HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերում մնալու պատրաստակամության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վրաստանի պարտաստակամությունը շարունակելու իրականացնել միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Խոսվել է անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և տարածաշրջանում ու աշխարհում առկա մարտահրավերների մասին։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս միջնորդի դեր կատարել հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասված է վրացական կառավարության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է այդ երկրի կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ՝ նախորդ հինգշաբթի օրը միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ Ղարիբաշվիլին ևս նշել է, որ Վրաստանը նախաձեռնություն ունի ստեղծելու խաղաղ հարևանության հարթակ։ Նրա խոսքով՝ նոր ձևաչափը չի փոխարինի գոյություն ունեցող մյուս հարթակներին և նախաձեռնություններին, այլ հակառակը, «կօգնի էլ ավելի ամրապնդել երկարաժամկետ խաղաղության ու տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները»։

Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդի դեր էր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այսպես, վրացական միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 գերեվարված զինծառայողի, իսկ Երևանը Բաքվին էր ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։ Միջնորդության ևս մեկ օրինակ դարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը Թբիլիսիում կայացավ 2022 թվականի հուլիսի 16-ին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել էին Երևան, որտեղ Վրաստանի վարչապետը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի այդ, Երևանում այսօր կայացել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նիստի արդյունքում ստորագրված որոշումներից մեկն էլ այն է, որ այսուհետ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter