HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվից Հայաստան է վերադարձել 15 գերի

Բաքվից Հայաստան է վերադառնում 15 գերի, իսկ դրա փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Այդ մասին հայտարարում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գերիներին Հայաստան կուղեկցի ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

«2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները, որոնք տեղադրված են եղել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում<...> Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայերի, որոնք դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել և որոնց պատժի կրման ժամկետը լրացել էր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի երեկոյան Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել էր շիրակցի 14 գերիների շինծու գործով դատական ակտը։ Ըստ այդմ գերիներից երկուսը դատապարտվել էին չորս, իսկ մնացած 12-ը՝ վեց ամիս ազատազրկման։ Փաստաբան Արա Ղազարյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 12 անձանց պատժի կրման ժամկետը լրացել է, քանի որ, ըստ Ադրբեջանի օրենսդրության, այն հաշվարկվում է արգելանքի վերցնելու պահից։ Իսկ շիրակցի գերիները գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին։

Վերադարձող գերիներից թերևս 12-ի անունը հայտնի է, որոնց պատժի կրման ժամկետը, ըստ Բաքվի դատարանի որոշման, լրացել է։ Նրանք են Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասատրյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը, Էդգար Վաչագանի Մահտեսյանը, Արամ Գառնիկի Մինասյանը, Մկրտիչ Սիմոնի Մինասյանը, Ալբերտ Կամոյի Պետրոսյանը, Արմեն Եղիազարի Պողոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը։

Որոշ տվյալների համաձայն՝ մյուս երեք վերադարձողներն են Եղիշ Հովհաննեսի Ասլանյանը, Գրիգոր Գեորգիի Գևորգյանը և Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը։ Ավելի ուշ, կառավարությունը հաստատել է այս ցանկը։ Նրանք բոլորը շիրակցիներ են, որոնք գերեվարվել էին դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում։

Լուսանկարը՝ արխիվային/ Ազատություն ռադիոկայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter