HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Ադրբեջանական կողմը պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից»,- ասել է ադրբեջանցի նախարարը, որի խոսքերը մեջբերել է ադրբեջանական Report գործակալությունը։

Բայրամովը հանդիպումից հայկական կողմի հրաժարումը, որը նախատեսված էր նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, գնահատել է որպես «անպատասխանատվության վառ օրինակ»։

«Խաղաղության օրակարգի առաջմղումը մշտապես եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը։ Մեր բոլոր բազային սկզբունքները Ադրբեջանը ներկայացրել է հակառակ կողմին»,- հավելել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվում էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցություններ, որի ընթացքում քննարկվելու էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի թեման։ Սակայն դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը հրաժարվել է հանդիպմանը մասնակցելուց՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակի պատճառով։

Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter