HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգել ևս 10 տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը, ինչը հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից դրա հետագա ընթացքը որոշելու համար: Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ․։  ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ իրականացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026թ.։ Նշված ծրագրի շրջանակներում, ըստ ՏԿԵՆ-ի ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։

Հաշվի առնելով արդեն իսկ  կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026թ.-ից մինչև 2036թ.-ը։

ՏԿԵՆ-ը ակնկալում է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter