30 րոպեանոց դասեր՝ վերարկուներով ու գլխարկներով
Արդեն չորրորդ օրն է՝ առավոտյան 08։35-ին հինգ տարեկան Արթուր Աղաջանյանը նախաճաշից հետո հագնում է ձմեռային տաք բաճկոնը, դնում մոխրագույն, սպիտակ գծերով գլխարկը, կապում է տատիկի գործած եռագույն շարֆը, որ գնա դպրոց։ Գրքերով լի պայուսակն ուսերին է, իսկ աջ ձեռքում՝ խաղալիք մեքենան, որի բացվող ու փակվող դռների մասին նա երկար խոսում է հոր հետ։ Արթուր Աղաջանյանը հաճախում է Ստեփանակերտի թիվ 10 երկարօրյա դպրոցի նախադպրոցական խումբ։ Հայրը՝ Արմեն Աղաջանյանն է նրան ուղեկցում դպրոց։
Գազամատակարարման խափանումների պատճառով Արցախում դպրոցները հունվարի 19-ից փակ էին։ Հունվարի 29-ի առավոտյան գազամատակարարումը մասնակի վերականգնվեց, և նույն օրը որոշվեց վերսկսել դասերը բոլոր դպրոցներում։ Դպրոցները գործելու են քանի դեռ անխափան գազամատակարարում կա։
-Արթու՛ր, լավա՞ վեր շկոլը պեցվալա,- հարցնում եմ։
-Հա։
-Հա՞, խե՞ պա։
-Որովհետև օզումըմ մըծանամ։
-Իսկ գիդումը՞ս խեյն իլալ կապած շկոլը։
-Հա, ես ասալըմ՝ մա-մա, խե չը՞ն շկոլը պեց անում, հանցուվեր քինամ շկոլ, մաման էլ ասումա՝ որովհետև գազը էնա անջատած։ Ես էլ կրեցալ չում քինամ շկոլ, 5 օր տաննում իլալ։
Ստեփանակերտի 10-րդ դպրոցը, որն Արթուրի տանն ամենամոտ դպրոցն է, ավերվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վերականգնողական աշխատանքները բավական երկար տևեցին։ Դպրոցը պետք է պատրաստ լիներ շահագործման 2022 թվականի ուսումնական տարվա սկզբին, սակայն նախադպրոցական խումբը սկսեց հաճախել միայն նոյեմբերի 1-ին՝ ուսումնական տարվա սկզբից երկու ամիս անց։ Այս պահին էլ դպրոցի միայն մի մասն է ենթակա շահագործման։
Արթուրի խմբում սովորում է 20 աշակերտ։ Դասվար Նելլի Սարգսյանի խոսքով՝ երկուշաբթի նրանցից միայն 8-ն է հաճախել դպրոց։ «Երեխաների մի մասը հիվանդ է, մյուս մասը, իրավիճակով պայմանավորված, գյուղերում են՝ տատիկների ու պապիկների մոտ»,- պատմում է Նելլի Սարգսյանը։
Թեեւ գազամատակարարումը վերականգնվել է, և դասասենյակները սկսել են ջեռուցվել, միևնույն է, դպրոցում ցուրտ է, քանի որ գազի ճնշումը ցածր է։ Սենյակի ջերմաստիճանը 9-10°C է։ «Երեխաները վերարկուներով, ոմանք՝ շարֆերով ու գլխարկներով են դաս անում»,- նշում է Նելլի Սարգսյանը։
Արթուրին հարցնում եմ՝ դասարանում ցու՞րտ էր, ասում է՝ «հա, մրսալում, բայց կուրտկաս կեցալում, մենակ մեջքս ու ծերքերսն մրսալ»։
Երբ դպրոցները փակ են, և Արթուրը տանն է, թվերի գումարում ու հանում անելուց բացի, կրտսեր քույրերի՝ Արփիի ու Աստղիկի հետ է խաղում։ Բայց ամենաշատը նրան հետաքրքրում է հոր հետ մաթեմատիկայի վարժություններ կատարելը։
«Արթուրը էներգիայով լի բալիկ է, նրա հետ պետք է անընդհատ զբաղվել, որ չձանձրանա։ Երբ նա տանն է, աշխատում եմ նրան աչքաթող չանել, չթողնել ինքն իր հույսին, աշխատում եմ նրա օրը հետաքրքիր կազմակերպել։ Առավոտյան նախաճաշելուց հետո, առանց իմ ասելու, նա վերցնում է թուղթն ու գրիչը, որպեսզի դաս անի։ Այնպես չէ, որ ես նրանից դա պահանջում եմ։ Ինքն է ինձ կանչում, ասում է՝ «մամա, արի դաս անենք»։ Միասին արդեն գրեթե բոլոր տառերը սովորել ենք գրել, սկսել ենք տառերը ճանաչել, ինչը դեռևս դպրոցում չեն արել։ Ընթացքում բանաստեղծություններ եմ սովորեցնում»,- պատմում է Արթուրի մայրը՝ Վիկտորյա Պետրոսյանը։
Արտադասարանական պարապմունքներ չեն իրականացվում, ու եթե դպրոցը նորից փակվի ջեռուցման պատճառով, Արթուրը կրկին կմնա տանը։ Դասվարի խոսքով՝ իրենց հանձնարարված չէ դասարանից դուրս որևէ ծրագիր իրականացնել երեխաների հետ։ Ասում է՝ «մեր կըլխու կարել չընք ինչ-որ պեն անինք»։
«Լույսերի պատճառով օնլայն պարապմունքներ անհնար է անել։ Բացի դրանից, օնլայն պարապմունքների ծրագիր նույնպես չունենք։ Եթե նման պայմաններում երեխաների հետ աշխատելու ծրագիր մշակեն, մենք, իհարկե, պատրաստ ենք երեխաների հետ աշխատել»,- ասում է Նելլի Սարգսյանը։
Դպրոցում դասերը 30 րոպեանոց են։ Ասում է՝ դպրոցում ամենաշատը դաս անելն է սիրում։ Սովորում են տառերը, թվերով վարժություններ անում, երգի ու պարի դասեր ունեն։
Քանի որ երկարօրյա դպրոցը չի գործում, Արթուրը ժամը 13։00-ին ավարտում է։ Դպրոցի բակում սպասում է՝ հայրն ուր որ է կգա։
-Արթու՛ր, վեր շկոլը նորից կապվե, հինչավը՞ս զբաղվելու,- հարցնում եմ ես։
Հոգոց է հանում։
- Զբաղվելուվում խաղ ընելավ, տաս սըվըրելավ, մաթեմատիկա սըվըրելավ,- կարճատև դադարից հետո պատասխանում է Արթուրը։
Արցախի գործող 118 դպրոցներ է հաճախում 20 000 երեխա, նրանցից 1300-ը նախադպրոցական տարիքի է։
«Գազամատակարարման աշխատանքները սկսելուց հետո բոլոր դպրոցներում վերսկսվել է դասապրոցեսը։ Ներկայումս աշխատանքներ են կատարվում դպրոցների ջեռուցման համակարգերը փոխելու ուղղությամբ։ Գազով ջեռուցումից անցում կկատարենք փայտով ջեռուցմանը։ Եթե մինչ այդ ունենանք գազամատակարարման խափանում, դպրոց կհաճախեն միայն 9-12-րդ դասարանի աշակերտները։ Նրանք հաճախելու են ներկայումս փայտով ջեռուցվող դպրոցներ։ Այս պահին կրթական ծրագրից հետ ենք ընկել մի շաբաթով, որը լրացնելու ենք գարնանային արձակուրդները մի շաբաթով հետ տալու հաշվին։ Մյուս բացթողումները լրացրել ենք դասապրոցեսի ընթացքում՝ համապատասխան բաշխումների շնորհիվ»,- «Հետքին» հայտնեց Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մինասյանը։ Նրա խոսքով՝ ուսումնական տարին կավարտվի հունիսի 1-ին։
Մեկնաբանել