HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատամի մածուկի փոխարեն՝ սոդա, տակդիրի փոխարեն՝ հին շապիկներ. Արցախում հիգիենայի պարագաների խիստ պակաս կա

Արցախի շրջափակումից անցել է 49 օր։ Խանութների ու դեղատների շարքերից գրեթե վերացել են հիգիենայի պարագաները։ Որոշ խանութներում դեռ կան ապրանքներ, սակայն դրանք երկրորդային նշանակության են, ինչպիսիք են՝ լեղակը, ապակի մաքրող հեղուկը, ալկոգելը։ 

Լիլիթ Ջիվանշիրյանը շրջափակման առաջին օրերից հատկապես հիգիենայի պարագաներն է տնտեսում։ Երկու որդի ունի, ավագը 6 տարեկան է, փոքրը՝ 9 ամսական։ «Սկզբից երեխայի համար մանկական տակդիրն էր խնդիր։ Հատուկ տեսակի տակդիր էի միշտ գնում։ Հիմա ինչ պատահի, դա էլ հագցնում եմ։ Աշխատում եմ ռացիոնալ օգտագործել։ Օրը երկու հատ եմ օգտագործում, ցերեկները ինչքան հնարավոր է չեմ հագցնում»,- պատմում է Լիլիթը։ Երբեմն նաև ձեռքով կարված մանկական տակդիր է օգտագործում։ Լոգանքի պարագաներ դեռ ունի։ «Փորձում եմ լվացքի փոշին էլ տնտեսել։ Նախկինում եթե երկու կեղտոտ շորի համար լվացքի մեքենա էի միացնում, հիմա սպասում եմ բոլոր շորերը կեղտոտվեն՝ նոր»,- ասում է Լիլիթը։

Ստեփանակերտի «Անի Մարկետ» խանութի աշխատակից Արմինե Պողոսյանի խոսքով՝ խանութում հիգիենայի պարագաներից առաջինը սպառվել են անձեռոցիկները, կանանց միջադիրները, օճառը, զուգարանի թուղթը։ «Մարդիկ ամենաշատը հենց այդ ապրանքների կարիքն են զգում։ Իհարկե, կան այլ իրեր, որոնք նույնպես անհրաժեշտ են, սակայն դրանք այս պահին երկրորդային նշանակություն ունեն։ Կան ապրանքներ, որոնք երկար օգտագործման են, օրինակ՝ լվացքի փոշին, շամպունը, սպասք լվանալու հեղուկը, ու քանի դեռ մարդիկ տներում ունեն՝ պահանջարկ չի լինի»,- ասում է Արմինեն։ 

Անի Աղաբեկյանը «Տիտան» խանութում հիգիենայի բաժնի պատասխանատուն է։ Ասում է՝ իրար հետևից վերջացել են անձեռոցիկը, լվացքի փոշին, կանանց միջադիրները և զուգարանի թուղթը, որից հետո՝ շամպունը, օճառը, սպասք լվանալու հեղուկը։ «Ապրանքների վերջանալուց հետո երկու խումբ (բլոկ) զուգարանի թուղթ ենք ստացել, երկուսն էլ տեղում վերջացել է։ Խանութում մնացել են դեմքի խնամքի պարագաներ, տան մաքրման նյութեր, ալկոգել․ այնպիսի ապրանքներ, որոնք սովորաբար շատ քիչ են օգտագործվում»,- նշում է Անին։

«SBS» ցանցի խանութներից մեկի աշխատակցի խոսքով՝ նախկինում հիգիենայի պարագաների մեծ բաժին ունեին, հիմա այն դատարկ է․ ինչ մնացել էր, տեղափոխել են այլ բաժնի շարքեր։ Դա նաև արել են էլեկտրաէներգիան խնայելու համար։ Դարակները լցնում են այն ապրանքներով, որից շատ է մնացել, օրինակ՝ մի քանի շարք միայն լողանալու և սպասք լվանալու սպունգ է։

Մարգարիտա Պետրոսյանը միայնակ է մեծացնում իր չորս երեխաներին․ երեք դուստր ու մի որդի ունի։ 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել են Շուշիից, ներկայումս Ստեփանակերտում են բնակվում։ Նրա խոսքերով՝ շամպուն դեռ ունեն, օճառ էլ, բայց այլևս նախկինի նման չեն օգտագործում՝ տնտեսում են։ «Զուգարանի թուղթն է վերջանում։ Երեխաների հին անթև շապիկները կտրել եմ, դրել զուգարանում, որ երեխաները հասկանան՝ խնայել է պետք։ 3-4 ժամ հերթ եմ կանգնում, որ  կարողանամ մի բան գնել։ Մի քանի օր առաջ ատամի մածուկ եմ գնել, իսկական հաջողություն էր։ Սա վերջանալուց հետո երևի էլ չեմ գտնի։ Ամեն դեպքում, սոդա լինելու է, ատամները կարող ենք սոդայով մաքրել»,- ասում է Մարգարիտա Պետրոսյանը։ 

Անուշ Վերդյանի առաջնեկը՝ Դանիելը, 9 ամսական է։ Անուշի խոսքերով՝ տանը  հիգիենայի պարագաներից ամենաշուտը թաց անձեռոցիկն է վերջանում։

«Խանութներում հիմա դա շատ դժվար է գտնել, պետք է ամբողջ քաղաքով շրջես, որ մի հատ գտնես։ Շամպունները գնել էի, դեռ ունեմ ու կարիքը չեմ զգում։ Իսկ Դանիելի համար գնածս շամպունները կաթիլ-կաթիլ եմ օգտագործում։ Մանկական տակդիրն է, որ վերջանում է, խանութներում կամ դեղատներում դրանք հիմա հատով են վաճառում»,- պատմում է Անուշը։ Ասում է՝ ականջ մաքրելու բամբակե փայտիկող չոփիկներն են վերջանում, բայց ձևը գտել է․ փայտիկների չոփիկի բամբակները հանում է, ծայրերին նոր բամբակներ է պտտեացնում ու էլի օգտագործում։ 

Արցախի դեղատներում նույնպես հիգիենայի պարագաների մեծ պակաս կա։ «Դենտալ-Ֆարմ» դեղատան կառավարիչ Մարիա Ղազարյանի խոսքով՝ Կարմիր Խաչի միջոցով մի անգամ  սահմանափակ թվով որոշ բաներ են պատվիրել։ «Մոտ մի 10 օր առաջ տակդիրներ ենք ստացել կանանց ու երեխաների համար։ Ստիպված ենք եղել տակդիրները մեկական, իսկ պամպերսները՝ 10 հատով վաճառել։ Սակայն դա էլ 2-3 ժամում սպառվել է։ Այս պահին հիգիենայի պարագաներից գրեթե ոչինչ չունենք։ Ատամի խոզանակ ունենք, բայց դա այնպիսի ապրանք է, որի օգտագործվածը կարելի է ախտահանել ու նորից օգտագործել։ Իսկ պամպերսները ով ինչ պատահում, հագցնում է, եթե նախկինում հարցնում էին համարը, հետո նոր գնում, հիմա կապ չունի՝ ինչ համարի է»,- պատմում է Մարիա Ղազարյանը։ 

«Վան» դեղատան աշխատակից Ինեսա Առստամյանը նշում է, որ դեղատանն իսպառ բացակայում են երեխաների խնամքի պարագաները՝ յուղերը, լողանալու միջոցները, ցանափոշին, քսուքները, թաց անձեռոցիկները, ինչպես նաև՝ մեծերի համար նախատեսված տակդիրները։ «Մի քանի տեսակի շամպուն է մնացել միայն, սակայն մի քանի օրից դա էլ կվերջանա»,- ասում է Ինեսան։ 

Այսօր՝ հունվարի 29-ին, ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է ևս 5 տեսակի ապրանքների համար կտրոններ տրամադրելու մասին, ներառյալ՝ հիգիենայի որոշ պարագաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter