
«Ճանապարհը փակելու հիմնական նպատակը Հայաստանի նկատմամբ ճնշումներն են եւ ստիպելը շատ հարցերում գնալ միակողմանի զիջումների»
Արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է մի քանի կետերի:
Հարցին, թե ինչու մինչ օրս ռուսական խաղաղապահ ուժերին չի հաջողվում բացել ճանապարհը, եւ արդյոք տեսնում է ռուս-ադրբեջանական փոխհամաձայնեցված գործարք, քաղաքագետը պատասխանում է, որ ռուսական խաղաղապահ ուժերին ոչ թե չի հաջողվում բացել ճանապարհը, այլ նրանք նման նպատակ չունեն, եւ սկզբից էլ չեն ունեցել, ու ճանապարհը փակվել է փոխհամաձայնեցված:
«Ճանապարհը փակելու հիմնական նպատակը Հայաստանի նկատմամբ ճնշումներն են եւ ստիպելը շատ հարցերում գնալ միակողմանի զիջումների, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ադրբեջանը արդեն առաջին դեմքի մակարդակով, եւ ինչի մասին ակնարկում է Ռուսաստանը բավական ժամանակ»,- նշում է քաղաքագետը:
Նա նկատում է, որ երբ հայկական կողմից էին մարդիկ փորձում մոտենալ ճանապարհի փակված հատվածին, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, փշալարեր էին դրված, մինչդեռ նույն մոտեցումը չկար ադրբեջանցի «էկոակտիվիստների» նկատմամբ: Ղեւոնդյանի խոսքով՝ պատճառն այն է, որ ճանապարհը փակելու գործողությունը նախապես ծրագրված էր, եւ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանն ամբողջապես իրազեկված էին, թե ինչի համար է արվում եւ ինչպես պետք է իրականացվի:
«Մինչեւ 2025 թ. կանխատեսվում են շատ մեծ փոփոխություններ»
Հարցին, թե հաշվի առնելով ներկա իրավիճակն Արցախում՝ ունի՞ կանխատեսեսելի սցենար, թե ինչ տեղի կունենա 2025-ին, երբ լրանա ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը, քաղաքագետն ասում է, որ, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ներկա տեմպը, հարցը բավական մեծ ժամանակահատվածի մասին է:
«Մինչեւ 2025 թ. կանխատեսվում են շատ մեծ փոփոխություններ աշխարհակարգի փլուզման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման արդյունքում, ինչն, իհարկե, առաջին հերթին կապված է Ուկրաինայի հետ»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ նկատելով, որ եթե նախկինում, օրինակ, երկու տարվա կտրվածքով քաղաքագիտական վերլուծությունները կարող էին իրականություն դառնալ 30-40 տոկոսով, ապա հիմա 10 տոկոսի շեմն էլ չեն անցնում: Այսինքն՝ հիմա նման կանխատեսումները անշնորհակալ գործ են:
Ռոբերտ Ղեւոնդյանի խոսքով՝ հարցն այն է, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ Հայաստանը, պետք է կուտակեն հնարավորինս մեծ քաղաքական կապիտալ՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, ու սպասեն զարգացումներին: Իսկ զարգացումները, ըստ նրա, պարտադիր չէ, որ մարտահրավերային լինեն, դրանք կարող են լինել բազմաթիվ հնարավորություններ, որոնց համար այդ քաղաքական կապիտալը՝ որպես ռեսուրս, անհրաժեշտ է լինելու:
Տարածաշրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ անորոշություն է: Դժվար է կանխատեսել զարգացումները: Հիմա, օրինակ, տեսնում ենք Ֆրանսիայի բավական լուրջ հավակնությունները մեր տարածաշրջանում լուրջ խաղացող դառնալու համար: «Ֆրանսիան տեսնում է, որ տարածաշրջանում լուրջ դերակատարում կարող է ունենալ Հայաստանի միջոցով՝ ինչ-որ չափով գրավելով Ռուսաստանի տեղը, որովհետեւ նախկինում Ռուսաստանն էր Հայաստանը որպես պլացդարմ օգտագործում՝ տարածաշրջանում գործընթացներին մասնակցելու համար»,- նշում է քաղաքագետը:
«ՀԱՊԿ-ն սպառել է իրեն Հայաստանի անվտանգության ապահովման հարցում»
Հարցին, թե արդյոք Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները մտել են վերջնական խզման փուլ, մեր զրուցակիցը պատասխանում է, թե «հուսանք՝ այդպես է»: Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգային ճարտարապետության հարցում սպառել է իրեն, եւ որեւէ դերակատարում չունի Հայաստանի անվտանգության ապահովման համար: «Ճիշտ կհամարեի, որ Հայաստանը սկսի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց: Կանոնակարգը տեւում է 6 ամիս, եթե այդ 6 ամսվա ընթացքում լուրջ փոփոխություններ լինեն, ՀԱՊԿ-ն սկսի գործառութային նշանակություն ունենալ Հայաստանի համար, Հայաստանը կարող է հետ վերցնել դիմումը եւ դուրս չգալ ՀԱՊԿ-ից: Դա կարող է ազդանշան լինել միջազգային հանրության, այլ գործընկերների համար, որ Հայաստանը գնում է այլ ուղով եւ պատրաստ է այլ անվտանգային հնարավորություններ ներառել քննարկումներին»,- նկատում է քաղաքագետը:
Ո՞ր դեպքում կբացվի ճանապարհը
«Ճանապարհի բացվելը մեծ հաշվով կախված կլինի նրանից, թե ինչքանով արդյունք կտա ճնշումը Հայաստանի վրա: Եթե արդյունք տա, եւ Ադրբեջանը կամ Ռուսաստանը ինչ-որ փոքր զիջումներ ստանան Հայաստանից, ապա դժվար թե շուտ բացվի, բայց եթե մեծ զիջում լինի, այդ ճանապարհը կբացվի, սակայն Հայաստանը կկորցնի գուցե շատ ավելի կարեւոր տեղում»,- նշում է մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ՝ ճանապարհը կբացվի նաեւ այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը հասկանան, որ այդ կերպով ճնշումը Հայաստանի վրա արդյունավետ չէ, եւ վերջինս որեւէ զիջման չի գնում: Քաղաքագետը նշում է, թե, կարծես, սա է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը՝ որեւէ հարցում որեւէ զիջման չգնալ ճանապարհի բացման դիմաց: «Սա եւս մարտավարություն է, ինչը գուցե ժամանակի ընթացքում արդյունք տա: Իսկ ընդհանուր առմամբ ճանապարհի բացումը հայկական կողմին որեւէ էական շահ չի տա, որովհետեւ հասկանում ենք, որ ցանկացած պահի այն կարող է փակվել՝ դրա դիմաց ինչ-որ բան ուզելով Հայաստանից՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի պետականության վերացում»,- ասում է քաղաքագետը:
«Միջազգային կառույցներին ծանրաբեռնել տարբեր բանաձեւերով ու իրավական գործընթացներով»
Ռոբերտ Ղեւոնդյանը նշում է, որ թեեւ Հայաստանի իշխանությունները որոշ քայլեր անում են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, դրանք բավարար չեն:
«Գտնում եմ, որ կան որոշ ուղղություններ, որտեղ կարելի է մի քիչ ակտիվ լինել: Դրանցից մեկը, օրինակ, սփյուռքի ներուժն ավելի ակտիվ օգտագործելն է, ինչի մասին սփյուռքի հանձնակատարն օրերս խոսեց, բայց նշանները չեն երեւում: Դրանցից է, օրինակ, տարբեր բանաձեւերով, իրավական գործընթացներով միջազգային կառույցներին ծանրաբեռնելը, որպեսզի անհանգստություն զգան Հայաստանի կողմից»,- ավելացնում է «Հետքի» զրուցակիցը:
Մեկնաբանել