HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազամատակարարման խափանումների պատճառով Արցախի ջերմոցային տնտեսությունները վնասներ են կրում

Արմեն Հայրապետյանը ընկերոջ` Արամ Մուսայելյանի հետ 2020 թվականին Արցախի Կառավարության աջակցությամբ Ստեփանակերտի Արմենավան թաղամասում ջերմոցային տնտեսություն էր հիմնել։ Պատերազմի հետևանքով մեծ վնասներ կրեցին ու վստահ չէին, որ կկարողանան շարունակել գործունեությունը։ Սակայն 2022 թվականի մարտին Արցախի Կառավարությունը աջակցության նոր ծրագիր սկսեց, որն ուղղված էր ջերմոցային տնտեսությունների վերականգնմանն ու կառուցմանը։ Դիմեցին ծրագրին ու աջակցությունը ստանալուց հետո գազով ջեռուցվող ջերմոց կառուցեցին։ Աճեցնում էին վարունգ, լոլիկ ու պղպեղ։ Դեկտեմբերին պետք է ստանային առաջին բերքը։ Սակայն 2022-ի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը։ 3 օր անընդմեջ գազ չունենալու պատճառով 1100 սածիլից մնաց 400-ը։ Մոտ մի ամիս անց` հունվարի 18-ին, Արցախի գազամատակարարումը նորից դադարեցվեց։

«Անում էինք մեզնից կախված ամեն ինչ։ Երբեմն մինչև գիշերվա 2-ը աշխատում էինք, տուն գնալ չէինք ուզում։ Հիմա նույնիսկ սրտադ տամ չի՝ կյաս», գաս ի՞նչ անես»,- ասում է Արմեն Հայրապետյանը։

Գազամատակարարման խափանումից հետո ջերմոցը տաքացնում են թեփի վառարաններով։ 

«Եթե ասեմ` այս վառարանները լավն են, իհարկե, կստեմ։ Բացի նրանից, որ շուտով թեփի խնդիր էլ ենք ունենալու, սածիլները շարունակում են ցրտահարվել, ջերմոցում սրանցով 20°C -ից բարձր ջերմաստիճան չենք ունեցել։ Ստիպված յուղի վառարան ենք պատվիրել, բայց դա էլ ամենաշուտը մի շաբաթից կլինի։ Եթե այդ ընթացքում գազ չունենանք, եղած սածիլներից չգիտեմ քանիսը կմնան»,- ասում է Արմենը։ Շրջափակման պատճառով այլեւս չեն կարողանում Երևանից օրգանական պարարտանյութեր ձեռք բերել սածիլները սնուցելու համար։ 

Հույս չունեն որևէ եկամուտ ստանալ։ Սածիլները երկու անգամ ցրտահարվել են։ 

«Լոլիկն էլ ծաղկելուց հետո է ցրտահարվել։ Մեր հաշվարկով՝ պետք է արդեն գոնե մի անգամ բերք վերցրած լինեինք։ Բայց դրա փոխարեն արդեն թուփն էլ է չորանում»,- ասում է Արամը։ 

Ջերմոցում պղպեղի 200 սածիլներից մեկն է պահպանվել։  

Ցրտահարված պղպեղների տեղում մի շաբաթ է, ինչ կանաչի են ցանել, հույս ունեն, որ գոնե դա կաճի։ Ասում են, որ չեն հանձնվում ու անհամբեր սպասում են ամռանը։ 

Արցախի գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախում ջեռուցվող շատ քիչ ջերմոցներ կան, ու եթե նույնիսկ դրանք անխափան աշխատեին շրջափակման ընթացքում, կբավարարեին պահանջարկի աննշան մասը։ Իսկ ավանդական ջերմոցներում սածիլները դնում են միայն վաղ գարնանը։ 

«Հետքը» նախարարությանը հարցրել էր նաեւ, թե 2022 թվականին քանի՞ քաղաքացի է ֆինանսավորում ստացել ջերմոց կառուցելու համար, ընդհանուր քանի՞ ջերմոցային տնտեսություն կա Արցախում, և դրանցից քանի՞սն են այսօր գործում։ ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվել է տեղեկատվություն հայտնել՝ տարօրինակ պատճառաբանությամբ, թե այդ տեղեկությունները գաղտնի են և ենթակա չեն տրամադրման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter