HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը

2022թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ստեղծվեց ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), որի կազմում են ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 

Նորաստեղծ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները նոր մարդիկ չեն, մշտապես բարձր պաշտոններ են զբաղեցրել ուժային կառույցներում կամ այլ գերատեսչություններում և որպես բարձրաստիճան պաշտոնյաներ գույքի և եկամուտների հայտարարագիր են ներկայացրել։ Այսօր կներկայացնենք, թե ինչ է հայտարարագրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։

Վարչապետի 2023թ․ հունվարի 9-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։

Որպես ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, ամենավերջինը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է։

Իջևանցի Կամո Ցուցուլյանը հայտարարագել է 6 միավոր անշարժ գույք Տավուշի մարզում․ 

  • Համատեղ սեփականության իրավունքով բնակարան Իջևան համայնքում, որը նա որպես ժառանգություն ստացել է 2013 թվականին։
  • Բնակելի տուն՝ Աչաջուր գյուղում, որը կրկին որպես ժառանգություն՝ ստացել է 2014 թվականին։
  • 2 հողամաս, մեկը՝ Իջևանում, մյուսը՝ Գանձաքար գյուղում, որը Կամո Ցուցուլյանը գնել է համապատասխանաբար 2014 և 2019 թվականներին։ Իջևանի հողամասը 2021-ի տարեվերջին այլևս առկա չի եղել, Ցուցուլյանն այն նվիրաբերել է իր կնոջը։
  • Հասարակական նշանակության շինություն Գանձաքար գյուղում՝ գնված 2019 թվականին։
  • Հասարակական նշանակության շինություն Իջևանում, որը որպես ժառանգություն ստացել է 2017 թվականին։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը 2021 թվականին հայտարարագրել է 14 միլիոն դրամ և 27 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաև՝ 8,4 միլիոն դրամ աշխատավարձ։

Կամո Ցուցուլյանը տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, բանկային ավանդներ և չորս միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի հայտարարագրել։

Կամո Ցուցուլյանի կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝  ձեռք բերված 2021 թվականին, հողամաս, որը նվիրատվություն է ստացել ամուսնուց, 2 միլիոն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 1 մլն 152 հազար դրամ աշխատավարձ՝ «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ից, որտեղ Աշխեն Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։

Ի դեպ, «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ի 67 տոկոս բաժնեմասը պատկանում է Կամո Ցուցուլյանին։ Հարկ է նշել, որ Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը թաքցրել է և չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում։

kamo_cuculyan2.jpg (341 KB)

Կամո Ցուցուլյանը նախկինում զբաղեցրել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալի, այնուհետև՝ Արարատի մարզային վարչության պետի պաշտոնները։ 2021 թվականի մայիսից էլ ոստիկանության պետի տեղակալն էր, իսկ այժմ էլ նորաստեղծ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ։

Առաջիկայում կհրապարակենք Ներքին գործերի նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին հոդվածներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter