
NYT. Ուկրաինայում ռուսական զորքերի զոհերի ու վիրավորների թիվը հասել է մոտ 200 000-ի
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների պաշտոնատար անձինք կարծում են, որ Ուկրաինայում ռուսական զորքերի զոհերի ու վիրավորների թիվը մոտենում է 200 000-ի։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։ Թերթի տվյալներով՝ Ռուսաստանն ամենաշատ թվով կորուստները տվել է Բախմուտի համար մարտերում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են ամենակատաղի մարտերը։
Քաղաքի գրավման համար, որը Մոսկվան դիտարկում է որպես Դոնբասի արևելյան հատվածի գրավման բանալի, ռուսական զորքերը կիրառում են վատ պատրաստված նորակոչիկների ու նախկին դատապարտյալների։ Վերջիններիս, ինչպես գրում է ամերիկյան պարբերականը, ռուսական ռազմական գերատեսչությունն ամենևին չի դիտարկում որպես «սպառվող նյութ»։
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Քոլին Քալի խոսքով՝ ռուսական զորքերի նման մարտավարությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում սպառվում է սպառազինությունը, այդ թվում՝ հրետանային արկերը։ Ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչը նշում է, որ այդ պակասորդը ռուսաստանցիները փոխլրացնում են՝ «բանտարկյալներին ուղարկելով այնպիսի վայրեր, ինչպիսին են Բախմուտը և Սոլեդարը»։
Ընդ որում, ամերիկյան պարբերականը նշում է, որ մարդկային կորուստները դժվար թե կարող են դառնալ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները զսպող գործոն, քանի որ Մոսկվան «խոշոր հաղթանակի կարիք ունի»։
«Ըստ էության, նշանակություն չունի, թե որքան մեծ են Ռուսաստանի կորուստները, քանի որ նրանց ընդհանուր մարդկային ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան Ուկրաինայինը։ Ռուսաստանում զինվորի կյանքն արժեք չունի։ Մյուս կողմից, զոհված զինվորը հերոս է, անկախ այն բանից, թե ինչպես է մահացել։ Բոլոր զոհված զինվորներին կարելի է փոխարինել, և զոհերի քանակը չի փոխի պատերազմի նկատմամբ հանրային վերաբերմունքը»,- թերթը մեջբերել է Էստոնիայի պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմայի խոսքերը։
Ուկրաինայի կորուստները նշելիս՝ The New York Times-ը հղում է անում ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիին։ 2022 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ հակամարտության երկու կողմերը կորցրել են ավելի քան 100 000 մարդու։
2023 թվականի հունվարին Նորվեգիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը հայտարարել էր, որ Ռուսաստանի զոհերի ու վիրավորների թիվը գրեթե հասել է 180 000-ի։ Ուկրաինայի կորուստների մասով էլ նորվեգացի գեներալը նշել էր ավելի քան 100 000-ը։ Նրա խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ էլ զոհվել էր մոտ 30 000 ուկրաինացի խաղաղ բնակիչ։
Լուսանկարը՝ REUTERS/Vitaliy Gnidyi/File Photo
Մեկնաբանել