HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրացական դատարանը մերժել է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլուն

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արևաձեն մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանների միջնորդության բավարարումը՝ նրա ազատ արձակման կամ քրեական պատիժը հետաձգելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Այսպիսով, Սաակաշվիլին փակի տակ կմնա Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում։

Կայացված որոշումը հարուցել է դատական նիստին ներկա եղածների և դատարանի բակում հավաքված անձանց դժգոհությունը։ Նրանցից մեկը բղավել է. «Ստրո՜ւկ, ստրո՜ւկ»։ «Ես այլ բան չէի էլ սպասում, որովհետև այն պայմաններում, որտեղ մենք ենք ապրում, այլ որոշում չէր էլ կարող լինել։ Այս իշխանությունների միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Դա այսօր իրականություն է։ Ողջ առաջադեմ մարդկությունն իմ որդու կողմն է»,- որոշման հրապարակումից հետո ասել է Սաակաշվիլու մայրը՝ Գիուլի Ալասանիան, որից մեկնաբանություն էին խնդրում լրագրողները։ 

Սաակաշվիլու մերձավորները պնդում են, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է՝ նշելով, որ չնայած նա գտնվում է բուժհաստատությունում, օր օրի նրա առողջական վիճակը վատթարանում է։ Որպես միակ լուծում, նրանք տեսնում են Վրաստանի նախկին նախագահին արտասահման բուժման ուղարկելը։ 

Սաակաշվիլու փաստաբանները դատարան միջնորդություն էին ներկայացրել դեկտեմբերի 1-ին։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին կամ հետաձգել պատիժը՝ հղում անելով նրա ծանր հիվանդություններին։

Սաակաշվիլու ծանր վիճակի և ախտորոշումների մասին խոսել են նաև դատարանում վկայություն տված միջազգային և վրացի մասնագետները, որոնք եզրակացություն էին պատրաստել և փաստաբանների դիմումի համաձայն, մասնակցում էին Սաակաշվիլու փորձաքննությանը։ 

Վրացական իշխանությունները նշում են, որ Սաակաշվիլին ժամանակին ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը, և վերջինիս մեղադրում սեփական առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու մեջ, որպեսզի «կարողանա խուսափել պատասխանատվությունից»։

Միխեիլ Սաակաշվիլին, որը հիմա ունի ուկրաինական, այլ ոչ վրացական քաղաքացիություն, ձերբակալվել էր 2021 թվականի աշնանը՝ Վրաստան վերադառնալուց հետո։ Այստեղ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որից երկուսով նա արդեն իսկ հասցրել էր, մինչև Վրաստան վերադառնալը, հեռակա դատապարտվել 6 տարի ազատազրկման։

Սաակաշվիլին իրեն անվանում է «Պուտինի բանտարկյալ» և կարծում, որ իրեն ներկայացված մեղադրանքներն ունեն քաղաքական մոտիվներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ փետրվարի 2-ին կոչ էր արել ազատ արձակել Սաակաշվիլուն։ «Հենց հիմա Ուկրաինայի քաղաքացի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դանդաղ սպանվում է»- գրել էր Զելենսկին՝ վրացական իշխանություններին կոչ անելով դադարեցնել այս ամենն ու ազատ արձակել Սաակաշվիլուն։

Կոլաժը՝ georgiatoday.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter