
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած քաղաքացիների աջակցության ժամկետը կերկարաձգվի 8 ամսով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է երկարաձգել Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերում իրենց տունը կորցրած քաղաքացիներին տրվող դրամական աջակցության ծրագրի ժամկետը։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանավոր պայմանավորվածության հետևանքով Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից հատվածներ։
ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի որոշմամբ՝ այդ ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը այդ գյուղերում իրենց տունը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է միանվագ 300 հազար դրամ, այնուհետև ամսական 68 հազար դրամ աջակցություն։ Այս գործընթացին զուգահեռ կառավարությունը Շուռնուխ գյուղում նոր բնակելի թաղամաս է կառուցում, որը պետք է ավարտին հասցվեր 2022թ․ սեպտեմբերի 30-ին, սակայն այդ ժամկետում շինարարական աշխատանքները ամբողջ ծավալով դեռ չեն իրակնացվել։
Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է երկարաձգել շուռնուխցիներին և որոտանցիներին տրամադրվող աջակացության ժամկետը մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ, իսկ բնակելի թաղամասի շինարարության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հունիսի 30-ը։
Այս 8 ամիսների դրամական աջակցության համար պետական բյուջեից կտրամադրվի 20 մլն 128 հազար դրամ։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարում՝ Որոտան գյուղը / © Հետք
Մեկնաբանել