HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քարվաճառից տեղահանված ընտանիքին երկու սերտիֆիկատ են տվել. նրանք տուն չեն կարողանում գնել

2020թ․ նոյեմբերին, երբ հանձնվեց Քարվաճառը, Արտավազդ Միքայելյանի բազմանդամ ընտանիքը հարկադրված վերադարձավ Վեդի, որտեղից հեռացել էին 14 տարի առաջ։ Քարվաճառի Քնարավան գյուղում նրանք երկու տուն են թողել, որի դիմաց Հայաստանի կառավարությունը նրանց երկու սերտիֆիկատ է տվել՝ տուն գնելու համար։ Կառավարության սահմանած 10 մլն դրամի շրջանակում նրանք տուն չեն կարողանում գնել։

«Ովքեր վերաբնակվեցին Արցախի ազատագրված տարածքներում, գնացին կա՛մ չքավորության պատճառով, կա՛մ հայրենասիրությունից մղված»,- Արցախյան ազատամարտի մասնակից, 63-ամյա Արտավազդ Միքայելյանն այսպես է սկսում ընտանիքի հետ Քարվաճառի Քնարավան գյուղում վերաբնակվելու իր պատմությունը։ 2004թ-ին Քնարավան գյուղը վերաբնակեցնելու համար Կառավարությունը աջակցություն է խնդրել «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպությունից, որին անդամակցում էր նաև ինքը։ 2006թ-ին 9 ընտանիք էր բնակեցրել այնտեղ, գյուղը չափազանց գրավիչ էր, ինքն էլ ընտանիքով տեղափոխվեց Քնարավան։  

Արտավազդը 2006թ-ին Քարվաճառի Քնարավան գյուղ է տեղափոխվել 4 հոգանոց ընտանիքով, 2020թ-ին այնտեղից վերադարձան 12 հոգով։ Երկու որդիներն ընտանիք են կազմել Քնարավանում, այնտեղ են ծնվել նրա 6 թոռը։ 2020թ-ի նոյեմբերի 15-ին, երբ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, հարկադրված ընտանիքի հետ վերադարձավ ծննդավայր՝ Արարատի մարզի Վեդի քաղաք։

Արտավազդ Միքայելյանի ընտանիքը երկու տուն է թողել Քնարավանում, որդիներից ավագը՝ Նորայրը, իր ընտանիքով առանձին էր բնակվում։ Ամերիկահայ բարերար Կարապետ Հարությունյանի ընտանիքը Քնարավանում վերաբնակեցվածների համար տներ էր կառուցել, դպրոց, բուժկետ և այլն։ Ընտանիքում բոլորն ապահովված էին մշտական աշխատանքով, ինքը համայնքի ղեկավարն էր, երկու որդիները Արցախի պաշտպանության բանակի սպաներ էին։ Կինը և երկու հարսները Քնարավանի միջնակարգ դպրոցում ուսուցիչ էին աշխատում։

Մշտական աշխատանք ունենալը ընտանիքին հնարավորություն էր տվել վարկեր ներգրավելով՝ ֆերմերային տնտեսություն ստեղծել՝ գոմ էին կառուցել, մեծ քանակով կովեր ու ձիեր էին պահում։ Ամեն ինչ, կարծես թե, հաջողությամբ էր ընթանում մինչև 2020թ սեպտեմբերի 27-ը, երբ վերսկսվեց Արցախյան պատերազմը։ Կանանց ու երեխաներին նույն օրը տարհանեցին, իսկ Արտավազդն ու որդիները կռվում էին Օմարում։

Պատերազմի ավարտն անկանխատեսելի է եղել նրանց համար։ «Իմ ուղեղում չէր տեղավորվում, որ արյունով վերցրածը գրչով կարող են տալ»,- ասում է Արցախյան պատերազմի մասնակից Արտավազդ Միքայելյանը։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցը 1990-ական թվականներին վիրավորվել է Նոյեմբերյանի Ոսկեպարի պաշտպանության ժամանակ, երկրորդ կարգի հաշմանդամ է։

Վեդի վերադառնալուց հետո Միքայելյանների բազմանդամ ընտանիքը ժամանակավոր բնակվում է Ռուսաստանում գտնվող հարազատներից մեկի տանը։ Նրանցից ոչ մեկը աշխատանք չունի, կինը խոհարարական դասերի է մասնակցում՝ աշխատանք գտնելու հույսով։ Որդիները՝ խոր հիասթափություն ունեն պատերազմում կրած պարտությունից, 13 տարի Արցախի պաշտպանության բանակում ծառայելուց հետո հրաժարվել են զինվորական աշխատանքից։

Հայաստանի կառավարությունը մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ փետրվարի 17-ին, հաստատեց Արցախի Հանրապետության (ԱՀ) առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրի շահառու է ճանաչել 4170 ընտանիքի, որոնք տեղահանվել են Արցախի Հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի և Քաշաթաղի շրջաններից։

Պետական աջակցության ծրագրով Երևանում բնակարան գնելու համար հատկացվում է մինչև 8 մլն դրամ, Հայաստանի մարզային բնակավայրերում՝ ամսական վճարների մարման համար հանրագումարային՝ մինչև 10 մլն դրամ։ Տարհանված բնակիչները սերտիֆիկատի միջոցով բանկից կամ այլ ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ կարող են ստանալ նաև բնակելի տուն կառուցելու նպատակով, վարկը մարելու է պետությունը։ Անշարժ գույքը նրանց սեփականությունը կդառնա միայն 10 տարի այնտեղ բնակվելուց հետո։

Հայաստանի բնակավայրերից Արցախում վերաբնակված ընտանիքները հիփոթեքային վարկով կարող են անշարժ գույք ձեռք բերել կամ անհատական բնակելի տուն կառուցել այն բնակավայրերում, որտեղից մեկնել էին կամ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Երևանում բնակարան գնելու համար հիփոթեքային վարկ է տրամադրվում նրանց, որոնք նախկինում Երևանում էին բնակվում, իսկ մարզերից գնացածները՝ մարզերում կարող են տուն գնել կամ կառուցել։ Տեղահանված արցախցիներին բնակարան կտրվի միայն  Արցախում։

Արտավազդ Միքայելյանին և որդուն Հայաստանի կառավարությունը 2022թ հոկտեմբերի 27-ին սերտիֆիկատ է տրամադրել՝ տուն ձեռք բերելու համար։ Հակոբ Միքայելյանը Վեդիում և շրջակա գյուղերում տուն է փնտրում։ «Բանկերի պայմաններով տուն չենք կարողանում գտնել։ Բանկերը շատ ցածր են գնահատում տները, 20-25 մլն դրամ արժեցող բնակարանը առավելագույնը 10 մլն դրամ են գնահատում։ Տան արժեքը, եթե 10 մլն դրամից ավել է՝ պետք է վարկ վերցնես, բայց մեզ վարկ էլ չեն տալիս, որովհետև Հայաստանի քաղաքացի չենք»,- ասում է Հակոբը։

Հայրը՝ Արտավազդը, որդու ասածը լրացնում է նոր փաստարկներով և համոզված պնդում, որ բանկերի ներկայացրած պայմանները գրեթե անհնարին են դարձնում սերտիֆիկատով տուն ձեռք բերելու հնարավորությունը։ «Վեդիում տների նվազագույն արժեքը՝ 14 մլն դրամ է, մարդիկ լսել են, որ ղարաբաղցիներին սերտիֆիկատ են տվել՝ տների արժեքը միանգամից բարձրացավ։ Գիտեն, որ քեզ 10 մլն դրամ պետք է տան, տունը հավաբուն էլ լինի՝ դրանից ցածր չի ասում։ Բանկն էլ տունը գնահատում է 3-5 մլն դրամ, եթե ուզում ես գնել՝ տարբերությունը դու պետք է վճարես»,- հայտնեց Արտավազդը։

Կառավարության ծրագրի համաձայն, սերտիֆիկատի միջոցով բանկից կամ այլ ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ կարող են ստանալ նաև բնակելի տուն կառուցելու նպատակով։ Արտավազդ Միքայելյանը Վեդիում 1000 քմ հողամաս ունի, վերադառնալուց հետո այնտեղ տուն են կառուցում։ Արցախից տեղահանվածներից յուրաքանչուրին Կառավարությունը միանվագ 300 հազար դրամ տվեց, նրանց 12 հոգանոց ընտանիքի համար դա շոշափելի գումար էր։ «Այդ գումարով շենքի հիմքը դրեցինք՝ հույս ունենալով, որ շուտով աջակցություն կստանանք։ Հակոբը գարնանը մեկնում է Ռուսաստան՝ աշխատելու, գումարը բերում է մի բան ավելացնում ենք տան վրա։ Արդեն 3 տարի կառուցում ենք, հասել ենք տանիքին ու չենք կարողանում առաջ գնալ»,- պատմում է Արտավազդը։

Սերտիֆիկատով փորձել է բանկերից հիփոթեքային վարկ վերցնել կառուցապատման համար, բայց բանկերը չեն ցանկանում գումար տրամադրել։ Ասում են՝ փաստաթղթերը ներկայացրու բանկին՝ շինարարական կազմակերպություն կուղարկենք՝ տունը կկառուցեն։ Հակոբն ասում է, որ 10 մլն դրամը մեծ գումար չէ տուն կառուցելու համար, եթե շինարարական կազմակերպությունը կառուցի՝ դա չի բավականացնի տունը ավարտին հասցնելու համար։ 

«Ասում եմ՝ ես արհեստավոր եմ, կարող եմ որոշ բաներ ինքս անել։ Փոխարենը շինանյութ կգնեմ այդ գումարով, գույք կառնեմ, որպեսզի կարողանամ տունն ավարտել և բնակվել։ Մեր վիճակը տեսնելով՝ նաև ծանոթ-մտերիմ մարդիկ պատրաստակամություն են հայտնում որևէ բանով օգնելու։ Ինձ հասանելիք գումարն էլ առձեռն չեմ ուզում, ասում եմ՝ ես շինանյութն ընտրեմ, դուք գումարը փոխանցեք խանութին, ինչը կարողանում եմ անել՝ ինքս կանեմ, որպեսզի տունը կարողանամ ավարտել, բայց չեն համաձայնում»,- բանկերի վարկային քաղաքականության հետ իր անհամաձայնությունն այսպես է հիմնավորում Հակոբը։

«Գոնե այս տունը սարքենք՝ տեղափոխվենք մի տան մեջ՝ մինչև հետո կկարողանանք մյուսի մասին մտածել։ Վաղը ինձ տանտերն ասի՝ դուրս արի, ես 12 շունչ ո՞ւր վերցնեմ գնամ»,- զայրանում է Արտավազդը։

Ընտանիքին սերտիֆիկատը էլեկտրոնային տարբերակով ուղարկել են 2022թ․ հոկտեմբերի 27-ին։ Միաժամանակ տեղեկացրել են, որ դրանից 3 ամիս առաջ է հաստատված եղել, տրամադրելու ժամկետը պետք է նկատի ունենալ այդ օրից։ Այսինքն, սերտիֆիկատն իրացնելու համար նրանց մնացել է 6 ամիս։ «Այնպես են անում, որ այդ ժամանակամիջոցում չկարողանանք տուն գնել։ Մենք Արարատի մարզում կամ Վեդիում ենք ուզում ապրել, այստեղ թող մի բան տան։ Ես այնտեղ երկու տուն եմ թողել, ինձ տնով թող ապահովեն։ Կա՛մ բնակարան պետք է գնեն մեզ համար, կա՛մ գումարը տան, մենք կառուցենք»,- ասում է Արտավազդը։

«Հետք»-ը հարցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սերտիֆիկատ ստացածներին, եթե չհաջողվի մեկ տարվա ընթացքում իրացնել այն, ի՞նչ է լինելու հետագա ընթացքը, արդյոք նրանք զրկվո՞ւմ են ծրագրի շահառու լինելուց և հիփոթեքային վարկավորմամբ տուն ձեռք բերելու իրավունքից։ Պատասխանել են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հավաստագրի գործողության ժամկետը 365 օրացուցային օր է (տրամադրման օրվանից հաշված) և ենթակա չէ երկարաձգման։

Պետությունը չի փոխհատուցել նաև Միքայելյանների տնտեսական կորուստները։ Արտավազդը պատմում է, որ 2020թ․նոյեմբերի 15-ին Քարվաճառ տանող ճանապարհը փակեցին և այլևս չթողեցին գյուղ մտնել։ Բոլորը չէ, որ հասցրին անձնական իրերը տեղափոխել։ Ասում է՝ իր ֆերմայի անասունների կեսը պատերազմի ժամանակ սատկեցին արկերի հարվածներից, կրակոցների ձայնից մի մասը փախան անտառ ու չգտան։

Նրանց հաջողվել է անասունների մի մասին դուրս բերել Քարվաճառից՝ 27 հատ կով ու հորթ, 50 ձիերից 16-ն են դուրս բերել գյուղից։ Վարդենիսում 10-ը ձին գողացել են, 6-ին կարողացել են հասցնել Վեդի։ «Բերեցինք, բայց ո՛չ գոմ ունեինք, ո՛չ խոտ։ Անասնակեր չլինելու պատճառով, 500 000 դրամանոց կովը հարկադրված 150-200 հազար դրամով վաճառեցինք»,- պատմում է Արտավազդը։ Ե՛վ անասունների, և՛ հրազենի կրակոցներից վնասված ավտոմեքենայի համար դեռևս չեն փոխհատուցել նրանց։

Քարվաճառը հանձնելուց հետո Քնարավանում վերաբնակված 15 ընտանիք անօթևան է մնացել, և բնակիչներից ոչ մեկը դեռևս չի կարողացել սերտիֆիկատով տուն գնել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր գրությանը պատասխանել են, որ 18012023թ դրությամբ բնակարանի գնման հավաստագիր է ստացել շուրջ 3300 ընտանիք։ Նույն օրվա դրությամբ կնքված պայմանագրերի հիման վրա անշարժ գույք է ձեռք բերել ավելի քան 50 ընտանիք, առաջիկա օրերին ձեռք կբերեն ևս 60-ից ավելի ընտանիքներ։

Ոչ միայն տեղահանվածների ներկայացրած դժգոհությունները, այլև մոտ մեկ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերածների այս փոքր թիվը վկայում է ծրագրի անմատչելի լինելու մասին։ Կառավարությունը պետք է վերանայի հիփոթեքային վարկավորման պայմանները, եթե նպատակը Արցախից տեղահանվածներին տնով ապահովելն է։

 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter