HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ․ ԱԺ-ում քննարկումը լարված էր

Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Նա տեղեկացրեց, որ Հանձնաժողովը խմբակցություններից թեկնածության մեկ առաջարկ է ստացել, ուստի այդ մեկ թեկնածությունն է քննարկվել և ստացել Հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Այնուհետև ելույթ ունեցավ Գագիկ Բարսեղյանը․ «Ցանկանում եմ վստահեցնել, որ հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա՝ պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- ասաց նա։

Թեկնածուին հարցեր ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը չեն մասնակցելու։

Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հարցնելով, թե ինչու չեն մասնակցում։ «Հարգելի գործընկերներ, Ձեր իրավունքն է չմասնակցելը, բայց ես կարծում եմ, որ քաղաքացիներն արժանի են գոնե իմանալ բացատրությունը։ Օրինակ՝ ինչո՞ւ եք մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ քվեարկում, ինչու՞ եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չեք քվեարկում։ Կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք՝ որպես երևույթ, ինստիտուտ և էություն»,- ասաց Ռուբինյանը։

Արծվիկ Մինասյանն էլ, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանին, նշեց․ «Պարոն Ռուբինյան, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում հրապարակային հարց հնչեցնել, մեր հրապարակային պատասխանը հետևյալն է, որ առաջին՝ մեր ձեռնպահ և դեմ քվեարկությունները մենք հիմնավորում ենք։ Այնտեղ, որտեղ կա որոշակի բարելավում, մենք նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտը նա է, որ, որպես կանոն, փաթեթները, որոնք բերվում են ԱԺ, կիսատ-պռատ մշակված, չմշակված կամ ՀՀ առաջնային օրակարգից դուրս հարցեր են։ Այնտեղ, որտեղ դեմ ենք քվեարկել, օրինակ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքին, հստակ ենք բացատրում, թե ինչու»։

Ինչ վերաբերում է փակ քվեարկություններին չմասնակցելուն, Մինասյանի խոսքով, մեծամասնությունն ապալեգիտիմացրել է փակ գաղտնի քվեարկության արդյունքները և քվեարկության պրոցեսը։ «Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եղել և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին մերժելը՝ առանց որևէ ողջամիտ բացատրության»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի»։

ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեցին 72-ը։ Կողմ 67 և դեմ 5 ձայներով Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter