HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մալաթիա» տոնավաճառի բացումը կախված է ինտենսիվ աշխատանքների արդյունքից

«Մալաթիա» տոնավաճառի տնօրինության հետ երեկվա հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների մասնակցությամբ և խորհրդատվությամբ պետք է ինտենսիվ միջոցառումներ իրականացնել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք ուղղակի և անմիջական կարող են հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

«Խնդիր է դրվել, որ սեղմ ժամկետներում մնացած աշխատանքները, որոնք հենց հրդեհի առիթ չեն կարող հանդիսանալ, բայց նորմատիվ իրավական պահանջ են իրենցից ենթադրում, պետք է նախագիծ-նախահաշիվ իրականացվի, ու տեղեկացնեն՝ արդյոք պատրաստ են նման ներդրում անել, և այդ աշխատանքները ևս իրականացնել, որից հետո կորոշվի՝ արդյոք կհանվի մեր կողմից կայացված որոշման արգելքը, թե ոչ։

Նախնական նման պայմանավորվածություն կա։ Թե քանի օրից կբացվի տոնավաճառը, կախված է իրենց դիրքորոշումից, մյուս աշխատանքների մասով ներդրում անելու, նաև այն ինտենսիվ աշխատանքների արդյունքից, որով կանեն և կշտկեն արձանագրված խնդիրները»,- նշեց Ելենա Զոհրաբյանը։

«Չի կարելի էսքան մարդու անգործ թողնել». «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները դեմ են դրա փակմանը

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը դադարեցրել է գործունեությունը։ ՔՏՀԱ տեսչական մարմինը տոնավաճառում հակահրդեհային կանոնների խախտումներ էր հայտնաբերել։ Տոնավաճառի աշխատակիցները պահանջում էին չփակել այն։

Տոնավաճառի ղեկավարությունը հանդիպել էր Տեսչական մարմնի ղեկավարի և մասնագետների հետ։ Տոնավաճառի տնօրենը հայտնել էր, որ աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն էլ նշել էր, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter