ՆԳ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը
2023 թվականի հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ։ Մինչ այդ Սարգսյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր 2022 թվականի հունվարի 21-ին։
Որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիր։
Ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։
Որպես դրամական միջոց՝ Արփինե Սարգսյանը հայտարարագրել է իր բանկային հաշվին առկա 631 հազար դրամը և 63 ԱՄՆ դոլարը։ Արփինե Սարգսյանի կանխիկ դրամական միջոցները շատ ավելին են։ Նա հայտարարագրել է 1,2 մլն դրամ, 34 հազար ԱՄՆ դոլար, 500 եվրո և 30 հազար ռուբլի։
Այլ գույք և եկամուտ Արփինե Սարգսյանը չի հայտարարագրել։
Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ․ հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։
Արշակ Վարդապետյանը որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է բնակարան և ավտոկայանատեղի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որոնք նվիրատվություն է ստացել 2021 թվականին։
Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է Lexus մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2018 թվականին։ Արշակ Վարդապետյանի դրամական միջոցները բանկային հաշվին կազմել են 161 հազար դրամ և 1029 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 8 միլիոն դրամ, 5 հազար եվրո և 28 հազար ԱՄՆ դոլար։
Արշակ Վարդապետյանը նաև կրիպտոարժույթ է հայտարարգրել 22 979 XRP (Ripple), որը ներկայիս արժույթով համարժեք է 0,39 դոլարի, և 2089 doge (Dogecoin), որը համարժեք է 0,081 դոլարի։
Որպես եկամուտ Արշակ Վարդապետյանը հայտարարագրել է 1 մլն 565 հազար դրամ աշխատավարձ արդարադատության նախարարությունից, 55 հազար դրամ ապահովագրական հատուցում՝ «Նաիրի ինշուրանսից» և 25 հազար ու 315 հազար դրամ նվիրատվություն։
Ի դեպ, Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ զբաղվում է մանրածախ առևտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որն նա չի նշել իր հայտարարագրում։
Մեկնաբանել