HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենը կասկածելի օդապարիկի պատճառով հետաձգել է Չինաստան իր այցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Չինաստան այցն այն բանից հետո, երբ ԱՄՆ տարածքի վրա հայտնաբերվել է, Պենտագոնի կարծիքով, չինական հետախուզական օդապարիկ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Բլինքենը փետրվարի 5-6-ը Պեկինում պետք է հանդիպեր իր չինացի գործընկերոջ և, հավանաբար նաև, նախագահ Սի Ծինփինի հետ։

Վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում նկատվում էր լարվածության թուլացում, որի արդյունքում էլ պլանավորվում էր այս այցը։

Չինաստանը հայտարարել է, որ օդապարիկը կիրառվում է օդերևութաբանական ուսումնասիրությունների համար և շեղվել է իր երթուղուց՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ չինական կողմը ցավում է տեղի ունեցածի համար և կաշխատի Միացյալ Նահանգների հետ խնդրի լուծման ուղղությամբ։

Ուրբաթ օրը հանդես գալով լրագրողների առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ հիմա Չինաստան Բլինքենի այցի համար պայմանները պատշաճ չեն, բայց այցը կկայանա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել էր, որ Վաշինգտոնը պլանավորում է պահպանել պատահարի քննարկման համար կապի բաց գծերի հնարավորությանը։ 

Չնայած ամերիկացի պաշտոնյան ասել էր, որ ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել օդապարիկի նշանակության վերաբերյալ Չինաստանի հայտարարությունը, նրանք կիսում են Պենտագոնի գնահատակին, համաձայն որի չինական կողմն օդապարիկն օգտագործում է հետախուզական նպատակներով։ 

Associated Press-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է, որ Բլինքենի այցի հետաձգման որոշումն ընդունվել է անձամբ Բլինքենի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Լուսանկարը՝ Khaled Desouki/AFP/Getty Images

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter