HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շիրակի մարզպետարանը 100 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Ամասիայի համայնքապետի ամուսնուն պատկանող ընկերության հետ

Շիրակի մարզպետարանը այս տարվա հունվարի 11-ին 100 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ամուսնուն պատկանող ընկերության հետ։ Այդ գումարի դիմաց «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն պարտավորվել է իրականացնել Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև այդ ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։

Բուն գնման պայմանագիրը Շիրակի մարզպետարանի և «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի միջև կնքվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։ Այդ պայմանագրի համաձայն վերը նշված ճանապարհային աշխատանքները «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն կատարելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

2022 թվականի ընթացքում Ամասիայի և Աշոցքի մարզային նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները կատարելու համար ընկերությանը փոխանցվել էր 81 միլիոն դրամ։ Արդեն այս տարի՝ 2023 թվականին, հունվարի 11-ին կնքված համաձայնագրով՝ նույն աշխատանքները կատարելու համար ընկերությունը կհատկացվի 100 միլիոն դրամ։

«Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի սեփականատերն ու տնօրենը գործարար Մարսել Կարապետյանն է, որը Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ամուսինն է։ Հարությունյանն անկուսակցական է, Ամասիա համայնքը ղեկավարում է 2016 թվականի հոկտեմբերից։

Որպես հայտարարատու պաշտոնատար անձի ամուսին՝ Մարսել Կարապետյանը նույնպես ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, որից պարզ է դառնում, որ նա մեծ ունեցվածքի է տիրապետում։ Մասնավորապես 2021 թվականի հայտարարագրում Մարսել Կարապետյանը նշել է 26 միավոր անշարժ գույք, որոնց մեծ մասը նրան պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով։

Որպես ավանդ՝ Մարսել Կարապետյանը հայտարարագրել է 270 միլիոն դրամ, 526 հազար ԱՄՆ դոլար և 500 հազար ռուսական ռուբլի։ Որպես եկամուտ Մարսել Կարապետանը հայտարարագրել է 1 մլն 600 հազար դրամ աշխատանքի վարձատրություն «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ից, ինչպես նաև 57 միլիոն դրամ՝ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ կրկին «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter