վնաս, և ինչու՞ չի կարելի ընդհատել հակաբիոտիկների կուրսը՝ 3, 5, 10 օրվա, եթե մարդն արդեն լավ է զգում։

Ամեն հիվանդության ծանրության աստիճան և ամեն մի հակաբիոտիկ ունի իր հստակ տևողությունն ու դեղաչափը։ Եթե մենք չենք ապահովում հաստատված տևողությունն ու դեղաչափը, հնարավոր է, հակաբիոտիկը բավարար չազդի հարուցիչի վրա, դրանք կշարունակեն զարգանալ։ Կզարգանան նաև հակաբիոտիկների հանդեպ կայուն հարուցիչները, և դա կարող է բերել բավական լուրջ հետևանքների։

Օրինակ, եթե մենք մինչև վերջ չենք բուժում վարակային հիվանդությունը, միայն հանում ենք սուր վիճակից, հիվանդն ավելի լավ է զգում և այլն, բայց մանրէն շարունակում է զարգանալ՝ բերելով բավականին վտանգավոր հետևանքների։ Կան հիվանդություններ, որոնք եթե մենք լիարժեք չբուժենք, դառնում է քրոնիկական։ Եթե մենք հիվանդությունը չբուժենք լիարժեք, մենք հետագայում ախտահարումներ կունենանք։ Կայությունն էլ, այո’, մյուս խնդիրն է։

Նաև տարածված բժշկական սխալ է հակաբիոտիկների հետ հակասնկայինների նշանակումը, ինչը նույնպես հիմնավորված չէ և կարող է կայունություն ձևավորել՝ արդեն հակասնկայինի նկատմամբ։

Այո’, դա անցյալ դարից է։ Ներկայում հակաբիոտիկների հակասնկային դեղերի հետ համատեղ կիրառման անհրաժեշտությունը հիմնավորված է վտանգի խմբում ներգրավված հիվանդներին։ Մի քանի ցուցում կա՝ երբ պետք է նշանակել հակասնկային։ Բոլոր հակաբիոտիկներին հենց այնպես պետք չի համակցել հակասնկային դեղեր. բացի նրանից, որ մենք մարդուն ենթարկում ենք ավելորդ դեղերի անբարենպաստ ազդեցությանը, դրա հետ մեկտեղ, մենք նպաստում ենք դեղի կայունությանը սնկերի նկատմամբ։

Բայց կան իրավիճակներ, երբ մենք հակասնկայիններն անպայման կիրառում ենք։ Օրինակ, երբ արդեն կան սնկային հիվանդությունների դրսևորումներ, եթե բժշկական պատմության մեջ՝ անամնեզում, մենք ունենք արդեն վտանգավոր տվյալներ, որ կարող են բարդություններ զարգանալ։ Սա արդեն խիստ մասնագիտական որոշում պետք է լինի։

Նույն սխալից՝ հակաբիոտիկ-պրոբիոտիկ զուգահեռ նշանակումը։ Գաստրոէնտերոլոգն ասում էր, որ պրոբիոտիկների նշանակումն արդարացված չէ, քանի որ նույն մածունն ավելի է օգնում աղիներին և ավելի շատ օգտակար մանրէներ է պարունակում, քան թանկարժեք պրոբիոտիկները։

Սա պարտադիր նշանակում չէ, միանշանակ։ Հայաստանի պայմաններում մեր սննդակարգը, մեր կաթնամթերքը հարուստ են մանրէներով։ Չկա նման ցուցում, որ հակաբիոտիկ ստացողն անպայման պետք է պրոբիոտիկ ստանա։

Մածունը, այո’, միանշանակ կարող է լիարժեք լրացնել պրոբիոտիկների քանակը։

Նույնպես ոլորտի կարծրատիպերի՞ց է, որ հակաբիոտիկ ստացողը պետք է պրոբիոտիկ խմի։

Այո’։ Պրոբիոտիկները, օրինակ, ընկճված իմունային համակարգի դեպքում կարող են բերել լուրջ հետևանքների։ Դրա համար այս հարցն էլ պետք է ունենա բժշկական նշանակում։

Ընդհանրապես, ես պրոբիոտիկների կիրառումից մինչև վերջ չեմ տեսել միանշանակ արդյունավետություն։ Ես կողմնակից եմ, որ ոչ թե պրոբիոտիկ կիրառվի, այլ ճիշտ սննդակարգ։

Իմունիտետը բարձրացնող դեղերը. լավ PR արած, գովազդված դեղե՞ր են, թե՞ իսկապես դրանցով կարելի է իմունիտետ բարձրացնել։

Ցավոք սրտի, մենք ներկայում ունենք բավականին լավ դեղեր, որոնք ընկճում են իմունիտետն ու օգտագործվում են հիվանդությունները բուժելու ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է դեղերին, որոնք իմունիտետն ակտիվացնում են այն աստիճանի, որ դա լինի անհրաժեշտ, այսինքն՝ կանխեն հիվանդություններն ու չվնասեն, ներկա պահին մենք չունենք։

Իմունոմոդուլյատորների տարածված նշանակումները, իհարկե, վատ են։ Եթե մարդու մոտ, որոշակի հիվանդություններով պայմանավորված, իմունային համակարգն ընկճված է, պետք է այլ ճանապարհներ գտնենք։ Իսկ աջ ու ձախ օգտագործել դեղեր, որոնց մասին մենք չունենք ապացուցողական բժշկության հստակ տվյալներ, ճիշտ չէ։ Նաև այս առումով մենք վտանգ ունենք, չենք կարող բացառել, որ դրդելով իմունիտետը՝ մենք այլ հիվանդություններ չենք առաջացնի։

Շատ դեպքերում արտահայտություն ենք լսում, որ երեխայի իմունիտետն ընկճված է, իմունոմոդուլյատորներ են նշանակում։ Այս պարագայում երեխան ուղղակի պետք է վարի առողջ ապրելակերպ ծնողների շնորհիվ՝ լիարժեք սննդակարգով, կոփվելով և այլն։

Այո’, երեխան կարող է հաճախ հիվանդանալ, բայց դա իմունոդեֆիցիտ չէ։ Եթե իմունոդեֆիցիտ է, արդեն պետք է դիմել բժշկի, ով կհասկանա՝ դա  ախտաբանական փոփոխությու՞ն է, թե՞ պարզապես ապրելակերպից է, տարբեր տիպի հարուցիչների, վիրուսների հետ շփումից է։ Համենայն դեպս, բժիշկը չի նշանակի այդ իմունոմոդուլյատորները։

Իսկ հոմեոպաթիկ դեղե՞րը. դրանք նույնպես չունեն ապացուցողական բազա, սակայն նշանակվում են, և կիրառումը Հայաստանում արգելված չէ։

Այո’, դրանք չունեն ապացուցողական բազա, բայց որոշ կիրառում ունեն եվրոպական երկրներում։

Պլացեբոյի էֆեկտի հաշվի՞ն:

Թեկուզ պլացեբո։ Մինչև հիմա հաստատված չէ՝ դա պլացեբո է, թե ոչ։ Հետազտությունները միշտ ժխտում են։ Չունենք ապացուցողական տվյալներ, որ իրենց արդյունավետությունը պլացեբոյից ավելի բարձր է։

Պլացեբո- առանց ակնհայտ բուժիչ հատկությունների նյութ, որն օգտագործվում է որպես բուժիչ միջոց։ Պլացեբոյի բուժական ազդեցությունը կապված է հիվանդի՝ դեղի ազդեցությանը հավատալու ներշնչանքի հետ։

Ֆիտոթերապիան ինչ-որ առումով նմա՞ն է հոմեոպաթիկ դեղերին։

Տարբեր են։ Ֆիտոթերապիայի ժամանակ մենք օգտագործում ենք բույսեր, բայց արդեն շատ՝ բուժիչ քանակությամբ։

Կոնցենտրացիան ավելի բա՞րձր է։

Այո’։ Ինչ վերաբերում է բուսական ծագման դեղերին, ապա դրանք նույնպես պարունակում են նյութեր, և իրենք նույն հաջողությամբ կարող են բերել թունավորման։ Չմոռանանք, որ հայտնի թույները ստացվում են հենց բույսերից։ Դրա համար, երբ մենք ասում ենք՝ բույս է, անվտանգ է, ոչ մի բույս՝ դեղաբույս, չի կարող համարվել անվտանգ։

Գիտականորեն ապացուցված չէ նաև լայն տարածում գտած «Վալերիանա»-ի արդյունավետությունը։

Ոմանց հանգստացնում է, բայց պետք է հասկանալ՝ անհանգստությունն ինչո՞վ է պայմանավորված։ Հնարավո՞ր է, որ հիվանդին անհրաժեշտ է մշտական, լուրջ բուժում։

Այսինքն՝ նույն պլացեբոյի՞ն է համարժեք։

Եթե ազդում է զուտ որպես պլացեբո, հիվանդին բուժելու կարիք չկա։ Բայց պետք է նայել՝ ցուցումներն ու հակացուցումները՝ ինչ վտանգներ կան։

Ասում են՝ բուսական է, անվտանգ է։

Ոչ մի բուսական դեղ անվտանգ չէ։ Եվ, իհարկե, եթե ինչ-որ լուրջ իրավիճակ է, «Վալերիանան» չի օգնում, այն դեղ չէ։

Տարբեր ախտանիշների դեպքում մարդիկ միշտ չէ, որ դիմում են բժշկի դեղ գնելիս։ Օրինակ՝ գլխացավերի դեպքում գնում են տարբեր տեսակի ցավազրկողներ։ Ի՞նչ խմբի ցավազրկողներ պետք է ընտրել գլխացավերի ժամանակ, որ ավելի չվնասենք, քանի որ գլխացավերը լինում են տարբեր պատճառներից և տարբեր հիվանդությունների նախանշան կարող են լինել։

Այո’, գլխացավը կարող է տարբեր պատճառներից լինել՝ լարվածություն, մրսածություն և այլն, բայց նաև կարող է լինել շատ վտանգավոր, մահացու հիվանդությունների հետևանք։ Այստեղ առաջինն ի՞նչ պետք է անել՝ հասկանալ պատճառը. զուտ տանք ցավազրկո՞ղ, թե՞ հետազոտենք ու հասկանանք՝ ինչ ենք անում հետագայում։

Գլխացավի հաճախականությունը նույնպես պետք է հաշվի առնել, շատ ուժգի՞ն է, թե՞ ոչ, պարբերաբար բնու՞յթ է կրում, եթե այո’, ինչի՞ հետ է կապված։ Պետք է հասկանալ՝ գլխացավը վտանգավո՞ր նշան է, թե՞ կարելի է մեկ անգամ որևէ ցավազրկող օգտագործել։

Եթե հաճախակի է գլխացավը, առի՞թ է մասնագետին դիմելու:

Այո’։ Եթե չբուժենք հիվանդությունը, հետագայում կարող ենք ունենալ լուրջ հետևանքներ։ Ցավազրկողների էպիզոդիկ կիրառումների դեպքում պետք է նայել հակացուցումները։ Օրինակ՝ նույն պարացետամոլը կարող է մեկին հակացուցված լինել, մյուսին՝ իբուպրոֆենը, նիմեսուլիդը և այլն։ Օրինակ, ալկոհոլամոլության ժամանակ պարացետամոլի կիրառումը ցանկալի չէ։

Այս առումով՝ ալկոհոլի և դեղերի միաժամանակ ընդունումն ինչքանո՞վ է վտանգավոր։

Այստեղ մի քանի վտանգ կա՝ կախված նրանից՝ դա զուտ փոքր քանակի ալկոհոլի օգտագործու՞մ է, ալկոհոլամոլությու՞ն է, թե՞ այլ։ Կախված է նաև՝ թե ինչ դեղերի հետ միաժամանակ։ Որովհետև, օրինակ, հոգեմետ դեղերի հետ համակցումը վտանգավոր է, ճնշում իջեցնող դեղերի հետ կիրառումը նույնպես վտանգավոր էլ։ Որոշ հակաբիոտիկների դեպքում էլ ցանկալի չէ։ Ցավազրկողների և ալկոհոլի անընդհատ կիրառումը կարող է բերել խոցի զարգացման։

Դրա համար, իհարկե, ալկոհոլի հետ զուգահեռ դեղերի ընդունումից պետք է խուսափել և անպայման կարդալ դեղերի կիրառման հրահանգը, որևէ կասկածի դեպքում էլ՝ խորհրդակցել մասնագետների հետ։

Ջերմիջեցնողների մասին. ասում են, որ եթե ջերմությունը 38-38,5-ից չի բարձրանում, ջերմիջեցնողների կարիք չկա, օրգանիզմը պայքարում է։

Բոլորի համար չենք կարող ասել. կա բնակչության մի հատված, որոնց մոտ կարող է ուղեկցող հիվանդություն լինել։ Վարակային բնույթի հիվանդությունների ժամանակ ավելի ճիշտ է և ցանկալի 38-ի, ոչ ավելի, քան 38,5-ի ժամանակ տենդը պահել, որովհետև այն պաշտպանիչ գործընթաց է, և ակտիվացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Երբ ջերմիջեցնողը երեխային տալիս ենք, պետք է անպայման բացառենք ջրազրկումը, հեղուկ տալը պարտադիր պայման է, որ դեղն արդյունավետ ու անվտանգ լինի։

Մրսածության ժամանակ, գրիպի դեմ կիրառվող թեյերն ինչքանո՞վ են արդյունավետ, օրինակ, «Терафлю»-ն, «Колдрекс»-ը և այլն։

Կանխման մասին՝ էլի լսել եմ ոմանցից, որ իրենք օգտագործում են և չեն հիվանդանում, բայց ես միշտ հարց եմ տալիս՝ դուք վստա՞հ եք, որ չօգտագործեիք, կհիվանդանայիք, որովհետև, կարող է, դա ձեր իմունային պատասխանն է։

Չունենք տվյալներ, որ կանխարգելում է։ Այստեղ էլ պետք է բավականին զգույշ լինել, հատկապես՝ երեխաների պարագայում մանկաբույժների խորհրդատվություն է պետք։ Հիմնականում շատ տարածված են հիմա վիրուսային բնույթի հիվանդությունները, երբ որ մենք սահմանափակվում ենք մեծ քանակներով հեղուկներ խմելով, իսկ եթե ջերմությունը բարձր է 38-38,5-ից՝ ջերմիջեցնող ենք տալիս, եթե կա ցավ՝ ցավազրկող։ Եվ հետևում ենք տևողությանը, ծանրության աստիճանին, լրացուցիչ նշաններին, որոնք երբեմն կարող են հոսպիտալացում պահանջել։

Ջեներիկ (վերարտադրված) և օրիգինալ (բրենդային, առաջին անգամ ստեղծված նոր ակտիվ բաղադրատարրերով դեղ) դեղեր. կա՞ն օրիգինալ դեղերի խմբեր, որոնք չարժե փոխարինել ջեներիկով։

Գիտական տեսանկյունից, եթե դեղերն արտադրված են՝ ըստ բոլոր անհրաժեշտ պահանջների, եթե ջեներիկն արտադրվում է, և արտադրության որևէ շեղում չկա, բոլոր պայմաններն ապահովված են, ու արտադրողը տալիս է տվյալներ, որ, իրոք, օրիգինալին համարժեք է, իմ կարծիքով, տարբերություն չպետք է լինի։

Ամեն դեպքում, չենք կարող ասել, որ ջեներիկն ավելի վատն է, կամ ավելի թույլ է:

Չէ’, չենք կարող ասել։ Նույն ապահովագրությունները տարբեր երկրներում գերադասում են ջեներիկը, եթե, իհարկե, ապահովված է որակը։

Առաջնայինը դեղի որակն է և համարժեքությունը օրիգինալ դեղի հետ։

Մարդիկ արտասահման գնալիս նաև դեղեր են բերում՝ նշելով, որ Հայաստանում վաճառվող դեղերի որակն այն չէ։ Ինչու՞ է նման կարծիք ձևավորվել։

Չեմ կարող ասել։ Այս դեպքերում երևի գումարվում է նաև պլացեբոյի էֆեկտը։ Գործոնները կարող են լինել և’ օբյեկտիվ, և’ սուբյեկտիվ։ Այս հարցին ավելի լավ կարող է պատասխանել այն կառույցը, որը հսկում է դեղերի որակը, որովհետև այստեղ նաև կեղծված դեղերի հարց կա։

Ինչու՞ է կարևոր դեղը խմել ջրով, ոչ թե թեյով, սուրճով կամ այլ հեղուկով։

Որովհետև կան դեղեր, որոնց ներծծումն ու ազդեցությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ, երբ որ կիրառվի այլ հեղուկների՝ սուրճի, հյութերի հետ։ Օրինակ՝ որոշ հակագերճնշումային դեղեր, ստատիններ, կամ, ասենք, կոլխիցին ստացող մարդիկ պետք է խուսափեն թուրինջի հյութի օգտագործումից, քանի որ դա կարող է բերել դեղերի անբարենպաստ ազդեցությունների զարգացման վտանգի մեծացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter