HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Քոչարի համբերանքի չիբուխը

1899թ.-ի հունիսի 15-ին Թիֆլիսում շուշեցի Սիմոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում ծնվում է Երվանդ Քոչարյանը` հայ քանդակագործության և գեղանկարչության ապագա ամենանշանավոր ներկայացուցիչներից, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարը։

Քոչարի (վերելքներով և վայրէջքներով, փարիզյան ցուցասրահներում մեծ հաջողություններից մինչև խորհրդային նկուղներ, բանտ, ազատում, ստեղծագործական վերելք, համընդհանուր ճանաչում) բուռն կյանքի մասին գրել է իր ընկերը՝ Վիգեն Իսահակյանը՝ Ավետիք Իսահակայանի որդին, «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գրքում։

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ Քոչարի կյանքի փարիզյան շրջանը, որը տևել է 13 տարի՝ 1923-1936թթ․, եւ հայրենիքում (Խորհրդային Հայաստանում) նրա ապրած 43 տարիները՝ 1936-1979թթ.։

Քոչարը նախնական նկարչական դասերը ստացել է Եղիշե Թադևոսյանի մոտ Թիֆլիսում։ 21 տարեկանում արդեն ճանաչված տաղանդավոր արվեստագետին Խորհրդային Միության լուսավորության նախարար Լունաչարսկու կարգադրությամբ Թիֆլիսից ուղարկում են Եվրոպա՝ կարճ ժամանակով արվեստը կատարելագործելու համար, սակայն Քոչարը մնում է արտասահմանում 14 տարի։

Երվանդ Քոչարը և Վիգեն Իսահակյանը առաջին անգամ հանդիպել են 1922թ.-ին Վենետիկում, չնայած տարիքային տարբերությանը (Քոչարը 10 տարով մեծ էր Վիգենից), արվեստի հմուտ գիտակ Վիգենը և նկարիչ Քոչարը ընկերանում են, այդտեղից է սկսվել նաև Քոչարի մտերմությունը Իսահակյանների ընտանիքի հետ։ Հետո արդեն Վիգեն Իսահակյանը Քոչարին հանդիպել է Փարիզում, այդ շրջանը Իսահակյանը վարպետին նվիրված գրքում մանրամասն ներկայացնում է։ Նկարագրում է ոչ միայն այդ շրջանում Փարիզում տիրող մթնոլորտը, արվեստային նոր հոսանքները, ուղղությունները, «իզմ»-երը՝ կուբիզմ, ֆովիզմ, ֆուտուրիզմ, դադաիզմ, այլև՝ դրանց վառ ներկայացուցիչների և Երվանդ Քոչարի շփումը, մտերմությունը, նրանց հետ համատեղ ցուցադրությունները, գաղափարական վեճերը և գնահատանքի խոսքերը։ Բավական է նշել միայն այդ ժամանակվա Քոչարի շփման շրջանակը՝ Պիկասո, Դալի, Բրաք, Ջիակոմետի, Անդրե Բրետոն, Պոլ Էլյուար, Լուի Արագոն։ Այս արվեստային հրավառության մեջ Քոչարը ոչ միայն չէր կորել, այլև ունեցել էր համատեղ ցուցադրություններ և ստեղծել սեփական ուղղությունը՝ «տարածական նկարչությունը», որով Քոչարը նկարը և քանդակը ներկայացնում էր շարժման մեջ։

Փարիզյան հաջողություններից և բոհեմական կյանքից հետո սառը ցնցուղ էր 1936թ.-ին հայրենիք՝ Խորհրդային Հայաստան, վերադարձը։ Քոչարը ոչ միայն չի ընդունվում որպես արդեն կայացած և նշանավոր արվեստագետ, այլև հալածվում է՝ մեղադրվելով բուրժուական արվեստի՝ ֆորմալիզմի հետևորդ լինելու մեջ։ 1939թ. կարծես մի լուսավոր կետ է հայտնվում Քոչարի ստեղծագործական կյանքում. «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակում որոշվել էր, որ պետք է կանգնեցվի Սասունցի Դավթի արձանը, բայց ժամկետներն այնքան սուղ էին, որ ոչ մի քանդակագործ, ում առաջարկել էին, հանձն չի առնում այդ գործը սկսելու, միայն Քոչարն է համաձայնում և անհավատալի կարճ ժամանակում (18 օրում) կառուցում է արձանի նախնական տարբերակը։ Սակայն չարակամների բողոքները, զրպարտանքի նամակները իրենցն անում են, Քոչարը մեղադրվում է հակասովետականության մեջ։ 1941թ.-ին Երվանդ Քոչարը ձերբակալվում է, նույն գիշերը ջարդուփշուր են անում «Սասունցի Դավթի» արձանը։ Նա բանտում անցկացնում է հոգեկան և ֆիզիկական զրկանքներով լի երկու տարի։

1943թ.-ին Քոչարը դպրոցական ընկերների (սովորել են Ներսիսյան վարժարանում)՝ Անաստաս Միկոյանի և Կարո Հալաբյանի միջնորդությամբ կարողանում է ազատվել։ Վիգեն Իսահակյանը իր հուշերում ներկայացնում է բանտից նոր ազատված Քոչարի մասին պատմող դրվագը իր «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գրքում.

«(..) Երվանդ Քոչարը Երեւանի ԿԳԲ-ի բանտում մնաց 2 տարի 2 ամիս։ 1943-ի օգոստոսին ազատ արձակվեց: Օջախը քանդվել էր. կինը` Թամարան, լքել էր իրեն, ապրում էր մոսկվաբնակ ջութակահարի հետ։

Եկավ մեր տուն՝ հորս (Ավետիք Իսահակյանին) այցելության: Նիհարած էր, ԿԳԲ-ի քննիչի հարվածից մի ականջից խլացած: Երվանդը հորս պատմեց, թե ինչպես հարցաքննությունների ժամանակ քննիչը, իբրեւ փաստ, իրեն ցույց էր տվել մատերիալները՝ գրված իր դեմ, որքան ծանոթ անուններ:

«Հիմա ես ազատ մարդ եմ, սակայն երկու տարվա կտտանքներից ու նկուղներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո կորցրել եմ առողջությունս, ապրելու հավեսս: Ինչ մարդիկ մնացին այնտեղ»,- խոսքն ամփոփեց նա:

«Երվանդ, դու դեռ ջահել ես: Նորից կունենաս ընտանիք եւ նորից կստեղծես լավ գործեր, քո պոտենցիալն անսահման է»: Բաժանվելիս հայրս Երվանդին նվիրեց մի լավ ծխամորճ եւ ասաց. «Սա համբերության չիբուխն է, քաշիր (..)»:

1959 թ.-ին Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվում է վարպետի գլուխգործոցը՝ «Սասունցի Դավիթ» արձանի վերջնական տարբերակը։

Երվանդ Քոչարը մահանում 1979 թ.-ի հունվարի 22-ին՝ 78 տարեկանում։ 

Հունվարի 22-ը Քոչարի հիշատակի օրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter