
Համաշխարհային բանկին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 36%-ը
2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանը մոտ 4 մլրդ 504 մլն դոլարի արտաքին վարկեր ունի: Սա Հայաստանի արտաքին պարտքի մոտ 70%-ն է: Վարկատուներն են միջազգային կառույցներն ու պետությունները:
Տարիներ շարունակ Հայաստանի խոշորագույն վարկատուն Համաշխարհային բանկն (ՀԲ) է: Համաշխարհային բանկը փաստացի երկու կառույցից է բաղկացած՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից և Զարգացման միջազգային ընկերակցությունից: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին է բաժին հասնում Հայաստանի արտաքին վարկերի 18.4%-ը, իսկ Զարգացման միջազգային ընկերակցությանը՝ 17.6%-ը:
Այդպիսով, 2022 թվականի վերջի դրությամբ Համաշխարհային բանկին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 36%-ը՝ երկու կառույցի վարկերը միասին:
Հայաստանի երկրորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% տեսակարար կշռով:
Երրորդ խոշոր վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է՝ 8.4%-ով:
Հաջորդում են Եվրասիական զարգացման բանկը, պետություններից՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ճապոնիան:
Մյուս երկրներն ու կազմակերպությունները համեմատաբար փոքր կշիռ ունեն:
Հայաստանի կառավարության արտաքին վարկերի կառուցվածքը՝ ըստ վարկատուների
2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ
Վերջին առնվազն հինգ տարվա Հայաստանի խոշոր վարկատուների ցանկը նույնն է, ինչը բնական է, քանի որ արտաքին վարկերը տրվում են երկար ժամկետով:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջում Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Տարվա ընթացքում այն աճել է 15.3%-ով: Այն չի խախտում հարկաբյուջետային կանոնները, սակայն գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը՝ բյուջեից տոկոսադրույքներին ուղղվող միլիարդավոր դրամները: Դրամի ամրացումը դոլարի նկատմամբ հօգուտ պետական պարտքի է եղել:
Տես նաև՝
Մեկնաբանել