
Թշնամին այս անգամ դիվերսիայի է դիմել ԼՂՀ-ի հետ սահմանին. 1 զոհ, 2 վիրավոր
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդը երեք տարբեր ուղղություններով ձեռնարկել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերը գրավելու ռազմագործողություն:
Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունները, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է ՊԲ կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:
Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական սահմանահատվածներում իրականացված 4-րդ նախահարձակ գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ և նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլև ամեն ինչ անում է` տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխելու համար:
Ադրբեջանի ղեկավարությունը և մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես, այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ:
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժին
Մեկնաբանել