HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2023 թ. ՀԱՊԿ 4 զորավարժությունից 3-ը կկայանա Բելառուսում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ 2023 թվականի համար պլանավորած 4 զորավարժությունից 3-ը կկայանա Բելառուսում։ Այդ մասին CTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։

«Ռազմական գծով չորս զորավարժություններից երեքը, որոնք ամեն տարի անց է կացնում կազմակերպությունը, նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանց թվում են օպերատիվ արձագանքման «Փոխգործակցություն» զորավարժությունը, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» զորավարժությունը, թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժությունը։ Բոլորը կկայանան սեպտեմբերին մեր երկրի տարածքում»,- ասել է նա։

Մուրավեյկոն հայտնել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում բելառուսական նախագահության շրջանակներում նախատեսվում է Մինսկում անցկացնել եվրասիական անվտանգության միջազգային կոնֆերանս, ինչպես նաև ՀԱՊԿ-Չինաստան ձևաչափով հանդիպումներ, որին հավանաբար կմասնակցեն անդամ երկրների ու Չինաստանի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարները։

«Մեծ ուշադրության կարժանանա կազմակերպության տեղեկատվական-վերլուծական բաղադրիչի զարգացումը, քանի որ այսօր ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին։ Այդ իսկ պատճառով դրա վրա շեշտադրում է արվել, և դա ևս մեր նախագահության առաջնահերթություններից մեկն է»,- նշել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։ Ընդ որում, Հայաստանում արդեն իսկ պլանավորված էր անցկացնել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը։

Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել էր, որ Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա իրավիճակին, որը «կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը՝ պնդելով, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ «ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների ըմբռնում: <...>Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- ասված էր հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter