HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կեղծ ավտովթարներ կազմակերպելու գործը Հակակոռուպցիոն դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 26-ին, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, քննվեց կեղծ ավտովթարներ կազմակերպելու գործը: Ամբաստանյալի աթոռին է 9 անձ՝ Արամ Գալստյանը, Մկրտիչ Դերիկյանը, Շավարշ Մուրաջյանը, Գագիկ Միքայելյանը, Հայկ Իշխանյանը, Հայկ Շահինյանը, Նիկոլայ Ավալյանը, Վարդան Ենոքյանը, Վահե Բարեղամյանը։

Գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երևանում կազմակերպել են 15 կեղծ վթար, ինչի հետևանքով 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն դրամ գումար եւ 8 մլն դրամի հափշտակության փորձ են կատարել։ Այս անձանց նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2017 թվականին, իսկ դատական քննությունը սկսվել է 2018-ից։

Մեղադրյալ Մկրտիչ Դերիկյանը տվյալ ժամանակահատվածում եղել է Ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի 7-րդ սպայական դասակի տեսուչ, և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ արձանագրել է կեղծ վթարները։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): 308-րդ հոդվածը ներառված է կոռուպցիոն հանցագործությունների ցանկում: Ուստի 2022թ․ օգոստոսի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ ընդդատության, գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Մկրտիչ Դերիկյանը Արամ Գալստյանի ազգականն է։

Դատական նիստի սկզբին Մկրտիչ Դերիկյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի։ Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի հանցանքը համարվում է միջին ծանրության, ուստի հանցանքը կատարելու պահից՝ 2016 թվականից, անցել է արդեն սահմանված ժամանակահատվածը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ հայտնեց, որ որոշել է բավարարել պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։

Նմանատիպ միջնորդություններ ներկայացրեց նաև Շավարշ Մուրաջյանի և Նիկոլայ Ավալյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Դատարանը ստուգել էր Նիկոլայ Ավալյանի դատվածություններ ունենալու հանգամանքը՝ նշված հանցանքը կատարելուց հետո, և պարզել, որ Նիկոլայ Ավալյանը հանցանքը գործելուց շուրջ մեկ տարի անց այլ գործով մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։

«Հանցանքը կատարելուց 5 տարի անց քրեական հետապնդումը դադարեցվում է, սակայն եթե այդ հանցանքից հետո նոր հանցանք է գործել անձը, հաշվարկը սկսվում է նոր հանցանքը գործելու պահից, սակայն Վճռաբեկ դատարանի որոշում կա, ըստ որի` ժամկետի հաշվարկման մեջ մտնում է նաև 1 տարին, որը նախորդ հանցանքից նոր հանցանք գործելու ժամանակահատվածն է»,- դատական նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Պաշտպանի խոսքով` պետք է հաշվարկներ կատարի և հետո նոր միջնորդությունը ներկայացնի իր պաշտպանյալ Նիկոլայ Ավալյանի մասով։ Իսկ Շավարշ Մուրադյանի համար ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարեց՝ դադարեցրեց Շավարշ Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Միջնորդություն ներկայացրեց նաև Վարդան Ենոքյանի պաշտպան Դավիթ Դիլբարյանը։ Նա միջնորդեց համապատասխանեցնել 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը (Խարդախությունը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) և դադարեցնել քրեական հետապնդումը իր պաշտպանյալի նկատմամբ՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Բանն այն է, որ Վարդան Ենոքյանը հափշտակել է 4 միլիոն 210 հազար 370 դրամ գումար։ Այս չափի գումարն, ըստ նախկին Քրեական օրենսգրքի, համարվում է առանձնապես խոշոր չափերի, իսկ հունվարի 1-ից ընդունված օրենսգրքով այս գումարը համարվում է խոշոր չափերի։ Այս դեպքում՝ Վարդան Ենոքյանի կատարած հանցանքը համարվում է միջին ծանրության, և եթե վաղեմության ժամկետն անցել է, ապա հնարավոր է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

Սակայն դատարանը հայտնեց, որ Վարդան Ենոքյանի մասին տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք այս հանցանքը կատարելուց հետո այլ հանցանքներ կատարե՞լ է, թե՞ ոչ, ուստի միջնորդության քննարկումը հետաձգվեց։

Արամ Գալստյանի պաշտպան Արմեն Թևանյանը հարց բարձրացրեց, որ եթե ոստիկանության տեսուչի մասով գործը կարճվեց, և դատարանը բավարարեց Մկրտիչ Դերիկյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ապա այս գործն ինչու պետք է շարունակի քննել Հակակոռուպցիոն դատարանը, նա առաջարկեց գործը հետ ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատավոր Սուրեն Խաչատրյանը հարցրեց՝ սա հայտարարություն է, թե՝ միջնորդություն։ Թևանյանն ասաց, որ որպես միջնորդություն ընդունեն։ Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter