HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

««Նոկտյուրն»-ը երգ է առանց բառերի, ես կատարում եմ այն մատներով». Առնո Բաբաջանյանի վերջին երգը

Այսօր՝ հունվարի 22-ին, նշվում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը։ Իրականում կոմպոզիտորը ծնվել է մեկ օր առաջ՝ 1921թ.-ի հունվարի 21-ին, բայց ծնունդից երեք տարի անց՝ նույն օրը, մահացել է Խորհրդային Միության ղեկավար Վլադիմիր Լենինը։ Խորհրդային Հայաստանում ամենամյա սգո օրվա հետ որդու տարեդարձը չհամընկնելու համար մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանը փաստաթղթերում փոխել է տալիս որդու՝ Առնոյի ծննդյան օրը՝ նշելով հունվարի 22-ին:

Դեռ վաղ տարիքից ապագա կոպոզիտորի մոտ նկատվել են երաժշտական ընդունակությունները, իսկ մանկապարտեզում մի դրվագ նախանշեց փոքրիկ Առնոյի մասնագիտության ընտրությունը։ Հանրային, կրթական ծրագրերից մեկի ժամանակ հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը այցելում է մանկապարտեզներ՝ ընտրելու երաժշտական հակումներ ունեցող երեխաների։ Փոքրիկ Առնոյի հետ երաժշտական լսողություն, ծափերով ռիթմ ստուգելու մի քանի վարժություններից հետո կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը խնդրում է, որ փոխանցեն երեխայի ծնողներին իր խոսքերը. «Տղան ունի բացառիկ երաժշտական ընդունակություն»։

Առնո Բաբաջանյանի հետագա երաժշտական սրընթաց ճանապարհին ամենամեծ հարցերից էր՝ շարունակել որպես կատարող՝ դաշնակահա՞ր, թե՞ խորանալ երաժշտություն ստեղծելու՝ կոմպոզիցիայի մեջ, քանի որ երկու ուղղությունում էլ արդեն ուսանողության տարիներին հասցրել էր հաջողությունների հասնել։ Իր ժամանակի ամենահայտնի դաշնակահարներից՝ Սվյատոսլավ Ռիխտերի խոսքերով, եթե Բաբաջանյանը շարունակեր որպես դաշնակահար, ապա 20-րդ դարի լավագույններից կարող էր լինել։ Բայց երաժշտություն գրելը Բաբաջանյանի մոտ հաղթեց դաշնակահարի կարիերայի հեռանկարին։

Կոմպոզիտորի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել Արամ Խաչատրյանի սիմֆոնիզմը և Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային արվեստը։ Ընդհանրապես Բաբաջանյանի ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն, մեծ նմանություն կա կոմպոզիտոր ու դաշնակահար Ռախմանինովին։

Կոմպոզիտորի ակադեմիական ժանրում գրված ամենահայտնի գործերից են՝ «Հերոսական բալլադը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Դաշնամուրային տրիոն», «Սոնատը»՝ ջութակի և դաշնամուրի համար, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, որոնք կատարել են ժամանակի մեծանուն երաժիշտներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Դավիդ Օյստրախը։ Ավելի լայն ճանաչում Բաբաջանյանը ստացել է շնորհիվ իր փոքրածավալ ստեղծագործությունների՝ մոսկովյան շրջանում գրված էստրադային երգերի, որոնք մեկը մյուսի հետևից դառնում էին հիթեր։ Դրանցից էին օրինակ՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու բառերով գրված «Королева красоты», «Улыбнись», «Будь со мной», «Позови меня», «Благодарю тебя», «Свадьба», Եվգենի Եվտուշենկոյի բառերով գրված «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы», Անդրեյ Վոզնեսենսկու բառերով գրված «Год любви», «Верни мне музыку» երգերը։

Բաբաջանյանի կենսախինդ և ակտիվ կյանքը ուներ իր հակառակ, մութ կողմը։ Կոմպոզիտորն ուներ ծանր հիվանդություն, գուցե հենց դա էր պատճառը, որ կոպոզիտորը դիմում էր փոքր ծավալի ստեղծագործությունների, էստրադային ժանրի. 32 տարեկանում կոմպոզիտորի մոտ բժիշկները ախտորոշել են լեյկեմիա։ 1952թ.-ին գրված «Դաշնամուրային տրիոն» կոմպոզիտորը գրել էր առողջական և հոգեկան ծանր շրջանում և ինչ-որ առումով ռեքվիեմ էր՝ նվիրված իրեն։ Բայց ճակատագիրը ուներ լրիվ ուրիշ ծրագրեր, կոպոզիտորը Տրիոյից հետո ստեղծագործություններով բեղուն ևս երեսուն տարի ապրեց։ Այնուամենայնիվ, Տրիոն հնչեց հոգեհանգիստներից մեկի ժամանակ։ 1953թ.-ի մարտի 5-ին մահացավ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Առնո Բաբաջանյանի «Դաշնամուրային տրիոյի» երկրորդ մասը՝ «Անդանտեն», որոշվել էր, որ պետք է նվագվի հոգեհանգստի արարողությանը։

Կատարողներն էին՝

Դաշնամուր՝ Առնո Բաբաջանյան

Ջութակահար՝ Դավիթ Օյստրախ

Թավջութակահար՝ Սվյատոսլավ Կնուշեվիցկիյ։

Յոթանասուն թվականի կեսերին արդեն թե՛ ակադեմիական, թե՛ էստրադային ժանրում հայտնի հեղինակը դադարեց ակտիվ գործել. Բաբաջանյանի առողջականը գնալով վատանում էր։ 1981թ.-ին կոմպոզիտորը ներկայացրեց իր վերջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի համար գրված «Նոկտյուրն»-ը. ռախմանինովյան լիրիզմով և հայկական մելիզմներով գրված և հեղինակի բարձր վարպետությամբ ու հուզական կատարմամբ։ Հաղորդումներից մեկում կոմպոզիտորը այսպես է ներկայացնում այն. «Ես գրել եմ երգեր երգիչների համար, այս անգամ ես գրել եմ երգ՝ ինքս ինձ համար, «Նոկտյուրնը» երգ է առանց բառերի, ես այն կկատարեմ մատներով»։

Երկու տարի հետո՝ 1983թ.-ին, երկարատև հիվանդությունից հետո՝ 62 տարեկան հասակում, Առնո Բաբաջանյանը մահացավ՝ թողնելով հարուստ դասական և էստրադային երաժշտական ժառանգություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter