HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուզում եմ գոնե մի քիչ ապրել էրեխեքիս համար». 63-ամյա կինը պրոթեզավորման կարիք ունի

Ժամանակին Անահիտ Սամվելյանը Մալաթիայի շուկայից առեւտրի ծանր տոպրակները ոտքով բարձրացնում էր 9 հարկ, որտեղ վարձով էին բնակվում: Այդպես՝ 11 տարի: Հիմա հազիվ է տեղաշարժվում տանը, այն էլ՝ քայլակով: Դրսում էլ անվասայլակով է տեղաշարժվում: Սովորել է նստած ափսեներ լվանալ, ճաշ պատրաստել, երբեմն, երբ տնեցիները տանը չեն, ավել անել, լվանալ՝ քայլակին հենվելով: Երկու զավակները՝ Զառան ու Դավիթը, հաշմանդամություն ունեն:

Երեւանի Մարգարյան փողոցի վրա գտնվող շենքի 4-րդ հարկի նրանց բնակարանում ենք: Հյուրասենյակում մանրահատակը շարժվում է, ճռճռում: 1964 թվականին կառուցված շենքի այս բնակարանում, կարծես, ամեն բան մնացել է հին ժամանակներում: Սա տիկին Անահիտի հայրական տունն է: 3 քույր ու 1 եղբայր էին: Եղբայրը մահացել էր Ռուսաստանում՝ տուն-ինտերնատում, քույրը՝ քաղցկեղից 2021 թ.: Հիմա նրանց հետ ապրում է այրի քույրը, որը եւս առողջական խնդիրներ ունի:

Հյուրասենյակում հազվադեպ են հյուր ընդունում: Հիմնականում ուղեկցում են խոհանոց: Պատճառը 29-ամյա որդու մինչ օրս չբացահայտված հիվանդությունն է: «Տղաս օդակաթիլային ալերգիա ունի, ոչ ճաշ ենք նորմալ սարքում, դուխի օգտագործում, վատանում ա, խեղդվում, կապտում,- նշում է 63-ամյա մայրը, հետո ավելացնում,- սպիտակ, բոյով, չախկալ աչքերով տղա է, բայց արիուտես, որ դժբախտ է»:

9 տարի է՝ Դավիթն այդ հիվանդությունն ունի: Շատ բժիշկների մոտ են տարել, սակայն այդպես էլ չի հաջողվել ախտորոշել հիվանդությունը: Որդին թաեքվոնդո սպորտաձեւով էր զբաղվում: Մի անգամ մարզիչի տարեդարձի նախորդ օրը, երբ մարզիկներով որոշել էին շնորհավորել մարզչին, Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր, հիվանդացել էր: Այդ օրվանից նա տնից դուրս չի գալիս: Իսկ վերջին 4 տարիներին՝ նաեւ իր սենյակից: Սուր հոտերն ազդում են նրա վրա: Քույրն ասում է՝ հազիվ են անհոտ օճառ գտել, այն էլ մանկական, որ եղբայրը կարողանա լողանալ:

Տիկին Անահիտը Զառայով հղի էր, երբ 15-րդ թաղամասում շենքի շինարարության վրա աշխատող վերամբարձ կռունկը շրջվել էր տեղում աշխատող 25-ամյա ամուսնու վրա՝ սպանելով նրան: Գույժն իմանալուց հետո կնոջը հազիվ էին ուշքի բերել: Ամուսինը Եղեգնաձորից էր, որտեղ էլ հուղարկավորել են: Տիկին Անահիտին շտապօգնության մեքենայով էին տարել Եղեգնաձոր, ու այնտեղ էլ վաղաժամ ծնվել էր Զառան: «Ես իմ պապային չեմ տեսել»,- ասում է 44-ամյա Զառան:

Դավիթը տիկին Անահիտի երկրորդ ամուսնությունից է ծնվել: Երկրորդ ամուսինն էլ 2006-ին հանկարծամահ եղավ:

Ի ծնե Զառայի մեկ աչքը խնդիր ուներ: Զառան պատմում է, որ գլաուկոմա է եղել, ինչը, հավանաբար, մոր ապրումների հետեւանք էր: 6 տարեկանում մայրն ու մորեղբայրը Զառային տարել էին Մոսկվա՝ ակնաբույժի մոտ: «Ասեցի՝ հնարավոր չի՞, որ աչքս հանեք, դնեք իրեն: Բժիշկն ասեց՝ անհնար ա, 11 տարեկանից հետո կարող եք պրոթեզավորել: 11 տարեկանում «Մալայանում» արեցին պրոթեզավորումը»,- հիշում է տիկին Անահիտը:

Զառան երրորդ խմբի հաշմանդություն ունի, մայրը՝ երկրորդ: Դավիթը դեռ չի ճանաչվել այդպիսին: Տիկին Անահիտն ասում է, որ դրա համար նա նախ հիվանդանոցում պիտի պառկի, բայց իրենք չունեն անհրաժեշտ գումարը:

Հյուրասենյակի սպասքապահարանից Զառան հանում է փոքրիկ տոպրակը, որտեղ բամբակի մեջ աչքի հին պրոթեզն է: Ապակուց աչքը պետպատվերով փոխում է 2 տարին մեկ, սակայն ըստ նրա, ճիշտ է ամեն տարի փոխելը: Իր մասին հպանցիկ է խոսում Զառան, ասում է՝ հարմարվել է: Հին պրոթեզը պահում է ապահովության համար, որպեսզի եթե հանկարծ օգտագործվողը ձեռքից ընկնի ու ջարդվի, փոխարինի հնով, քանի որ պրոթեզի արժեքը 75 հազար դրամ է:

«Երկու զավակ ունեմ, երկուսն էլ՝ դժբախտ: Մի խոսքով՝ երկկողմանի խփած եմ ես, հասկացար դու ինձ»,- ասում է տիկին Անահիտը:

63-ամյա կինը կոնքազդրային հոդերի երկկողմանի արթրոզ (կոքսարթրոզ) ունի: Զառան նկատում է, որ եթե վիրահատություն չանեն, մայրը հետզհետե կանշարժանա: «Հիմա էն կարգի ա, որ երկու քայլ գնում եմ բաղնիք, ինձ թվում ա՝ ոսկորս հեսա կփլվի: 49 տարեկանից է սկսել: Ծնկներից է սկսել ցավը, հետո խնձորակներին է տվել: Մեր խնդիրը միայն էնդոպրոթեզավորումի գնալն է»,- ասում է տիկին Անահիտը:

Զառան հեռախոսով ցույց է տալիս կոնքարթրոզի վիրահատության ու էնդոպրոթեզավորման տեսանյութ: «Խնձորակի էնդոպրոթեզը պիտի դնեն: Ոսկորը հանում են, պրոթեզ են դնում: Երկու պրոթեզ է պետք, որից յուրաքանչոյւրը 1,5-1,6 միլիոն դրամ է»,- նշում է դուստրը:

«Ես ընենց ամաչում եմ, որ իմ էս տարիքին դիմում եմ: Էնքան եմ ամաչում, որ էն ջահել էրեխեքը մահացել են, օգնելու շատ մեծ կարիք կա, ու ես անհարմար եմ զգում: Բայց ստիպված եմ, որովհետեւ ցավը տանջում ա ինձ»,- ասում է տիկին Անահիտը: Ու այս միտքը մեր զրույցի ժամանակ նա կրկնում է մի քանի անգամ:

Օրական 13-14 դեղ է խմում: Ցավերը շատ են: Գիշերները չի կարողանում քնել: Մյուս խնդիրը գլխուղեղի փակ անոթներն են, ինչի պատճառով տարեկան 3 անգամ հիվանդանոց է գնում: Երկու տարի առաջ ընկել էր հյուրասենյակի մանրահատակին: Մինչեւ Զառան տուն կհասներ, շտապօգնությունն ու ԱԻՆ-ի աշխատակիցները տիկին Անահիտին տեղափոխել էին հիվանդանոց:

Լոգասենյակը եւս հարմարեցված չէ տիկին Անահիտի համար: Զառան ցույց է տալիս այն: Թաղապետարան է դիմել լոգասենյակի հատակի վերանորոգման ու վաննան հանելու համար, բայց դեռ արձագանք չի ստացել:

Տիկին Անահիտը ժամանակին աշխատում էր տնագործական կոմբինատում: Թելերն ստանում էր ու տանը մեքենայով սվիտերներ, կիսաշրջազգեստներ, գուլպաներ էր գործում: Մոտ 12 տարի գործել է: «Նվերներ էլ էի գործում: Ներքեւի հարեւանին շատ էի խանգարում՝ ղըռ-ղըռ: Մի անգամ ասեցի՝ գոնե մինչեւ 9-10-ը կարելի ա, չէ՞ գործել, ասեց՝ ո՞նց չէ, Անո տոտա, գործի: Որ տեսա էլ աշխատելու միջոց չկա, վարսավիրություն սովորեցի՝ մազ կտրել, ներկել: Հետո դա էլ պրծավ, արդեն սկսեցին իմ ցավերը, շատ չէի կարողանում ոտքի վրա կանգնել»,- պատմում է զրուցակիցս:

Զառան 8-ամյա կրթություն ունի: Երբ Դավիթը ծնվեց, նա դպրոցից դուրս եկավ, սկսեց օգնել մորը: Շուտ է սկսել աշխատել: Շրջիկ առեւտրով էր զբաղվում երեւանյան տարբեր տոնավաճառներում, երբեմն՝ նաեւ Երեւանից դուրս: Առաջին աշխատավարձով փոքր եղբոր համար կոստյում ու կոշիկներ էր գնել:

«Ուրախացել էինք, Զառայի փողով ձմեռվա սոխ առանք»,- հիշում է մայրը, ապա ավելացնում, որ շուկաներում աշխատանքը փոխեց նաեւ Զառայի ոճը՝ «մի քիչ տղայական դարձնելով»:

25 կգ-անոց բեռը Զառան գցում էր ձախ ուսի՝ պրոթեզավորված աչքի ուղղությամբ, որպեսզի մյուսով կարողանա տեսնել, ազատ հետեւել շարժին: Քայլում էր կիլոմետրերով: Վաճառում էր լուցկի, գուլպա, դանակներ, կոսմետիկ միջոցներ: Ծանր պայուսակներից Զառայի ուսին վերք էր գոյացել:

«Լուցկի էր վաճառում, մեջը գրոշներ էր մնում»,- ասում է մայրն ու հոգատար հայացքով նայում Զառային: Իսկ վերջինս շարունակում է, թե լուցկին, թվում է, թեթեւ բան է, բայց մի արկղ լուցկին 7,5 կգ է: Հիմա Զառան մտածում է աշխատանքի անցնել որպես ոտքով առաքիչ:

-Ինչի՞ մասին եք երազում- հարցնում եմ Զառային:

-Տնեցիքի առողջության,- պատասխանում է նա:

Լռում ենք:

«Զառան ասում ա՝ մամ, գիտե՞ս, թե ինչի եմ սիրում Նոր տարին, որ բոլորս միասին ենք լինում, ուրախ, էն էլ մեկը պակասեց»,- նշում է տիկին Անահիտը՝ նկատի ունենալով 2021 թ. քաղցկեղից մահացած քրոջը:

«Սպասում եմ, որ սենյակում մարդ չլինի, որ ուժեղ ձենով լացեմ,- ասում է 63-ամյա մայրը,- ուզում եմ գոնե մի քիչ ապրել իրենց համար: Դրա համար խնդրում եմ որեւէ մեկը հայտնվի էս աշխարհում, որ ինձ ազատի էս ցավերից: Որ ասեմ՝ պիտի լավ բան տեսնեմ՝ թագ ու պսակ, թոռ, անհնարին ա…»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter