
2023/24 ուստարվա բակալավրի ընդունելության համար կլինի 2146 անվճար տեղ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախատեսում է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության համար սահմանել 2146 անվճար տեղ՝ նախորդ տարվա 1943-ի համեմատ: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նշված անվճար տեղերի 55%-ը՝ 1174 տեղ, հատկացվել է բնագիտամաթեմատիկական ոլորտին։ Անվճար տեղերից 88-ն էլ կլինեն օտարերկրյա քաղաքացիների համար։
Բացի 2146 անվճար տեղերից պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին, այս տարի նախատեսվել է հատկացնել 290 տեղ, նախորդ տարվա 230-ի փոխարեն, ՊՆ Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին նախորդ տարվա 76 տեղի փոխարեն, այս տարի նախատեսվել է 99, իսկ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախորդ տարվա 115 տեղի փոխարեն, այս տարի սահմանվել է 91: Ընդհանուր առմամբ ըստ ՊՆ ներկայացված հայտի, ՊՆ-ին հատկացվող տեղերը նախորդ տարվա համեմատ 59 տեղով ավելացել է:
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով նաև 2022/2023 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022/2023 ուստարվա համար հատկացված 22 300 տեղերը պակասեցնել 6000-ով և այս տարի հատկացնել 16 300 տեղ:
Ինչ վերաբերում է մագիստարտուրային, ապա 2023/24 ուստարվա ընդունելության համար կսահմանվի 1321 անվճար տեղ։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարում՝ Երևանի պետական համալսարանը
Մեկնաբանել