HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

2020-ին Արցախից տեղափոխված մայրն ու դուստրը մինչ օրս չեն կարողանում գտնել ապահով անկյուն

Անյուտա Գրիգորյանը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է եղել։ 44-օրյա պատերազմից հետո, ըստ 2020թ.-ի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի, գյուղը հանձնվել է Ադրբեջանին։ Անյուտան 25 տարի դասավանդել է դպրոցում: «Հայրենիքի հանդեպ ընկալումներս չեն փոխվել, ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում իմ և մյուսների ընտանիքների համար, որ կորցրին ոչ միայն իրենց տունը, հողը, հարազատներին, այլև հավատը՝ ապագայի նկատմամբ»,- ասում է նա։

Անյուտան միակ դստեր՝ 14-ամյա Օվսաննայի հետ վարձակալությամբ բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Անյուտայի խոսքով՝ աղջկա հետ բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, սակայն մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց համար ապահով անկյուն։

Հիշում է պատերազմի առաջին օրերը․ «Երեխաս շատ էր վախեցել, գիշերները չէր կարող քնել, չէր հանգստանում, որոշեցի՝ իրեն տանեմ Հայաստան, ես՝ վերադառնամ»,- ասում է նա։ 2020թ․-ի սեպտեմբերի 30-ին Անյուտան աղջկան տանում է Ամավիրի մարզի Լուկաշին գյուղ՝ իր ծանոթներից մեկի տուն, իսկ ինքը վերադառնում է Արցախ, որտեղ Արշակ Զաքարյանի հացի արտադրամասում սկսում է հացթուխ աշխատել։

«Այդ ժամանակ դպրոցները փակ էին, իրենք էլ աշխատող չունեին, որոշեցի աշխատեմ։ Բայց երկար չմնացի այնտեղ՝ մոտ 2 շաբաթ, որովհետև դրությունը շատ էր վատացել, ինքնաթիռները մեր գլխի վերևով գալիս-գնում էին»,- ասում է Անյուտան։ Աշխատանքը թողնելուց հետո վերադառնում է գյուղ, որտեղ իր պահած կենդանիների կեսին սատկած է գտնում։

Հոկտեմբերի 20-ին կամ 22-ին (Անյուտան հստակ չի հիշում) գնում է Հայաստան՝ դստեր մոտ։ Սակայն, ըստ Անյուտայի, մինչև գյուղի հանձման վերջին օրը բնակիչներ են եղել, որոնց հարկադրաբար տեղահանել են։ Անյուտայի եղբայրը 56 տարեկան էր այդ ժամանակ, ուներ առողջական խնդիրներ (Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կանտուզիա է ստացել), այդ պատճառով ընտանիքի հետ Մարտակերտից Երևան էր տեղափոխվել։ Անյուտան, հասնելով Հայաստան, աղջկա հետ միանում է եղբոր ընտանիքին և մոտ 1 շաբաթ մնում են ժամանակավոր կացարանում, որ տվել էին եղբորը։

«Տուն չէր, պադվալային հարկում բետոնե հատակով մի պահեստ էր, որտեղ մնում էինք ես, աղջիկս, եղբայրս, իր կինն ու դուստրը։ Անգամ սանհանգույցը նորմալ չէր։ Դրա համար որոշեցի ինձ ու աղջկաս համար այլ կացարան գտնել»,- ասում է Անյուտան։

Համացանցի միջոցով ծանոթանում է գյումրեցի Հերիքնազ Դավոյանի հետ, որը Անյուտային և աղջկան հյուրընկալում է իր տանը։ Ասում է՝ Հարիքնազն ուներ մեկսենյականոց բնակարան։ Դուստրը՝ Օվսաննան, երբեմն մնում էր Հերիքնազի աղջկա տանը։ «Նրա աղջկա տանը հաշմանդամություն ունեցող երեխա էլ կար, բայց իմ Օվսաննային հոգատարությամբ ընդունեցին, ես շատ շնորհակալ եմ բոլորից»,- ասում է նա։

Մինչև համաձայնագրի ստորագրումը, Անյուտան բնակվել է Հերիքնազի մոտ՝ հույսով, որ կավարտվի ամեն ինչ ու կվերադառնան տուն։ Նրա հիշողության մեջ լավ են պահպանվել այն զգացումները, երբ իմացել է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին: «Այդ ժամանակ ես անկարողություն զգացի, զգացի, որ հետ գնալու մասին մտածելն արդեն անիմաստ է, որովհետև անհնար բան է դա»,- ասում է նա։

Անյուտան իր միջոցներով մեքենա է վարձում և վերջին անգամ գնում իր տուն՝ հնարավորության դեպքում՝ իրերը բերելու։ Քանի որ Հերքնազի տունը փոքր էր, և արդեն վերադառնալու հույս էլ չկար, Անյուտան որոշում է իր ու դստեր համար տուն վարձել։ Գյումրիում մի քանի տուն փոխելուց հետո վերջին կանգառը լինում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղը։

Մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը, Անյուտան ստացել է իր աշխատավարձը՝ 90 հազար դրամ, ինչպես նաև 40 հազարական դրամներ՝ իր և աղջկա համար՝ որպես պետական օգնություն։ Սակայն արդեն 2 ամիս է, ինչ աշխատավարձ չի ստանում, և ընտանիքը հայտնվել է ծանր դրության մեջ։ Տան վարձը 30 հազար դրամ է, բացի այդ՝ վառելափայտի և էլեկտրաէներգիայի համար են գումար վճարում։ Լողանալու հնարավորություն չունեն, հյուրասենյակի փայտե վառարանի դիմաց տաշտ են դնում, ջուրը տաքացնում ու լողանում, իսկ զուգարանը դրսում է։ Անյուտան ասում է՝ Հայաստանում տուն ստանալու տարբերակ չունի, քանի որ ծնունդով արցախցիներին բնակարան տալիս են միայն Արցախում, իսկ շրջափակումը վերջնականապես կոտրել է վերջին հույսը։

Անյուտայի մայրն ու հայրը վաղուց են մահացել, ամուսինն էլ Ռուսաստանի Դաշնությունում է երկար ժամանակ, ուստի իր միակ հույսն ու մխիթարանքը մինուճար դուստրն է։ Օվսաննան մինչև հիմա երազում է իր գյուղի և դպրոցի մասին, բայց երջանիկ է, որ գոնե մայրը կողքին է հիմա, քանի որ պատերազմի օրերին, երբ մայրը վերադարձել էր Արցախ՝ իրեն թողնելով Հայաստանում, Օվսաննան շատ էր վախեցել։

Օվսաննան սովորում է Մայիսյան գյուղի դպրոցում, հաճախում է Գյումրու «Ընտանիք» կենտրոնի թատերական և նկարչական խմբակներ։ Մայրն ասում է՝ դպրոցում առաջադիմության վրա շատ էր ազդել տեղի ունեցածը, բայց այժմ միասին աշխատում են այդ ուղղությամբ։ Հայաստան տեղափոխվելուց ի վեր Անյուտան չի կարողացել աշխատանք գտնել, երբեմն գնում է գյուղի բնակիչների տան բակերն է մաքրում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարում։ Ասում է՝ տան բակում կարտոֆիլ, այլ բանջարեղեններ է ցանում, կան նաև բերքատու ծառեր, ուստի պահածոների համար գումար չի տալիս։

Անյուտայի բոլոր նպատակներն ու երազանքները կապված են Օվսաննայի հետ, ուզում է բարեկեցիկ կյանք ապահովել դստեր համար և օգնել հաղթահարել կարոտը:

Գլխավոր լուսանկարը՝ Տաթև Խաչատրյանի, ֆոնին՝ Հավսաթաղ գյուղը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter