HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Հունվարի 14-ի ցերեկը Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից հերթական հրթիռակոծության ժամանակ, հրթիռներից մեկն ընկել է Դնեպր քաղաքի 9-հարկանի շենքերից մեկի վրա՝ ամբողջությամբ ավերելով դրա շքամուտքերից մեկը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, այդ թվում` 15-ամյա մի աղջիկ։ 

Գիշերվա ընթացքում շարունակվել են փրկարարական աշխատանքները։ BBC-ի տվյալներով՝ փլատակների տակից հանվել է 38 մարդ, այդ թվում` 6 երեխա։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 73 մարդ, որոնցից 14-ը՝ երեխաներ։

Կիրակի՝ հունվարի 15-ի առավոտյան մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտնել է, որ շարունակվում են 40 մարդու որոնողական աշխատանքները։ Հարվածը հասցվել է ոչ աշխատանքային օրվա ժամանակ, երբ շենքի բնակիչների մեծ մասը տանն են եղել։ 

Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի խոսքով՝ ռուսական հրթիռն առողջությամբ ավերել է մեկ շքամուտք՝ ընդհանուր 72 բնակարան, որտեղ ապրելիս է եղել մինչև 200 մարդ, ներառյալ մոտ 50 երեխա։ Ընդհանուր առմամբ, այդ շենքում բնակվելիս է եղել մոտ 1700 մարդ։

«Դնեպր քաղաքում ավերվել է բնակելի շենք։ Դրա բոլոր հարկերը՝ երկրորդից մինչև իններորդ, փլվել են ռուսական հրթիռի պայթյունից։ Հաջողվել է փրկել տասնյակ մարդկանց՝ վիրավոր և վնասվածքներ ունեցող։ Նրանց օգնություն է տրամադրվել։ Դրանց թվում կան երեխաներ, ամենափոքր աղջնակը երեք տարեկան է։ Եվ դա հիմա։ Ցավոք, զոհերի թիվը յուրաքանչյուր ժամ աճում է<…> Իմ ցավակցությունները հարազատներին ու մերձավորներին»,- իր երեկոյան ուղերձի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության վերաբերյալ հայտնի էր դարձել շաբաթ երեկոյան։ Այդ ժամանակ Ռուսաստանն արդեն մի քանի ժամ հրթիռակոծում էր Ուկրաինայի տարածքը։ Հրթիռակոծության նպատակը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ռուսական իշխանությունները, եղել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

Շաբաթ օրը ո՛չ ՌԴ ռազմական ղեկավարությունը, ո՛չ ռուսական իշխանությունները չէին մեկնաբանել նոր հարվածները, այդ թվում` Դնեպր քաղաքում բնակելի շենքի հրթիռակոծությունը։ «Ողբերգություն։ Տեղում եմ։ Ամբողջ գիշեր կմաքրենք փլատակները»,- հայտարարել էր Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։ 

Ուկրաինայի փրկարար ծառայությունը հրապարակել է հրշեջների և բժիշկների աշխատանքի կադրերը։ «Ամբողջ տունն առանց էլեկտրականության է, գազի ու լուսամուտների։ Փաստացի կեցությամբ պետք է ապահովել ավելի քան 1000 մարդու»,- հայտարարել է Կիրիլ Տիմոշենկոն։

Հրթիռակոծությունից մի քանի ժամ անց Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ ռուսական կողմը կիրառել է X-22 հրթիռ, որն արձակվել էր Ту-22М3 ռմբակոծչից։ «950 կիլոգրամ մարտական մաս ունեցող հրթիռը, որը կոչվում է ավիակիրների մարդասպան, նախատեսված է ծովում ավիակիր խմբերը ոչնչացնելու համար։ Այն կարող է հագեցած լինել միջուկային մասով: Եվ այդպիսի հրթիռով հարվածում են խիտ բնակեցված քաղաքին, որտեղ մարդիկ են...»,- հեռուստաեթերի ժամանակ հայտարարել է նա։

Ռուսաստանն արդեն իսկ այդ հրթիռները կիրառել է Ուկրաինայի հրթիռակոծության ժամանակ։ «Այդպիսի հրթիռ մի քանի ամիս առաջ ընկել էր Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա»,- հայտնել է Իգնատը։ Հունիսի վերջին «Ամսթոր» առևտրի կենտրոնի հրթիռակոծության հետևաքով զոհվել և անհետ կորել էր 22 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ, չնշելով հրթիռի տեսակը, պնդել էր, որ «բարձր ճշգրտության զենքով», իբր, հարված է հասցրել սպառազինության պահեստին։

Ավելի ուշ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չունեն կրակային միջոցներ, որոնք կարող են խոցել X-22 հրթիռները։ «2023 թվականի հունվարի 14-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ту-22М3 հեռահար 5 ռմբակոծիչներից Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել է Х-22 տեսակի 5 թևավոր հրթիռ։ Արձակումներն իրականացվել են Կուրսկի մարզից ու Ազովի ծովի ավազանից։ X-22 տեսակի հրթիռներից մեկը, որը 2023 թվականի հունվարի 14-ին, ժամը մոտ 15:30-ին արձակվել էր Կուրսկի մարզից, ընկել է բազմահարկ շենքի վրա»,- նշվում է Օլեշուկի հայտարարության մեջ։

«Որևէ կասկած չկա, որ դա եղել է հենց X-22 հրթիռը։ Ուկրաինայի զինված ուժերում չկան կրակային միջոցներ, որոնք ունակ են խոցելու հրթիռների այդ տեսակը։ Ուկրաինայի տարածքի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մեկնարկից ի վեր արձակվել է այդ տեսակի ավելի քան 210 հրթիռ։ Որևէ մեկը չի խոցվել հակաօդային պաշտպանության միջոցների կողմից»,- հավելել է նա։

Hromadske-ն նշում է, որ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն այդ կերպ հերքել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունն այն մասին, որ Դնեպրի վրա հրթիռը, իբր, խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից։ 

X-22 «Փոթորիկ» (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ AS-4 Kitchen) մեծ հեռահարության գերձայնային թևավոր հականավային հրթիռ է։ Դրա առաջին մոդիֆիկացիան խորհրդային բանակի զինանոցում ներառվել է դեռևս 1968 թվականին։ Այս հրթիռն անվանում են «ավիակիրների մարդասպան», քանի որ այն ի սկզբանե մշակվել էր հենց այդ թիրախների խոցման համար։ Սակայն Х-22-ն ունի տարբեր մոդիֆիկացիաներ, և թե հենց որն է կիրառվել, Ուկրաինայի զինված ուժերում չեն նշել։ 

Դնեպրում հայտարարվել է եռօրյա սուգ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter