HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Որեւէ կարգո ավիաընկերություն չի դիմել Հայաստան-Թուրքիա բեռնափոխադրումներ կատարելու իրավունքի համար

Հունվարի 6-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, թե Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ավիաբեռնափոխադրումների խոչընդոտների հարցը լուծվել է հայ-թուրքական բանակցությունների արդյունքում: Ըստ այդմ՝ Թուրքիայի առեւտրի նախարարությունը տեղական արտահանողներին հայտնել է, որ 2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարեց. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»:

«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեին հարցրել է, թե երբ էր Թուրքիան արգելել Հայաստանի հետ ուղիղ ավիաբեռնափոխադրումների իրականացումը, եւ արդյոք մեր երկիրը եւս նման արգելք դրել էր թուրքական կողմի հանդեպ: Ի պատասխան՝ ՔԱԿ-ը հայտնել է. «Քաղավիացիայի կոմիտեին հայտնի չէ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ուղիղ ավիաբեռնափոխադրումների իրականացման արգելքի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները օդային հաղորդակցությունների ոլորտում կարգավորված չեն, իսկ հայկական կողմից նման արգելք չի եղել»:

Այսինքն՝ ՔԱԿ-ը տեղյակ չէ, թե ինչ արգելքներ են գործել նախկինում, մյուս կողմից՝ թուրքական լրատվամիջոցներն ու ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում են դրանց վերացման մասին, բայց, ինչպես կտեսնենք ստորեւ, թուրքական ավիաընկերություններից մեկը մինչեւ այդ հայտարարությունները եւս զբաղվել է երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներով: 

ՔԱԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ բեռնափոխադրում իրականացնող որեւէ ավիաընկերություն չի դիմել կոմիտեին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Խոսքն այստեղ հենց բեռնային (կարգո) թռիչքների մասին է: Նկատենք, որ ցանկացած տիպի փոխադրումներ (ուղեւորային, բեռնային, համակցված) կատարելիս թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ավիաընկերությունները պարտավոր են դիմել ՔԱԿ-ին՝ համապատասխան իրավունքը ստանալու համար:

Հիշեցնենք նաեւ, որ 2022 թ. փետրվարից Երեւանի ու Ստամբուլի միջեւ ուղեւորափոխադրումներ են կատարում հայկական «Fly One Armenia» եւ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունները: Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք, թե արդյոք այս օպերատորները ուղեւորափոխադրումներին զուգահեռ չեն կատարել բեռնափոխադրումներ (այսինքն՝ համակցված ավիափոխադրումներ): ՔԱԿ-ը պատասխանել է, որ «Fly One Armenia»-ն չի իրականացրել բեռնափոխադրումներ, իսկ «Pegasus Airlines»-ն, ըստ անհրաժեշտության, իրականացրել է փոքր ծավալի բեռնափոխադրումներ:

Այս վերջին փաստը ցույց է տալիս, որ թուրքական կողմի՝ ուղիղ թռիչքներով բեռնափոխադրում կատարելու արգելքները հանելու հայտարարությունն առնվազն տարօրինակ է, քանի որ հենց թուրքական օպերատորը այս մեկ տարվա ընթացքում զբաղվել է դրանով, թեկուզ փոքր ծավալներով:

Նկարը՝ freepik.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter