HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է. ՔԿ ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վարկածն այս պահին կենսունակ է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է։ Այս մասին Կառավարության հունվարի 26-ի նիստում հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե, էս պահի դրությամբ ունենք ապացույցների այն անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստում հրապարակված այդ հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունն անընդհատ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննություն է իրականացվում, որ հետո չհնչեն կասկածներ՝ մենք որևէ վարկած չստուգեցինք»,- նշեց Վարդապետյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ Կառավարության նիստում հնչել է այն, ինչի վերաբերյալ այդ պահին տեղեկություն է եղել. «Եթե նույնիսկ Կառավարության նիստում որևէ բան հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված չէ, կաշկանդված չէ… Եթե հանկարծ պարզվի, որ Կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, դրանով կաշկանդված չենք, հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»։

Գլխավոր դատախազը տեղեկացրեց՝ այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված, սակայն նախաքննության շահից ելնելով՝ նա չբացահայտեց այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են։

Վարդապետյանը նշեց՝ դատախազությունը՝ զինդատախազի մակարդակով, ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննությունն ավարտելու սահմանված ժամկետներ կան։

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ ասաց՝ մինչ այժմ հարցաքաննված բոլոր վկաների ցուցմունքներով հիմնավորվում է բենզինով վառարանը վառելու վարկածը։

«Օրապահը, որն անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել այդ վարկածը։ Ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել, որ բուլդոզերները դիզվառելիք են օգտագործում, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար։

«Հիմա, փաստորեն, գործի տվալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Ընդ որում, վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Եվ էդ ամեն ինչն էս պահին գոնե հիմնավորվում է, և էլի եմ ասում, չի նշանակում, որ որևէ բանով կաշկանդված ենք, և քննությունը պետք է լինի ամբողջական»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter