HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարծում եմ՝ գազը նորից կանջատեն, օղակը գնալով կսեղմեն, բայց մեկ է՝ արցախցու տեսակն անկոտրում է»

Ստեփանակերտցի Լեւոն Սահակյանը չէր պատկերացնում, որ դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտից Երեւան գալուց ժամեր անց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անորոշ ժամանակով փակվելու էր «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիների կողմից։ «Հետքի» հետ զրույցում Լեւոնն ասում է, որ սկզբից մտածում էին, թե առաջին անգամվա (դեկտեմբերի 3-ին տեղի ունեցածի) պես կլիներ՝ ժամեր հետո ադրբեջանցիները կբացեին ճանապարհը, հետո մտածում էին, թե մինչեւ Նոր տարի կբացվեր, իսկ հիմա կարծում են, որ ճանապարհը դեռ երկար փակ կմնա։

23-ամյա Լեւոնն օպերատոր է։ Արցախցի վավերագրող, օպերատոր Բենիկ Կարախանյանի թոռն է։ Պատմում է, որ 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակ ինքը 16 տարեկան էր, ու տարիքի պատճառով չէին թույլատրում դիրքեր բարձրանալ՝ նկարահանումներ կատարելու։ Այդուհանդերձ, երբ իմացել էր, որ Ռուսաստանից լրագրող է գալու Արցախ՝ լուսաբանելու պատերազմը, պատրաստակամություն էր հայտնել առանց վարձատրության օգնել նրան՝ իր իսկ տեխնիկայով նկարահանումներ կատարել, միայն թե իրեն էլ առաջնագիծ տանեին։ Այդպես Լեւոնը հայտնվել էր առաջնագծում՝ Թալիշում, Մատաղիսում, Մարտունիում։ Երբ պապն իմացել էր, որ թոռը դիրքեր է բարձրանալու, ոգեւորել էր՝ միաժամանակ բացատրելով սահմանային անվտանգության կանոնները։

Լեւոնն ընտանիքի միակ զավակն է։ Մայրը, տատն ու պապը հիմա Ստեփանակերտում են, իսկ ինքը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո, որն անցել է Շուշիի ՀՕՊ զորքերում, շարունակում է ուսումը։ Ներկայում Արցախում գտնվող ընտանիքի հետ միակ շփման ձեւը դարձել է հեռախոսակապը։

2023 թ. Նոր տարին միակն էր, որ Լեւոնն ընտանիքի հետ չի անցկացրել։ Պատմում է, որ նախկինում միայն մեկ անգամ է եղել՝ մանկության տարիներին, երբ Ամանորը Երեւանում են նշել, մնացած դեպքերում այն դիմավորել են Արցախում։ Այս Ամանորի գիշերը թե՛ ինքը, թե՛ ընտանիքը եկեղեցում են դիմավորել՝ ընտանիքը՝ Արցախում, ինքը՝ Երեւանում։

Ասում է, որ Արցախում կարոտել է ամեն ինչ՝ առավոտյան իր տանն արթնանալը, ընկերների հետ շփումը, հարազատներին։ Սպասում է՝ հենց ճանապարհը բացվի, առաջին օրն էլ գնալու է։

Շրջափակման մեջ հայտնված Արցախից միայն հուսադրում են Լեւոնին։ «Իրենք են ինձ դուխ տալիս»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Լեւոնի կարծիքով՝ Արցախի շուրջ օղակը դեռ սեղմվելու է։ «Կարծում եմ՝ գազը նորից կանջատեն, օղակը գնալով կսեղմեն, բայց մեկ է՝ արցախցու տեսակն անկոտրում է։ Արցախցիներն իրենց տեսակով խուճապի չեն մատնվում, քչով էլ բավարարվում են, որովհետեւ գիտեն, թե հանուն ինչի են իրենք մնում այնտեղ»,- նշում է նա։

«Հետքի» զրուցակիցը կարծում է, որ ճանապարհը կբացվի միայն զենքով։ «Առհասարակ տարածաշրջանում պատերազմի են պատրաստվում։ Հույս ունենք, որ Արցախը կմնա որպես Արցախ, եւ մենք նորից կապրենք մեր տներում»,- ավելացնում է Լեւոն Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter