HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող ո՛չ դեղորայք, ո՛չ ուտելիք լինի, բայց ամեն մարդ պիտի իր տանը մնա»

Նանար Ստեփանյանը Ստեփանակերտից է: Դեկտեմբերի 10-ին դստերը Երեւան էր բերել մարմնամարզության մրցման: Դրան մասնակցած արցախցիների թիմի մի մասը Ստեփանակերտ էր վերադարձել մրցումներից անմիջապես հետո՝ գիշերը: Նանարը դստեր՝ Լուսինայի հետ պատրաստվում էին գնալ դեկտեմբերի 12-ի առավոտյան: Երբ հասել են Գորիս՝ ժամը 11:30, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակվել է եղել «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիների կողմից:

Դեկտեմբերի 12-ի առավոտից մինչեւ գիշեր սպասել են դրսում, որ ճանապարհը բացվելուն պես կարողանան տուն հասնել: Բայց երբ տեսել են, որ կարող է երկար սպասեն, Գորիսի հյուրանոցներից մեկն են գնացել: 5 օր մնացել են Գորիսում՝ հուսալով, որ ճանապարհը բացվելու է:

Արդեն 1 ամսից ավելի է՝ Նանարն ու դուստրը Երեւանում են՝ բարեկամների տանը: Նանարը չգիտի, թե դեռ որքան են մնալու բարեկամների մոտ: Երեւանում է նաեւ Նանարի ամուսինը, որն Արցախից եկել էր այլ գործով, սակայն ճանապարհի փակվելու պատճառով եւս չի կարողացել վերադառնալ:

Ավագ որդին՝ 12-ամյա Լեւոնը, որ սովորում է 7-րդ դասարանում, մնացել է Արցախում՝ տատի (Նանարի մոր) մոտ: Տատն այժմ խնամում է 4 թոռներին՝ Լեւոնին ու Նանարի եղբոր երեք երեխաներին՝ 5, 8 եւ 10 տարեկան: Պատճառն այն է, որ Նանարի եղբոր կինը Երեւան էր եկել վիրահատության, բայց ո՛չ վիրահատությունն է կատարվել, ո՛չ էլ վերադարձն է ստացվել:

Մայրն ասում է, որ Լեւոնն այժմ երկար չի կարողանում խոսել ընտանիքի հետ, քանի որ սկսել է շատ կարոտել ու մտածել: Հունվարի 4-ին էլ Լուսինան դարձել է 8 տարեկան: Քույր ու եղբայր իրարից հեռու են եղել այդ օրը:

«Շատ դժվար ա, որ կիսված ընտանիքներ են, գոնե միասին լինենք: Ուզածներս էն է, որ մեզ տեղափոխեն Արցախ, ուրիշ բան չեմ ուզում, մեր տունն ենք ուզում,- նշում է արցախցի կինը, ապա, անդրադառնալով Արցախում շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին, ավելացնում,- ամեն ինչի խնդիր կա, բայց էդ պայմաններում մենք պատրաստ ենք գնալ. մեր տներում թող ո՛չ դեղորայք, ո՛չ ուտելիք լինի, բայց ամեն մարդ պիտի իր տանը մնա»:

Լուսինան սովորում է 2-րդ դասարանում, բայց Երեւան գալուց հետո դպրոց չի հաճախում: Նանարն ասում է, որ ինքն էլ աշխատում է Արցախում, բայց հիմա պարապուրդի մեջ է: Ավելացնում է՝ չգիտեն, թե ինչ կլինի, բայց հիմա ամենակարեւորն Արցախ գնալն ու ընտանիքների վերամիավորումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter