HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպահայ լրագրող. «Հիվանդանոցներում տագնապ կա, որովհետեւ դեղորայքի պակաս էլ կա»

«Հալեպահայերս տակավին կգտնվինք վտանգի մեջ, ինչպես բոլոր քաղաքացիները»,- «Հետքի» հետ զրույցում ասում է հալեպահայ լրագրող, թարգմանիչ Հովիկ Շեհիրյանը: Փետրվարի 6-ի լույս գիշերը Սիրիան ու Թուրքիան ցնցած ուժեղ երկրաշարժը մեծ ավերածությունների ու զոհերի պատճառ է դարձել: Հովիկը բնակվում է Հալեպի Նոր գյուղ թաղամասում: Ասում է՝ կարծես, նույն պատկերն էր, ինչ որ Սիրիայի քաղաքացիական պատերազմից առաջ, երբ ահաբեկիչները պայթյուններ էին կազմակերպում բնակավայրերում:

«Հետքի» զրուցակիցը պատմում է, որ գիշերվա ցնցումից հետո իրենց շենքի բնակչներն իջել էին մայրուղի, որտեղ մնացել են մի քանի ժամ: Հովիկն ասում է՝ այնքան վախ ու տագնապ կար, որ ապրումները դժվար էր գիտակցելը. «Տեղացի դրացիներից մեկը ստիպված երեխան իմ գիրկը նետեց, ասաց՝ փոքրիկս թող ապրի, եւ դու պատասխանատու ես նրա համար»:

Շենքի բնակիչները միայն առավոտյան են վերադարձել իրենց բնակարանները՝ մտածելով, որ հետցնցումներն ավելի թույլ են լինելու, ու վտանգավոր ոչինչ չկա: Սակայն կեսօրին կրկին ուժգին ցնցում է եղել: Նորից դուրս են իջել ու այս անգամ հայկական դպրոցի բակում են հավաքվել (տես առաջին լուսանկարում): Հովիկն ասում է՝ մինչեւ հիմա հարյուրավոր մարդիկ՝ թե՛ հայեր, թե՛ սիրիացիներ, գտնվում են դպրոցի բակում ու դեռ չգիտեն, թե երբ կարող են վերադառնալ տներ: «Հետքի» զրուցակցի խոսքով՝ հավանաբար, բակում էլ կգիշերեն:

Հովիկենց շենքը չի փլուզվել: Նրա խոսքով՝ այն վնասվել է պատերազմի օրերին, բայց իրենց հարկաբաժինը կանգուն է:

Նկատում է, որ շատ մարդիկ դեռ փլատակների տակ են: Նրանք զանգահարում են, խնդրում, որ օգնեն իրենց: «Ինչո՞ւ չեն հանում նրանց փալատակներից տակից, որովհետեւ պատժամիջոցների պատճառով Սիրիան չունի անհրաժեշտ սարքավորումները, որ կարողանա քարերը հանել եւ մարդկանց դուրս բերել այնտեղից: Հիվանդանոցներում տագնապ կա, որովհետեւ դեղորայքի պակաս էլ կա»,- ասում է հալեպահայ լրագրողը:

Հալեպի Ազիզի թաղամասում երկու հայ է զոհվել՝ Միրնա Մինասյան-Թենեքեճյանն ու նրա որդին՝ Ալբերտ Թենեքեճյանը: Հովիկի փոխանցմամբ՝ ընտանիքի մյուս անդամները՝ հայրն ու դուստրը, հիվանդանոցում են: Հոր վիճակը ծանր է գնահատվում:

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ վիրավորները շատ են, եւ նրանց մեծ մասը Հալեպում են:

Հարցին, թե ինչ են ակնկալում սիրիահայերը Հայաստանից, Հովիկ Շեհիրյանը պատասխանում է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ հայտարարեց օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Ըստ նրա՝ իրենք ակնկալում են, որ այդ հայտարարությունն իրականություն կդառնա, եւ մարդասիրական օգնություն կտրամադրվի:

Լուսանկարները՝ Հովիկ Շեհիրյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter