
Դիվանագետ. «Տարածաշրջանն այժմ մոտենում է կոնֆլիկտայնության բարձրակետին եւ կմնա այդ վիճակում, թերեւս, 2-3 տարի»
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
-Պարոն Մելիքյան, փետրվարի 2-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարած միտքը, թե Ադրբեջանը 44-օրյա պատերազմում վերադարձրել է Հայաստանի կողմից օկուպացված 7 շրջանները, ակտիվորեն սկսեց քննարկվել սոցհարթակներում: Մոսկվան առաջին անգամ չէ նման ձեւակերպումներով հանդես գալիս: Ինչո՞ւ հենց այս փուլում հնչեց այդ հայտարարությունը, երբ, կարծես, հայ-ռուսական հարաբերություններում զգալի լարվածություն կա:
-Այս հարցի միանշանակ պատասխանը չունեմ: Ենթադրելի է, որ ռուսական կողմը պաշտոնական Երեւանի քաղաքական պահվածքի հետ կապված ինչ-ինչ դժգոհություններ ունի, որոնք էլ տարբեր ձեւերով հրապարակայնացնում է:
Երկկողմ հարաբերությունների սրման այս վերջին փուլի մեկնարկի առիթը եղավ, հավանաբար, Երեւանում կայացած ՀԱՊԿ համաժողովում ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը քաղաքական գնահատական տալու անդամ-պետությունների մերժումն ու, ի պատասխան դրան, պաշտոնական Երեւանի կողմից այս հարցին նվիրված փաստաթուղթը չստորագրելը: Դրանից օրեր անց սկվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակումը, որով պատանդառվեցին արցախցի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները: Պաշտոնական Երեւանը հրաժարվեց մասնակցել նաեւ Մոսկվայի հրավերով կազմակերպվելիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հադիպմանը:
Տեսնում ենք, որ երկկողմ հարաբերություններում ճգնաժամը գնալով սրվում է, իսկ արցախցի մեր հայրենակիցները դարձվել են իրավիճակի պատանդն ու տարաբնույթ զրկանքների են ենթարկվում:
-Ըստ Ձեզ՝ դեպի ո՞ւր են գնում հայ-ռուսական հարաբերություններն այս ընթացքի պարագայում: Ի՞նչ է շահում եւ կորցնում Հայաստանը ներկա իրավիճակում:
-Սա իշխող վերնախավերի միջեւ առերեւույթ առճակատման դրսեւորում է, որն, իմ կարծիքով, ունի նաեւ անձնավորված նրբերանգներ: Այս իրավիճակում տեսանելիորեն ավելացել է զուտ ֆիզիկական ճնշումը հատկապես Արցախի նկատմամբ, որը ՀՀ իշխանությունների համար կերպափոխվում է ներպետական լարվածության աճով զուգորդվող քաղաքական ճնշման:
-Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ադրբեջանն անդրդրվելի է միջազգային հանրության կոչերին ու հորդորներին, իսկ Հայաստանի քայլերն առայժմ շոշափելի գործնական արդյունք չեն տվել: Ունե՞ք կանխատեսելի սցենար, թե որքան երկար է տեւելու այդ հումանիտար ճգնաժամն Արցախում, ինչպե՞ս կամ ի՞նչ ուժերի միջնորդությամբ հնարավոր կդառնա ճանապարհի բացումը:
-Չեմ տիրապետում ՀՀ, ՌԴ իշխանությունների ու պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցող շփումների մանրամասներին, բովանդակությանը, ուստի այս շրջանակով իրավիճակի հանգուցալուծման իրատեսական տարբերակ այս պահին չունեմ: Այլ հարց է, որ տարածաշրջանում կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ, որոնք եւ խթան կդառնան նաեւ Արցախի շուրջ զարգացումների որակական փոփոխությունների համար:
-Պարոն Մելիքյան, օրեր առաջ սոցցանցի Ձեր էջում գրել եք, որ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքից կախված կլինի Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Սրանից էլ կախված կլինի, ըստ Ձեր գրառման, ալիեւյան կլանի ճակատագիրը: Ձեր խոսքով՝ Էրդողանի հեռացմամբ հնարավոր կդառնան նաեւ այլ կարեւորագույն զարգացումներ: Ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ եք փոքր-ինչ մանրամասնել:
-Այս հարցի հետ կապված այժմ լրացուցիչ դիտարկումներ հրապարակելն օգտակար չեմ համարում: Գրառման նպատակն այն էր, որ ցույց տրվի Իրանում տեղի ունեցող իրադարձությունների եւ Իրանի դեմ նախաձեռնվող գործողությունների արդյունքում առաջանալիք շղթայական ռեակցիայի կարեւորությունը: Կավելացնեմ միայն, որ հավանական այդ զարգացումները նաեւ Ռուսաստանի համար են ճակատագրական հետեւանքներ հարուցելու:
-Ձեր կարծիքով՝ տարածաշրջանում արդյոք նոր սրացումներ կտեսնենք առաջիկայում:
-Կարծում եմ, որ սրացումներ լինելու են, եւ անգամ մի քանի մասնակիցներով լայնածավալ պատերազմի հավանականությունն է բավականին բարձր: Տարածաշրջանն այժմ մոտենում է կոնֆլիկտայնության բարձրակետին եւ կմնա այդ վիճակում, թերեւս, 2-3 տարի:
Մեկնաբանել