
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գիշերը Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 912-ի, 5385 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Այսօր տեղի ժամանակով 04:17-ին տեղի ունեցած երկրաշարժը դարձել է 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից (խմբ. Երզնկա) հետո ամենախոշոր աղետը Թուրքիայի պատմության մեջ։ Ցավոք, 912 զոհ թիվը վերջնական չէ»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։
Basın Açıklaması | AFADhttps://t.co/19s8wKFmEY
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) February 6, 2023
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը կձեռնարկի բոլոր ջանքերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անդադար։ «Այսօր համախմբման և միասնության ժամանակն է Թուրքիայի 85 միլիոն բնակչից յուրաքանչյուրի համար»,- ասել է նա։
Էրդողանը Թուրքիայի բնակիչներին և աղետի գոտի օգնության շտապող կառույցներին կոչ է արել իրենց քայլերը համակարգել AFAD-ի հետ։ «Հակառակ դեպքում խառնաշփոթ կլինի, և աշխատանքի արդյունավետությունը կնվազի»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ Անկարային օգնության առաջարկ է արել արդեն 45 երկիր, այդ թվում ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնել Թուրքիային։
Լուսանկարը՝ karar.com-ից
Մեկնաբանել