HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միայն Արցախում ապրելով կարող ենք ոտքի կանգնել». Լալայան ընտանիքը հույսով սպասում է Լաչինի միջանցքի բացմանը

Էլեոնորա Լալայանը 10 տարեկան էր, երբ 1988 թվականին, արցախյան շարժման ժամանակ նրա ընտանիքը Բաքվից տեղափոխվեց Արցախ՝ ջարդերից խուսափելու։ Հաստատվել էին Շուշիում։

Մինչև 2020-ի պատերազմը Էլեոնորան աշխատում էր Շուշիի մշակույթի կենտրոնում, ամուսինն աշխատում էր շինարարության մեջ։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 9-ին Շուշիից տարհանվեցին Երևան, իսկ պատերազմից անմիջապես հետո վերադարձան Արցախ՝ Ստեփանակերտ։

Ամեն ինչի պատրաստ են, միայն թե ստիպված չլինեն նորից թողնել հայրենիքը։ Հարցին, թե ի՞նչ են անելու, երբ Լաչինի միջանցքը բացվի, Էլեոնորան պատասխանում է. «Բոլորը մտածում են այստեղից հեռանալու, փախչելու մասին։ Բայց ամեն անգամ փախչելով ո՞ւր պետք է գնան։ Մենք փախստականներ ենք Բաքվից։ Դեռ փոքր էի, երբ տեղափոխվեցինք Արցախ։ Այստեղից գնամ Երևան, միգուցե Երևանից էլ է պետք լինելու փախչել, այնտեղի՞ց էլ ճամպրուկները հավաքել ու փախչել։ Ինչքա՞ն կարելի է փախչել։ Ինչքան շատ մարդ ապրի այստեղ, այնքան մեզ համար ավելի լավ կլինի։ Ինձ թվում է՝ միայն այդպես կարող ենք ոտքի կանգնել։ Իսկ եթե հերթով դուրս գանք, մեզ լավ բան չի սպասվի, Ղարաբաղն էլ չի մնա։ Եթե մարդ չմնա այստեղ, էլ ո՞ւմ է պետք այս հողը։ Ես ամեն օր ասում եմ, որ եկող շաբաթ ճանապարհը կբացվի, ու գուցե մի եկող շաբաթ, իրոք, բացվի»։

Լալայանների 5-հոգանոց ընտանիքն ապրում է Ստեփանակերտի «Հեղնար» հյուրանոցում։ Փոքրիկ սենյակում արդեն մեկ ամիս է՝ խոսակցություններն անորոշության ու հույսի մասին են։ «Lավ կլինի»,- ասում է Էլեոնորան, թեեւ Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է։

Սնունդ չէին պահեստավորել։ «Խանութներում նույնիսկ հիգիենայի պարագաներ չկան»,- ասում է Էլեոնորա Լալայանը։ Եթե որեւէ ապրանք է գտնվում, սովորականից շատ են գնում։ «Վախից ենք գնում, մտածում ենք` եթե այսօր չգնենք, վաղն արդեն չի լինի։ Մարդիկ պահեստավորում են»,-պատմում է Էլեոնորա Լալայանը։

Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ դժվարությամբ են գտնում, նույնիսկ հերթ կանգնելով չեն կարողանում գնել։ «Մինչև հասնում է գնելու քո ժամանակը, վերջանում է։ Բոլոր ապրանքների դեպքում գրեթե նույն բանն է»,-շարունակում է Էլեոնորայի ամուսինը՝ Հրայր Լալայանը։ 

Հրայրը շինարար է, բայց հիմա չի աշխատում, քանի որ շինանյութ չկա։ «Սրան էլ ենք դիմանալու։ 1992-ին ավելի վատ էր, ոչ ոք աշխատանք չուներ»,- ասում է նա։

Դուստրը՝ 22-ամյա Յանան, հակադարձում է՝ հիմա 90-ականները չեն, շատերին հենց աշխատանքն է պահում Արցախում. «1992-ին աշխատանք չկար, բայց բոլորը մնում էին ու գնալու մտադրություն չունեին, հիմա այդպես չէ։ Ամեն ինչ փոխվել է․հիմա նույնիսկ տնտեսել չի ստացվում, ամեն ինչի շատ լինելուն ենք սովորել»։

Այս պահին ինչ ունեն՝ որոշ ժամանակ կբավարարի, հետո անցնելու են կտրոններին։ Շրջափակման առաջին օրերին համոզված էին, որ այն մի քանի օր կտեւի, բայց հիմա անորոշությունը վախեցնում է։ Ասում են՝ իրենցից միայն համախմբվել է պահանջվում, բայց թե ով է համախմբելու կամ ինչպես՝ լավ չեն պատկերացնում։ Դեմ են ճանապարհը ուժով բացելուն, քանի որ դա կարող է նոր պատերազմ հրահրել։

Լալայանները երեք երեխա ունեն։ Կրտսերը՝ 13-ամյա Նորայրը, դպրոցից է պատմում։ Ասում է՝ բուֆետը գործում է, բայց միայն կոնֆետ ու ադիբուդի կա, կարկանդակ, թխվածքներ չեն թխում։ Տրամադրությունը բարձր է, դասերից հետո Թումո կենտրոն է հաճախում, սպորտով է զբաղվում։

Լալայանների ավագ որդին՝ 19-ամյա Լենսերը ժամկետային ծառայության մեջ է: Մինչեւ 2020-ի պատերազմը Լենսերը սովորում էր Շուշիի ագրարային համալսարանում։

Յանան սովորում է Արցախի պետհամալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա երազում է դրսում կրթություն ստանալու եւ Արցախ վերադառնալու մասին` ինչ-որ բան փոխելու հույսով, պարզապես չգիտի՝ կհասցնի՞ այս տարի համալսարանն ավարտել, թե՞ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter