HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Ներկայում թշնամական հարձակումը խլել է շենքի 35 բնակչի կյանք։ Դրանց թվում 2 երեխա կա։ 39 մարդ փրկվել է, 75-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 14-ը երեխաներ են։ Շենքի ևս 35 բնակչի ճակատագիրն անհայտ է։ Փլատակների տակ մարդկանց որոնումները շարունակվում են»,- գրել է նա։

Ռեզնիչենկոյի խոսքով՝ Դնեպրում որոնողափրկարարական գործողությունն ընթանում է արդեն ավելի քան 40 ժամ։ Գիշերը փրկարարները փլատակների տակից հանել են ևս մի քանի դիակ։

Հունվարի 15-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսերենով դիմել էր ռուսաստանցիներին։

«Ուզում եմ ասել բոլոր նրանց Ռուսաստանում և Ռուսաստանից, որոնք նույնիսկ հիմա չեն կարողանում արտահայտել մի քանի բառ՝ դատապարտելու այդ տեռորը, չնայած ամեն ինչ հիանալի տեսնում են ու գիտեն։ Ձեր վախկոտ լռությունը, տեղի ունեցածին սպասելու փորձը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից։ Չարը խիստ զգայուն է վախկոտության նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, որոնք վախենում են իրենից և փորձում սակարկել։ Եվ երբ այն գա ձեր հետևից, ոչ ոք չի լինի ձեզ պաշտպանելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Այս խոսքերից հետո նա ընդգծել է, որ ճիշտ է համարում «ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, որոնք օգնում են տեռորին»։

Հունվարի 15-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով Դնեպրում զոհվել է բռնցքամարտի մարզիչ Միխայիլ Կորենովսկին։ Նրա մահը հաստատել էր նաև Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան։ Մարզիկն ուներ երկու երեխա։ Սոցիալական ցանցերում տարածվել էր դեղին պատերով և քանդված պատով խոհանոցի լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ այդ խոհանոցից, որտեղ Կորենովսկին շնորհավորում էր դուստրերից մեկին ծննդյան տոնի կապակցությամբ։

«Այդ անցքի փոխարեն իմ բնակարանն էր, որտեղ ես ընտանիքիս հետ ապրում էի 9 տարի։ Պայթյունի պահին ես երեխաների հետ քայլում էի Փառքի զբոսայգում, իսկ ամուսինս մրցումներից հետո եկել էր տուն, հաց կերել և պետք է գար մեր մոտ»,- հարվածից հետո ինստագրամյան իր էջում գրել էր Միխայիլի կինը՝ Օլգա Կորենովսկայան։

Ավելի վաղ, Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Նատալյա Բաբաչենկոն հայտնել էր, որ 75 տուժածներից 30-ը գտնվում են հիվանդանոցներում, իսկ փլատակների տակ մնում է 30-40 մարդ։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ զինված ուժերն զանգվածային հրթիռակոծության էին ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Պայթյունների մասին հայտարարել էին Կիևի, Լվովի, Վինիցայի, Նիկոլաևի, Օդեսայի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։

Դնեպրում հրթիռն ընկել էր բնակելի շենքի վրա, դեպքի վայրում լսվում էին ճիչեր։ Մարդիկ փրկարարներին բջջային հեռախոսների լապտերներով ազդանշաններ էին ուղարկում։ 

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Դնեպրի բազմահարկ շենքի վրա ընկել էր ռուսական X-22 հրթիռը, որը նախատեսված է ծովում ավիակիրների ոչնչացման համար։

Լուսանկարը՝ EPA / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter