HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս ծանր ժամանակներում էլ պիտի լինես բարի, կիսվես մարդկանց հետ քո ունեցածով»,- ասում է Ստեփանակերտում ապրող շուշեցի Յանան

Երբ Ստեփանակերտում հոսանքն անջատում են, Յանան վառում է մոմը, վերցնում գիրքն ու սկսում կարդալ: 13-ամյա կրտսեր եղբայրն ուրախանում է, երբ երեկոները լույս չեն ունենում, որովհետեւ ուզում է ընտանիքով հավաքվեն ու խաղան: Այդպես էլ հաճախ անում են՝ դոմինո են խաղում ու սեղանի այլ խաղեր:

Ընտանիքում երեք երեխա են: Ավագը Յանան է: 19-ամյա եղբայրը ժամկետային զինծառայող է:

Յանա Լալայանը 21 տարեկան է: Ծնվել, մեծացել է Շուշիում, այնտեղ դպրոց հաճախել: 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս ընտանիքով ապրում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում: Հիմա դա է նրանց ժամանակավոր տունը: Հյուրանոցում գրեթե բոլորը տեղահանվածներ են:

Յանան սովորում է Արցախի պետական համալսարանում անգլերեն լեզվի եւ գրականության բաժնի 4-րդ կուրսում: 2022 թ. հոկտեմբերին, հիշում է Յանան, դասախոսներից մեկը խորհուրդ էր տվել դիպլոմային աշխատանքները շուտ գրել, քանի ձմեռը չի եկել եւ հոսանքը չեն անջատել: Ստացվեց այնպես, որ դասախոսի խոսքերն իրականություն դարձան: Հիմա Արցախում էներգետիկ ճգնաժամ է. դեկտեմբերի 12-ից «էկոակտիվիստներ» ձեւացող ադրբեջանցիները ոչ միայն փակել են Հայաստան-Արցախ միակ ցամաքային ճանապարհը, այլեւ ավելի ուշ ադրբեջանցիները խափանել են Հայաստանից Արցախին էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը:

-Ո՞նց է անցնում օրդ շրջափակման մեջ: Կնկարագրե՞ս,- խնդրում եմ Յանային:

Խոսափողի այն կողմում երկար լռություն է, հետո Յանայի ձայնն է լսվում. «Ճիշտն ասե՞մ: Էնքան վատ ա, որ առավոտը չեմ ուզում վեր կենալ: Չգիտեմ՝ ի՞նչ է լինելու: Էս վիճակն էնքան ա ճնշում մեզ, էն որ դաս կա անելու, քննություն կա տալու, բայց որ տեսնում ես ճանապարհը փակ, բան չես ուզում անել»,- ասում է 21-ամյա շուշեցի աղջիկը:

Օրվա ընթացքում նկարում է, գրում, հետո դուրս գալիս քայլելու Ստեփանակերտում: Քայլում է տխուր փողոցներով, որտեղ մթերային խանութների մոտ մեծ հերթեր են: Եվ տխրությունն ավելի է խտանում: Խանութները գրեթե դատարկ են: Յանան ասում է՝ արդեն իմաստ չկա էլ խանութ գնալու: «Խանութների մոտ հերթերն էնքան շատ են, բայց չգիտեմ էլ, թե ինչ են գնում»,- նկատում է զրուցակիցս:

Յանայի մայրը սովորել է պանիր պատրաստել: Աղջիկն ուղարկում է լուսանկարը: Ասում է՝ մայրն առաջին անգամ է պանիր պատրաստել եւ շատ է ուրախացել դրա համար:

Յանայի ծնողները Արցախի շրջափակման հետեւանքով կորցրել են աշխատանքը: Հայրը շինարար է: Դուստրն ասում է՝ քանի որ ճանապարհը փակ է, շինանյութ Հայաստանից չի ներկրվում, շինարարությունն էլ կանգ է առել: Մայրն էլ աշխատում էր Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում որպես ադմինիստրատոր: Այս հունվարից նա կորցրել է աշխատանքը:

Սննդի խնդիր արդեն նկատվում է նաեւ Յանայենց ընտանիքում: Ասում է՝ միսն է շատ, փոխարենը կարտոֆիլը շքեղություն է: Շրջափակման այս օրերին մի քանի անգամ են կարտոֆիլ կերել:

«Ընկերուհիս գյուղից լիմոն էր բերել մի քանի օր առաջ: Մտածեցի՝ մեր տնօրենի համար էլ տանեմ: 4 կտոր տարա, սկզբից ասեց՝ մատաղ, դուք կերեք, փոքր եք, ասեցի՝ չէ, գյուղից ա բերված, թարմ-թարմ ծառից ա քաղած: Դրանից մի ժամ հետո մեր պահակը թերթի մեջ փաթաթած կոնֆետներ բերեց, ու էնքան լավ կոնֆետներ էին, խանութում չկա: Էն որ ասում են՝ կիսվում ես, դրանից ավելի լավ բան ա գալիս, դա է: Այսինքն՝ էս ծանր ժամանակներում էլ պիտի լինես բարի, կիսվես մարդկանց հետ քո ունեցածով, որքան էլ դժվար է, պետք է փորձես ավելի հեշտ տանես էս վիճակը»,- ասում է Յանան:

Հաճախ ընկերներով հավաքվում են եւ որոշել են, որ շրջափակումից չեն խոսելու: Սակայն որքան էլ փորձում են շրջանցել թեման, խոսել նպատակների ու երազանքների մասին, միեւնույնն է՝ չի ստացվում:

44-օրյա պատերազմի օրերին Յանան կարդում էր Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպը: Շրջափակման օրերին վերընթերցել է այն: Ասում է՝ նկարագրվածն այնքան է նմանեցնում Ստեփանակերտին ու առհասարակ ողջ Արցախին, սակայն հիմա մի պահ թվում է, որ իրենց մոտ ավելի վատ է վիճակը:

Յանան երազում է արտերկրում սովորելու եւ նորից Արցախ վերադառնալու մասին: Ասում է՝ վիճակը որքան ծանր թվա, պետք է շարունակել ապրել Արցախում: Ու երազում է հրաշքի մասին:

-Հրաշք ասելով՝ նկատի ունես խաղաղությու՞նը,- հարցնում եմ նրան:

-Դե հա,- հոգոց է հանում, շարունակում,- չգիտեմ՝ երեւի էդ էլ աստված պիտի անի, կարեւորը՝ հավատալ ու հուսալ:

Փետրվարի 6-ից կվերսկսվեն Յանայի դասերը: Ասում է՝ երեւի միանգամից պրակտիկայի կանցնեն դպրոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter