
Ադրբեջանը վերադարձրել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքները. Լավրով
«Ղարաբաղյան պատերազմի ամբողջ պատմությունը գնում է տասնամյակների խորքը։ Երկար տարիներ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները։ Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռևս նախորդ ղեկավարությունը ոչ այնքան դրական էր ընդունել՝ փորձելով պահել տարածքները, որոնց Երևանը նույնիսկ չէր էլ հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն»,-«Россия 24» հեռուստաընկերությանը և РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի համար բարդ է կողմնորոշվել հետագա քայլերի շուրջ այն բանից հետո, երբ Բաքուն ու Երևանը Բրյուսելում ստորագրել են փաստաթուղթ՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի պայմաններով հայ-ադրբեջանական սահմանի անցկացման մասին:
«Փաստաթղթում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմանները կանցնեն միութենական հանրապետությունների սահմաներով, ներառյալ՝ Ադրբեջանական ԽՍՀ, որի կազմում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը»,- ասել է Լավրովը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն այս բարդ իրավիճակում պատրաստել է խաղաղապահ գործողության ծավալման պլան, և դա «շատ կարևոր ձեռքբերում է եղել»։ «Սակայն հայ գործընկերները չհամաձայնեցին դրան։ Նրանք հայտարարեցին, որ համանման որոշման ընդունումը իրենց պետք է միայն այն դեպքում, եթե այնտեղ կտրուկ դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան կազմակերպության ոչ բոլոր անդամներն էին պատրաստ»,- նշել է Լավրովը։
Լավրովը դեռ հունվարի 18-ին էր անդրադարձել Հայաստանի մերժմանը՝ ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օգնության տրամադրման փաստաթուղթը։ «Մեր հայ ընկերներն առաջ էին տանում Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, և մենք այդ առաքելության չափանիշների մասին փաստաթուղթ էինք համաձայնեցրել։ Այն հնարավոր չեղավ ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ տեքստում լինի Ադրբեջանի կոշտ դատապարտում։ Մենք հայ գործընկերներին բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշման շարադրման մասին է, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության առաքելության տեղակայումը կարող է անարդյունավետ լինել առանց Բաքվի համաձայնության։
Լուսանկարը՝ Stephanie Keith / Getty Images
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել