HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մամ, հասկանումը՞ս, վեր կարոտալում ծեզ»

13-ամյա Վլադիմիր Գալստյանն ընկերների ու երկու ուսուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտից ճանապարհվել էր Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելու։ Երկու օր հետո՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ 13 հոգանոց խումբը, որի մեջ էր նաև Վլադիմիրը, պատրաստվում էր վերադառնալ Ստեփանակերտ, պարզվեց, որ վերադարձի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակվել է։ 

«Այդ օրը առավոտյան Վովկան զանգեց ու ասաց, որ երևի չեն գա, քանի որ ճանապարհը փակ է։ Մտածում էի, որ կատակում է, ուզում է անակնկալի բերել»,- պատմում է Վլադիմիրի մայրը՝ Մարինա Վանյանը։ 

Զանգից անմիջապես հետո նա փորձել է ճշտել տեղեկությունը։ Եվ նույնիսկ այն հաստատվելուց հետո մտածել է, թե ճանապարհը նույն օրն էլ կբացվի, իսկ որդին հաջորդ օրը տանը կլինի։ 

«Չէի պատկերացնում, որ վիճակն այսքան կվատանա։ Սկզբում հանգստացնում էի որդուս, ուժ էի տալիս, ոգևորում էի, հիմա, երբ խոսում ենք հեռախոսազանգով կամ տեսակապով, արցունքներս չեմ կարողանում զսպել։ Ու հենց սկսում եմ լացել, Վովկան զանգն անջատում է»,- ասում է Մարինան։ 

Վլադիմիրը սովորում է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում։ Նա միաժամանակ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի լավագույն աշակերտներից է։ Դաշնամուր ու ակորդեոն է նվագում։ «Վովկան երաժշտությամբ է ապրում։ Մինչև մի բան չնվագեր, չէր նստում հաց ուտելու»,- պատմում է Մարինան։ Շրջափակման պատճառով Վլադիմիրն արդեն 37 օր ապրում է Երևանի «Մեդիան» հյուրանոցում։ Մեկ շաբաթ է, ինչ սկսել է հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ 

«Տղայիս աչքին նույնիսկ այս հնարավորությունն է ոչինչ թվում։ Փորձում եմ աշխուժացնել, ասում եմ՝ գալիս ես՝ ի՞նչ անես, հաշվիր արդեն ուսանող ես, հնարավորությունն օգտագործիր, համ էլ մենք այստեղ ուտելու բան չունենք։ Բարկացած պատասխանում է՝ «Մամ, հասկանումը՞ս, վեր կարոտալում ծեզ, ես մեր քաղաքն ու տոննում օզում, օրիշ վեշմին պեն օզում չում, սոված կմնամ, վեչինչ, բայց ծիզնհետ կընիմ»։ Ես էլ սկսում եմ նորից լացել»,- պատմում է Մարինա Վանյանը։ 

Վլադիմիրիի հայրը՝ Իգոր Գալստյանը, զինծառայող է։ Հորից ու մորից բացի, Վլադիմիրին սպասում են նրա կրտսեր քույրերը՝ 10-ամյա Էլինան և 5-ամյա Անգելինան։ Շրջափակման պատճառով ընտանիքը ստիպված է բազում խնդիրներ հաղթահարել, սակայն որդու բացակայությունն է, որ ընկճում է նրանց։  

«Մենք մեր երեխաներին զոհաբերում ենք հանուն մեր հայրենիքի, որ մեզ ինչ-որ կարգավիճակ տան, վերջիվերջո, մենք էլ ենք մարդ, մենք էլ ունենք իրավունքներ, մենք ոչ մեկի հողում չենք ապրում, ոչ մեկի բաժինը չենք ուզում, մենք ընդամենը մեր քրտինքով ստեղծած տանն ենք ապրում։ Այս պահին ինձ նման շատ մայրեր են հեռու իրենց երեխաներից։ Մենք մեզ խաբում ենք, երեխաներին ենք խաբում, համոզում ենք, որ լավ կլինի, որ մի քանի օրից ճանապարհը կբացվի։ Այսքան ինքներս մեզ զսպելով՝ ուզում ենք, որ գոնե վերջում, իրոք, լավ լինի»,- ասում է Մարինան։ Նա անհամբեր սպասում է, թե երբ Վլադիմիրը նորից կնվագի Ստեփանակերտի իրենց տանը։  

Հիշեցնենք, որ արդեն 37 օր է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է: Ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը: Այն Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է: Դադարեցվել են Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը, որոնց ենթակառուցվածքները գտնվում են արդբեջանցիների հսկողության տակ անցած տարածքներում։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված է սննդից, դեղորայքից, կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից: Մարդիկ չեն կարողանում ջեռուցել տները, Ադրբեջանը նաեւ պարբերաբար խլացնում է բջջային կապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter