HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Պուտինն իրեն խոստացել է չսպանել Զելենսկուն

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին փորձում էր միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության միջև բանակցություններում, կիսվել է երկու կողմերի հետ իր շփումների վերաբերյալ հիշողություններով։ Իսրայելական 12-րդ ալիքին տված հարցազրույցում նա պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո իրեն վստահեցրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ֆիզիկական հաշվեհարդար չի սպառնում։ 

Սա առաջին հարցազրույցն էր, որը Բենեթը տալիս է 2022 թվականի ամռանը քաղաքականությունից հեռանալուց հետո։ Շուրջ հինգ ժամ տված հարցազրույցի ժամանակ, որի մի հատվածը ցուցադրվել է հեռուստաընկերությամբ, իսկ ամբողջական տարբերակը տեղադրվել է Բենեթի յութուբյան ալիքում, Իսրայելի նախկին վարչապետն անդրադարձել է նաև Ուկրաինայի խնդրին։ Հիշելով 2022 թվականի մարտի 5-ին Մոսկվա կատարած իր այցը, որտեղ Կրեմլում նա հանդիպել էր Պուտինի հետ, Բենեթը պնդում է, որ նրանք այդ ժամանակ քննարկել են նաև Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը։

«Ես գիտեի, որ Զելենսկին վտանգի տակ է։ Նա թաքնվում էր ինչ-որ բունկերում, որի մասին ոչ ոք չգիտեր։ Բայց ինչ-որ մի պահի, հանդիպման մեկնարկից երեք-չորս ժամ անց, ես հարցնում եմ. «Ասեք ինձ, դուք չե՞ք պատրաստվում սպանել նրան։ Նա պատասխանում է։ «Ես չեմ սպանի Զելենսկուն»։ Եվ այդ ժամանակ ես նրան ասացի․ «Ես ուզում եմ հստակեցնել, դուք ինձ խոսք եք տալիս, որ չեք սպանի Զելենսկուն»։ Նա պատասխանեց․ «Ես չեմ սպանի Զելենսկուն»»,- լրագրողին պատմել է Բենեթը։

Կրեմլում կայացած հանդիպումից հետո, Իսրայելի նախկին վարչապետը օդանավակայան գնալու ճանապարհին զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և նրան վստահեցրել, որ իրեն որևէ վտանգ չի սպառնում։ Ինչպես նշում է Բենեթը, դրանից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահը «վերադառնում է իր գրասենյակ և իր գրասենյակից տեսանյութ տեսագրում, որտեղ պնդում է, որ ոչնչից չի վախենում»։

Իսրայելցի քաղաքական գործչի կարծիքով՝ այդ պահին Ռուսաստանի առաջնորդը մեծ զիջում արեց։ «Զելենսկին ևս շատ մեծ փոխզիջում արեց այդ շաբաթ օրը։ <...> Զելենսկին հրաժարվեց ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Դա մեծ փոխզիջում էր երկու կողմից էլ»,- կարծում է Իսրայելի նախկին վարչապետը։

Բենեթը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահը ներխուժումից հետո խնդրել էր իրեն դիմել ռուսական ղեկավարությանը։ «Զելենսկին զանգեց ինձ և խնդրեց կապ հաստատել Պուտինի հետ։ Իմ մոտ ամեն ինչ արձանագրված է։ <...> Նրա համար հեշտ չէ։ Մի մոռացեք, այդ պահին նա վստահ էր, որ իր օրերը հաշված են, որ իրեն պատրաստվում են ոչնչացնել»,- ասել է Նաֆթալի Բենեթը՝ հավելելով, որ իր բոլոր գործողությունները ամբողջությամբ համակարգված են եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ։

2022 թվականի մարտի 4-ին The Times պարբերականը գրել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա փորձել են հարձակվել երեք անգամ։ Պարբերականի տվյալներով՝ դրանք բոլորը ձախողվել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների շնորհիվ, որոնք դեմ են հանդես գալիս Ուկրաինայում պատերազմին։ The Times-ը գրում էր, որ Ուկրաինայի նախագահին սպանելու համար Կիև էր ուղարկվել երկու խումբ՝ «Վագներ»-ի վարձկանները և չեչենական հատուկ ջոկատը։ 

The Times-ը նշել էր, որ Զելենսկուն սպանելու իրենց փորձի ժամանակ վագներականները կորուստներ են կրել։ Պարբերականի աղբյուրը, որը մոտ էր կանգնած այդ խմբավորմանը, «անհավատալի» էր անվանել գործողության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի անվտանգության ծառայության իրազեկության մակարդակը։

2023 թվականի հունվարին էլ նշվում էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Զելենսկու նկատմամբ, ընդհանուր առմամբ, իրականացվել ավելի քան 12 մահափորձ, որոնց մի մասը կանխարգելվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության օգնությամբ։

Կոլաժը՝ Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter